Հա

Հասարակական

03/02/2018 - 11:30

106-ամեակը չբոլորած՝ կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութեան վերջին ականատես-վերապրածներից Սիլվարդ Ատաջեանը

Կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութեան երեւանաբնակ եզակի ականատես-վերապրածներից մէկը՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջեանը: Մուսալեռցի կինն ընդամենը մի  քանի ամիս անց՝ ապրիլի 7-ին կը դառնար 106 տարեկան:

«alikonline.ir» - Կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութեան երեւանաբնակ եզակի ականատես-վերապրածներից մէկը՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջեանը: Մուսալեռցի կինն ընդամենը մի  քանի ամիս անց՝ ապրիլի 7-ին կը դառնար 106 տարեկան:

Նրա ընտանիքի անդամները Կիլիկեան Սուեդիայի շրջանի այն հայերի շարքում էին, ովքեր 1915 թւականին մասնակցել էին թուրքական ջարդարարների դէմ մղւած հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանութիւնները փորձել էին իրականացնել հայութեան տարհանման հրամանը, հայերը որոշել էին դիմադրութիւն ցոյց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ եւ կազմակերպել էին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ յաջողութեամբ յետ մղելով թուրքական զօրքերի յարձակումները:

«1915 թւականին քոյրս, մայրս եւ տատիկս բարձրացանք Մուսա լեռը: Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս եւ հօրեղբայրս զինւորներ էին: Հայրս կարգադրեց մօրս վերցնել մեզ եւ բարձրանալ լեռը»,- պատմել  էր տիկին Սիլվարդն «Արմէնպրես»-ին Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ իրականացւած «Ականատեսը» յատուկ նախագծի շրջանակում՝ 2013 թւականին:

2013 թւականից արդէն 5 տարի է անցել, բայց Հայոց Ցեղասպանութեան մասին նիւթեր պատրաստող մեր տեղի եւ արտերկրի գործընկերների հետ այս տարիներին բազմաթիւ առիթներ ենք ունեցել այցելելու տիկին Սիլվարդին: Նրա հետ անգամ մի քանի րոպէ շփւելու պարագայում, անհնար էր չսիրել նրան, չվարակւել նրա մարդկային ջերմութեամբ:

2015թ. փետրւարի սկզբին Սիլվարդ Ատաջեանը բաւականին բարդ վիրահատութեան ենթարկւեց, բայց նրան յաջողւեց ապաքինւել եւ ոտքի կանգնել, ապրել յոյսով եւ հաւատով: Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող ուժեղ, բազմաթիւ փորձութիւններ յաղթահարած այս կնոջ մեծ  ցանկութիւնն էր, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

«Արմէնպրես»-ի խմբագրութիւնն իր խորը ցաւակցութիւնն է յայտնում Ատաջեանների ընտանիքին, հարազատներին: Նա բոլորիս մեծ տատիկն էր՝ համամարդկային ցաւի 105-ամեայ կրողը...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։