Հա

Հասարակական

02/12/2017 - 10:35

Սամանտա Փաւերը միանում է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաւերը միացել է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին: Դեսպան Փաւերը Ընտրող յանձնաժողովի միւս անդամների հետ, որոնք հեղինակաւոր հումանիտար գործիչներ են, մարդու իրաւունքների պաշտպաններ եւ պետութիւնների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Աւրորա» ամենամեայ մրցանակի դափնեկիրներին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաւերը միացել է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին: Դեսպան Փաւերը Ընտրող յանձնաժողովի միւս անդամների հետ, որոնք հեղինակաւոր հումանիտար գործիչներ են, մարդու իրաւունքների պաշտպաններ եւ պետութիւնների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Աւրորա» ամենամեայ մրցանակի դափնեկիրներին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«Մենք չափազանց ոգեւորւած ենք՝ ողջունելու դեսպան Փաւերին «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառութեամբ նա հիանալի գործունէութիւն է ծաւալել՝ աջակցելով զարգացող երկրներին եւ պաշտպանելով աշխարհում ամենակարիքաւոր մարդկանց շահերը»,- ասել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէեանը: «Հաշւի առնելով մարդու իրաւունքների ոլորտում նրա բացառիկ փորձն ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Աւրորա» մրցանակի թեկնածութիւնները եւ օգնելու է ուրւագծել «Աւրորա» մրցանակի ապագան»: 

Դեսպան Սամանտա Փաւերը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչը։ Որպէս նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ նա արտաքին քաղաքականութեան ոլորտում երկրի ամենայայտնի մասնագէտներից մէկն է դարձել: Մինչ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհրդում՝ որպէս նախագահի յատուկ օգնական եւ Բազմակողմ յարաբերութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի գլխաւոր տնօրէն: Նրա ուշադրութեան կենտրոնում են եղել բռնութիւնների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց եւ կանանց իրաւունքները, ինչպէս նաեւ կրօնական ազատութիւնների պաշտպանութիւնը: Փաւերը հեղինակել է «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանութեան դարաշրջանը» գիրքը, որն արժանացել է Պուլիցերեան մրցանակի: Հաշւի առնելով մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան բնագաւառում նրա ազդեցիկ գործունէութիւնը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկւելով «TIME» ամսագրի «100 ամենաազդեցիկ մարդիկ» եւ «Foreign Policy» ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անւանակարգերում: 

««Աւրորա» մրցանակը եւ դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարեւոր է յիշել անցեալի վայրագութիւնները, այլեւ մեզանից իւրաքանչիւրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կեանքը»,- նշել է դեսպան Փաւերը: «Ինձ համար մեծ պատիւ է լինել մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժւարութիւններ, օգնում են այլոց, եւ ունեն կամք կուտակելու եւ պահպանելու մարդկային բարութիւնը նոյնիսկ խիստ դժւարին պայմաններում»:

Նա միանում է «Աւրորա» մրցանակի ներկայիս Ընտրող յանձնաժողովին, որի կազմում ընդգրկւած են Նոբէլեան դափնեկիրներ Օսկար Արեասը, Շիրին Էբադին եւ Լէյմա Գբովէն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրաւունքների ակտիւիստ Հինա Ջիլանին, Աւստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրէն Գարէթ Էւանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլէոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութեան համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի տնօրէն Լորդ Արա Դարզին, Նիւ Եօրքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորեանը եւ օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Աւրորա» մրցանակը, որն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների, շնորհւելու է երրորդ անգամ: 2018 թ. «Աւրորա» մրցանակի համար կատարւել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017 թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող յանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը կը կազմակերպի նաեւ «Aurora Dialogues» քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնաւոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտութիւն» խորագրով Բեռլինի «Aurora Dialogues»-ը, որն «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնութեան, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ «Մերկատոր» հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենայ դեկտեմբեր 4-5-ը: Բանախօսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին եւ կը դիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխութիւններն առաջ մղելու գործում, ինչպէս նաեւ կը խօսեն զարգացման ծրագրերի եւ այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխութիւն բերել:

2018թ. «Աւրորա» մրցանակի յաւակնորդների անունները յայտնի կը դառնան 2018 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի օրը: Երրորդ ամենամեայ մրցանակը կը շնորհւի 2018 թ. յունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսաւոր արարողութեան ժամանակ: Մրցանակի դափնեկրին կը շնորհւի 100,000 դոլարի պարգեւ եւ հնարաւորութիւն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը յատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպութիւններին:

Յարակից լուրեր

  • Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»
    Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»

    Մեր պատմութեան մէջ ցեղասպանութիւն չկայ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի` ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր հռչակելու մասին յայտարարութեան մասին հարցին:

  • Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ
    Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ

    Անվտանգութեան Միւնիխի համաժողովի գլխաւոր նիստին Եգիպտոսի նախագահ Ապտէլ Ֆաթթահ էլ Սիսիի Թուրքիոյ եւ արբանեակներուն՝ իբրեւ ահաբեկչական կազմակերպութիւններու գործունէութիւնը չտեսնել ձեւացնող կամ քաջալերողներ թափանցիկ ակնարկին ամբողջացնող բաժինը եղաւ գաղթականութիւն յարուցող պետութիւններու քայքայման մասին խօսքին մէջ յիշատակումը հարիւր տարի ջարդերու հետեւանքով հայ գաղթականութեան:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի
    Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի

    Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցութիւնները եւ ժողովուրդներին պատրաստել խաղաղութեան։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ «Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղութեան կոչերին, Հայաստանը թոյլ չի տալիս երկու համայնքներին միջեւ երկխօսութիւն սկսել»։ Ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով այն նախապայմաններին, որոնց առկայութեամբ միայն հնարաւոր կը լինի այդ երկխօսութիւնը։ 

  • «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար
    «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար

    Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողութիւններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանութեան նախարար Սաւաս Անգելիդիսը Երեւանում փետրւարի 12-ին, Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։