Հա

Հասարակական

03/02/2018 - 12:00

«Ամերիկայի ձայն». «Ո՞ւմ է թողել իր կարողութիւնը Քըրք Քըրքորեանը»

Քըրք Քըրքորեանը եզակի մարդ էր: Բազմաթիւ հայերի այս համոզմունքն իրական բովանդակութեամբ է լցրել Վիլիամ Ռեմփէլը, ով գրել է Քըրքորեանին նւիրւած «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմութիւններ եզակի մարդու մասին: 

«alikonline.ir» - Քըրք Քըրքորեանը եզակի մարդ էր: Բազմաթիւ հայերի այս համոզմունքն իրական բովանդակութեամբ է լցրել Վիլիամ Ռեմփէլը, ով գրել է Քըրքորեանին նւիրւած «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմութիւններ եզակի մարդու մասին: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Նա խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն, նա նաեւ եզակի ազնւութեան տէր մարդ էր եւ ունէր այնպիսի վստահութիւն, որ իր խօսքը համարժէք էր գրաւոր պայմանագրի»,- ասում է Ռեմփէլը:

Հեղինակի խօսքով, Քըրքորեանը չէր վախենում ամէն ինչ կորցնել, որովհետեւ սկսել է իր վերելքը բացարձակ զրոյից: Նրա ծնողները սոսկ աղքատ չէին, նրանք մերթընդմերթ չէին կարողանում տուն վարձել եւ անտուն էին մնում: Մանկուց չունենալով ոչինչ՝ Քըրք Քըրքորեանը միշտ պատրաստ էր ռիսկի գնալ ապագայում, սակայն, դա այլ կարգի, վեհանձն ռիսկ էր.

«Նրա մտերիմները գիտէին՝ նա միշտ իր վրայ էր վերցնում ռիսկի բոլոր կորուստները, սակայն, միշտ կիսում էր եկամուտները միւսների հետ»:

Պատանի տարիներից Քըրք Քըրքորեանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, միաժամանակ աշխատելով որպէս կահոյքի բարձիչ, սակայն ընկերներից մէկի հետ ինքնաթիռով թռիչք կատարելուց յետոյ սիրահարւում է երկնքին եւ որոշում օդաչու դառնալ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորեանը վտանգաւոր պայմաններում բեռներ էր առաքում Բրիտանիա, իսկ պատերազմից յետոյ փոքր ինքնաթիռ վարձակալում եւ ընկերութիւն հիմնադրում: Ընկերութեան եկամուտներից ստացւած գումարով նա որոշում է կառուցել հիւրանոց ու կազինո Լաս Վեգասում, որտեղից էլ սկսւում է նրա ֆինանսական կայսրութեան աճը: Քըրք Քըրքորեանի համար, սակայն, գումար աշխատելն ինքնանպատակ չէր այլ ընդամենը՝ նւիրատւութիւն կատարելու միջոց.

«Քըրքի նպատակն էր գումար վաստակել, որպէսզի բաժանի այդ գումարը: Կայ մի պատմութիւն. Երբ նրա մենեջերը ցոյց է տւել, թէ որքան գումար են նրանք վաստակելու Քրայսլէր ընկերութեան բաժնետոմսերի վաճառքից, Քըրքը նայեց եւ ասաց ընդամենը մէկ բան. «Հրաշալի է, բարեգործական ընկերութիւնների դուրը կը գայ»:

Բարեգործութիւն անելիս՝ Քըրք Քըրքորեանը միշտ ցանկացել է մնալ գաղտնի.

«Նա նոյնիսկ չէր ցանկանում, որ մարդիկ շնորհակալութիւն յայտնեն իրեն: Թոյլ չէր տալիս, որ իր պատւին որեւէ փողոց կամ պուրակ անւանակոչեն»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի խօսքով, թէեւ Քըրքորեանի պահանջն էր, որպէսզի իր պատւին ոչինչ չանւանակոչեն, նրա գործերը կը մնան հաւերժ: Դրանից բացի, նա, այնուամենայնիւ, համաձայնել է ընդունել Հայաստանի բարձրագոյն պարգեւը՝ ազգային հերոսի կոչումը.

«Իւրաքանչիւր դպրոցական հասակի երեխայ արդէն 2-3 դասարանում սովորում է մեր հերոսների անունները, որոնցից մէկն էլ՝ Վիկտոր Համբարձումեանի, Վազգէն Վեհափառի, մեր Արցախեան պատերազմի հերոսների հետ մէկտեղ Քըրք Քըրքորեանի անունն է»:

Անդրադառնալով Քըրքորեանի 2.5-3 միլիարդ դոլարի հասնող ժառանգութեանը՝ Վիլիամ Ռեմփէլն ասում է, որ այն ամբողջութեամբ փոխանցւել է բարեգործական նպատակների, իսկ թէ որ կազմակերպութիւններին կը փոխանցւեն գումարները, որոշելու է Քըրքորեանի կողմից կազմւած կոմիտէն, որի կազմում են ամերիկահայ բժիշկ Էրիկ Էսրայէլեանը, ինչպէս նաեւ Քըրքորեանի նախկին իրաւաբանն ու հաշւապահը.

«Նա որոշել է միայն, որ ամբողջ գումարը պէտք է բարեգործութեան ուղղւի, իսկ թէ որ բարեգործական նպատակներով կուղղւի գումարը՝ Քըրքորեանը թողել է այդ հարցի որոշումը իր հաշւապահին, իր նախկին իրաւաբանին եւ Էսրայէլեանին: Իր կտակում Քըրքը նշել է, որ որոշումը պէտք է շուտ կայացւի: Խօսքը մի քանի տարւայ մասին է, այնպէս որ, կարծում եմ, մինչեւ յաջորդ տարի ամէն ինչ պարզ կը լինի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։