Հա

Հասարակական

17/12/2017

Հայերը պայքարելու են տոլմայի համար․ ի՞նչ է Հայաստանը ներկայացնելու ԻՒՆԵՍԿՕ-ին

Հայաստանում ոչ միայն չեն կասկածում, որ տոլման հայկական ուտեստ է, այլեւ պատրաստւում են տոլմայի փառատօնն աւելի մեծ շուքով անցկացնել։ Նախատեսւում է միջոցառումներ կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում եւ այլ երկրներում։ 

«alikonline.ir»-  Հայաստանում ոչ միայն չեն կասկածում, որ տոլման հայկական ուտեստ է, այլեւ պատրաստւում են տոլմայի փառատօնն աւելի մեծ շուքով անցկացնել։ Նախատեսւում է միջոցառումներ կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում եւ այլ երկրներում։ Գրում է «Sputnik» Արմենիայի լրագրող Լաուրա Սարգսեանը:

Խոհանոցը վէճերի, առաւել եւս քաղաքական մարտերի դաշտ չէ, բայց Հայաստանը հարեւանի գործողութիւնների պատճառով ստիպւած մասնակցում է դրանց, կարծում է «Խոհարարական ավանդոյթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպութեան նախագահ Սեդրակ Մամուլեանը։

Դեկտեմբերի 6-ին հայկական աւանդական տոլման ԻՒՆԵՍԿՕ-ն որակեց ադրբեջանական կերակրատեսակ եւ ճանաչեց ոչ նիւթական մշակութային ժառանգութիւն։ Օրերս «Խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» կազմակերպութեան ներկայացուցիչները յայտարարութիւն են տարածել, որում կոչ են արել Հայաստանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին, ազգագրագէտներին ու հետաքրքրւած մարդկանց միաւորւել ու տոլման հայկական ուտեստ ճանաչելու պատասխան յայտ ներկայացնել ԻՒՆԵՍԿՕ-ին։

«Միասին մենք աւելի շուտ այդ հարցը կը լուծենք։ Այն, ինչ պատահեց ԻՒՆԵԿՕ-ում ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դէպքն է։ Հիմա մենք չենք պատրաստւում յարաբերութիւններ պարզել, այլ կոչ ենք անում բանակցութիւնների սեղանի շուրջ նստել»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Մամուլեանը։

Նրա խօսքով՝ Հայաստանում պէտք չէ ապացուցել, որ տոլման հայկական ուտեստ է։ Պարզաբանումը հէնց «տոլմա» բառի մէջ է, «տոլի»-ն հայերէն բառ է, նշանակում է խաղողի վազ։ Հնում մսի ծեծած կտորներն ու բլղուրը խաղողի վազի մէջ էին փաթաթում։ Տոլման մատուցում էին բոլոր տօներին, թերեւս ինչպէս եւ հիմա։

«Այսօր տոլմայի պատրաստման այդ ձեւը միայն Սիւնիքում է պահպանւել։ Այն ամենաճիշտն է, քանի որ մսաղացով անցած միսը կորցնում է իր կառուցւածքը»,- ասաց Մամուլեանը։

Զարմանալի չէ, որ Հայաստանում շատ հին ժամանակներից են տոլմա պատրաստում, քանի որ երկիրը յայտնի էր իր խաղողի այգիներով եւ համարւում է աշխարհի հնագոյն գինեգործութեան կենտրոններից մէկը։ Վայոց Ձորի Արենի գիւղի մօտակայքում յայտնաբերւել են աշխարհի ամենահին գինու գործարանները, որոնք վկայում են՝ այստեղ գինի են պատրաստել աւելի քան չորս հազար տարի առաջ։ Այդ պատճառով Մամուլեանը սխալ է համարում ԻՒՆԵՍԿՕ-ի այն որոշումը, որ տոլման ադրբեջանական ծագում ունի։

Միաժամանակ Մամուլեանի ղեկավարած հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչները մտադիր են ոչ միայն պայքարել մեր ժառանգութեան համար, այլ հայկական տոլմայի մեծ փառատօն անցկացնել աշխարհի միանգամից մի քանի երկրներում։

«ԻՒՆԵՍԿՕ-ի որոշումից յետոյ մեզ համար ոչ մի բան չի փոխւել։ Ինչպէս արդէն յայտնել ենք, մենք մտադիր ենք գարնանը փառատօն անցկացնել ու մայիսը հայկական տոլմայի ամիս հռչակել»,- ասաց Մամուլեանը։

Նրա խօսքով՝ փառատօներ կը կազմակերպւեն Վրաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Գերմանիայում ու մի շարք այլ երկրներում։ Հայաստանում արդէն բազմաթիւ անգամ նշել են, որ ԻՒՆԵՍԿՕ-ի որոշումը ոչ մի կերպ չի ազդի ազգային աւանդոյթների վրայ։ Երկրի խոհարարները շարունակելու են իրենց գործն ու աշխարհին են ներկայացնելու ազգային ուտեստները, այդ թւում՝ տոլման։ Տոլմայի աւելի քան 80 տեսակ կայ, որ աւելի քան հազար տարի առաջ պատրաստել են Հայաստանի տարբեր մարզերում։ Հայկական աղբիւրներում տոլմայի մասին առաջին յիշատակումը եղել է մեր թւարկութեան 5-րդ դարում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։