Հա

Հասարակական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 09:20

94-ամեայ Սարգիս Թաթիկեան. «Իւրաքանչիւր տարիքում էլ պէտք է որեւէ կարեւոր բան անել»

Ոմանք արդէն 50 տարեկանում են սկսում մտածել թոշակի անցնելու մասին։ Սակայն ամերիկեան նաւատորմի վետերան 94-ամեայ Սարգիս Թաթիկեանը չի կիսում այդ տեսակէտը։

«alikonline.ir» - Ոմանք արդէն 50 տարեկանում են սկսում մտածել թոշակի անցնելու մասին։ Սակայն ամերիկեան նաւատորմի վետերան 94-ամեայ Սարգիս Թաթիկեանը չի կիսում այդ տեսակէտը։

Թաթիկեանը, որը ծագումով հայ է, վերջերս արժանացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարութեան մրցանակին՝ ռազմածովային նաւատորմում իր 75-ամեայ ծառայութեան համար։ Սարգիս Թաթիկեանը ԱՄՆ ՊՆ պատմութեան մէջ ամենաերկարամեայ ծառայողն է։

«Ես 19 տարեկանում եմ սկսել ծառայել ՌՕՈՒ Գլխաւոր վարչութիւնում որպէս քաղաքացիական ռադիոտեսուչ։ 1943-ի ապրիլին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ես ընդունւեցի ԱՄՆ ռազմածովային նաւատորմ ու դարձայ նաւաստի»,- պատմել է Սարգիս Թաթիկեանը «news.am»-ին տւած հարցազրոյցում։

Սարգիս Թաթիկեանի ընտանիքն ԱՄՆ է տեղափոխւել՝ Հայոց Ցեղասպանութիւնից փրկւելու համար։ «Հայրս կարողացել է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ ողջ մնալ ՝ փախչելով ԱՄՆ։ Նա 1919-ին բնակութիւն է հաստատել Նորֆոլքում, Վիրջինիա նահանգում ու աշխատանքի ընդունւել տեքստիլ արտադրամասում։ Մայրս ու նրա ընտանիքը սկզբում փախել էին Ֆրանսիա, մինչեւ ԱՄՆ տեղափոխւելը։ Հօրս ընկերը նրան հեռակայ ծանօթացրել էր մօրս հետ ու նրանց միջեւ նամակագրական կապ էր սկսւել, որից յետոյ մայրս տեղափոխւել է ԱՄՆ՝ հօրս մօտ։ Նրանք ամուսնացել են 1921-ին»,- պատմում է Սարգիսը։

Այն հարցին՝ արդեօք ինքը կամ իր ընտանիքի անդամներից որեւէ մէկը եղել են Հայաստանում ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը պատասխանում է, որ դրան խանգարել է Սառը պատերազմը։ «Խորհրդային միութեան ու ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմի պատճառով դժւար էր ստանալ վիզա ու Հայաստան մեկնել, երբ ես երիտասարդ էի»,- բացատրում է Թաթիկեանը։

75-ամեայ ծառայութեանը նւիրւած արարողութեան ժամանակ ԱՄՆ ՌԾՈՒ ծառայողը ստացել է շնորհաւորանքներ, պարգեւատրութիւններ ու շնորհակալական նամակներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, Սենատի զինւած ուժերի հարցերով յանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Մաքքէյնից, պնախարար Ջէյմզ Մաթիսից ու ՌԾՈՒ քարտուղար Ռիչարդ Սփենսերից։ 

1979-ի յունիսին Թաթիկեանը նշանակւել է ՌԾՈՒ փոքր ու արտօնեալ ձեռնարկութիւնների հետ կապերի վարչութեան փոխտնօրէն։ Նա շարունակում է աշխատել այդ նոյն վարչութիւնում, որտեղ հիմա զբաղեցնում է փոքր բիզնեսի ծրագրի գրասենեակի փոխտնօրէնի պաշտօնը։ Վարչութեան փորձագէտների գնահատականներով՝ այդ պաշտօնում Թաթիկեանի գործունէութեան ընթացքում փոքր ձեռնարկութիւնները 100 մլրդ դոլար ընդհանուր արժողութեան պայմանագրեր են ստացել։

Պատասխանելով այն հարցին, թէ ինչն է ամէնից հետաքրքիր համարում իր աշխատանքում, նա ասում է․ «Օգնելով մարդկանց, որոնք փոքր բիզնես ունեն, ես ասես զգում եմ իմ անձի կարեւորութիւնը։  Կարծում եմ, որ աշխատանքը կարեւոր է առողջութեան համար։ Ցանկացած տարիքում պէտք է անել որեւէ կարեւոր բան։ Մարդկանց պատճառ է պէտք, որպէսզի ամէն առաւօտ վեր կենան անկողնուց»։

Նշենք, որ Թաթիկեանը առայժմ թոշակի անցնելու մտադրութիւն չունի։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։