Հա

Հասարակական

Շաբաթ, 27 Յունւարի 2018 11:10

«Facebook»-ն արգելափակել է ադրբեջանցի խոհարարին տոլմայի պատճառով. Մամուլեանին «մարտի են հրաւիրում»

Ռուսական «NTV» ալիքի «Դաչնի օտւետ» ծրագրի խոհարարական խորագրի հաղորդավար Ստալիկ Խանկիշիեւը որոշել է խոհարարական մարտի հրաւիրել «Խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպութեան նախագահ Սեդրակ Մամուլեանին:

«alikonline.ir» - Օրերս «Facebook» սոցիալական կայքի ադմինիստրացիան 30 օրով արգելափակել է ադրբեջանական ծագում ունեցող  ռուսաստանցի խոհարար բլոգեր Ստալիկ Խանկիշիեւին։ Պատճառը սոցիալական կայքի մի խումբ օգտատէտերի դիմումն է եղել։ Նրանց զայրացրել է Խանկիշիեւի «Թուրքա-հայկական խոհանոցի որոշ հարցերը» յօդւածի դրոյթները։ Խանկիշիեւը վստահ է, որ Մամուլեանի ընկերները կապ ունեն նրա արգելափակման հետ։ Գրում է «Sputnik» Արմենիայի լրագրող Լաուրա Սարգսեանը:

«Ես ու իմ ընկերները զբաղւած ենք խոհարարութեամբ, ոչ թէ քաղաքականութեամբ։ Մենք նոյնիսկ սոցիալական կայքերում վիճաբանելու ժամանակ չունենք, այնպէս որ թող Խանկիշիեւն ուրիշ մեղաւորներ փնտրի։ Ես իմ հերթին դատապարտում եմ արգելափակման քաղաքականութիւնը։ Եթէ մարդ ասելու բան ունի` թող խօսի ու գրի»,- ասաց Մամուլեանը «Sputnik» Արմենիայի թղթակցին։

Նրա խօսքով` Խանկիշիևն իրեն տոլմայի ծագման վերաբերեալ վիճաբանութեան է հրաւիրել։ Մամուլեանը հրաժարւել է մի պարզ պատճառով. նա մտադիր չէ կասկածի տակ դնել հայկական խոհարարական ժառանգութիւնը, նոյնիսկ, եթէ դա ԻՒՆԵՍԿՕ-ն է ասում։

«Քամիների դէմ միայն Դոն Կիխոտն էր պայքարում։ Ադրբեջանում պէտք է հասկանան, որ չեն կարող մեզ հետ, մեր ներուժի, մեր պատմութեան հետ մրցել»,- ասաց Մամուլեանը։

Նա համոզւած է` Խանկիշեւի անհանգստութիւնը պայմանաւորւած է նրանով, որ վերջերս իր` Մամուլեանի ղեկավարած կազմակերպութեան շնորհիւ աշխարհում աւելի շատ են իմանում Հայաստանի խոհարարական ժառանգութեան մասին։

«Ես զբաղւում են խոհարարութեամբ, ոչ թէ քաղաքականութեամբ։ Խոհարարութիւնը ստիպում է զբաղւել գործով, այլ ոչ թէ դատարկ քննարկումներով։ Ինչի մասին կարող եմ խօսել մի մարդու հետ, որը իտալական ռիզոտտոն ուզբեկական է համարում»,- ասաց Մամուլեանը։

Հայ խոհարարն իրավիճակը ծիծաղելի է համարում, քանի որ Խանկիշիեւը փորձում է նոյնիսկ Ամերիկայի բացայայտման մէջ ադրբեջանական հետք տեսնել։ Մամուլեանը պատրաստ է պատասխանել ադրբեջանցու մարտահրաւէրին, եթէ այն դուրս չի գայ խոհարարական մարտի սահմաններից ու քաղաքականութեան չի վերածւի։ 

Մամուլեանն ու նրա թիմն այս տարի պատրաստւում են աշխարհի մի քանի երկրներում տոլմայի մեծ փառատօն կազմակերպել։ Փառատօնը տեղի կունենայ Վրաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Գերմանիայում ու մի շարք այլ երկրներում։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։