Ամերիկացի անւանի պրոդիւսեր Ջորջ Աւագեանը, որն աշխատել է այնպիսի հռչակաւոր ջազային կատարողների հետ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլզ Դեւիսը, Դիւք Էլինգթոնը, 98 տարեկանում հեռացել է կեանքից:
«alikonline.ir» - Ամերիկացի անւանի պրոդիւսեր Ջորջ Աւագեանը, որն աշխատել է այնպիսի հռչակաւոր ջազային կատարողների հետ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլզ Դեւիսը, Դիւք Էլինգթոնը, 98 տարեկանում հեռացել է կեանքից:
Ինչպէս յայտնում է «tert.am»-ը՝ հայազգի պրոդիւսերը մահացել է նոյեմբերի 22-ի առաւօտեան՝ Մանհետանի իր տանը: Մահւան լուրը հաստատել է նրա դուստրը՝ Անահիտ Աւագեանը:
Աւագեանը ծնւել էր 1919թ.՝ Ռուսաստանի Արմաւիր քաղաքում բնակւող հարուստ հայերի ընտանիքում: Տղայի ծնւելուց որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխւել է ԱՄՆ ու հաստատւել Նիւ Եօրքում, որտեղ էլ երիտասարդ Աւագեանը տարւել է ջազով:
«Այն ժամանակ ջազը դեռեւս նոր ուղղութիւն էր, սակայն Աւագեանը կանխազգացել է, որ այն դառնալու է հաւերժական արժէք»,- նկատում է պարբերականը:
Նշւում է նաեւ, որ Աւագեանը համարւում է ամերիկեան երաժշտական ինդուստրիայի ճարտարապետներից մէկը:
Հետաքրքրական է, որ անւանի պրոդիւսերի բազմաթիւ մրցանակների շարքում կայ ԽՍՀՄ բարձրագոյն պարգեւը՝ Լենինի անւան շքանշան, որը շնորհւել էր 1990 թւականին: Աւագեանի անունը անմահացւած է Ջազի փառքի պատին:
Յայտնի է, որ պրոդիւսերը հրաժարւել է երաժշտական գործունէութիւնից 1970-ական թւականներին ու վերջին տարիներին զբաղւում էր ձիերի բուծմամբ: Աւագեանն ամուսնացած էր ջութակահար Անահիտ Աճեմեանի հետ, որից ունի 3 երեխայ: