Հա

Հասարակական

05/02/2018

Ապագայի ատոմային էներգետիկայի հայ «կնքահայրը», կամ Մենդելեեւի քիմիական աղիւսակում յայտնւածը

Յաճախ չէ, որ գիտնականին, միջուկային ֆիզիկոսին բախտ է վիճակւում Մենդելեեւի չորս ծանր տարրի բացայայտման համահեղինակ դառնալ։ Աւելի հազւադէպ է լինում, որ այդ տարրերից մէկը դեռ գիտնականի կեանքի օրօք նրա անունով կոչւի։ Պատմութեան մէջ երկու մարդ են այդ պատւին արժանացել՝ Գլէնն Սիբորգը ու Իւրի Յովհաննիսեանը։

«alikonline.ir» - Յաճախ չէ, որ գիտնականին, միջուկային ֆիզիկոսին բախտ է վիճակւում Մենդելեեւի չորս ծանր տարրի բացայայտման համահեղինակ դառնալ։ Աւելի հազւադէպ է լինում, որ այդ տարրերից մէկը դեռ գիտնականի կեանքի օրօք նրա անունով կոչւի։ Պատմութեան մէջ երկու մարդ են այդ պատւին արժանացել՝ Գլէնն Սիբորգը ու Իւրի Յովհաննիսեանը։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

«Օգանէսոն» կամ «Og» նշան. պարբերական աղիւսակի 118-րդ վանդակը հիմա այսպիսի տեսք ունի։ Սկզբում նախատեսւում էր տարրն անւանել «օգանէսի», սակայն ընտրւեց «օն» վերջածանցը, քանի որ նոր տարրը նման էր իներտ գազերին, իսկ դրանք կոչւում են «արգոն», «նէոն» եւ այլն։

118-րդ համարից յետոյ աղիւսակը չդադարեց համալերւել, թէեւ ամէն անգամ աւելի դժւար էր բացայայտումներ անել։ Բանն այն է, որ 100-ից աւելի համար ունեցող տարրերի իզոտոպները միլիվայրկեանից աւելի չեն ապրում, ու հիմք կայ ենթադրելու, որ դա բնութեան օրէնք է. որքան մեծ է տարրի համարն, այնքան աւելի կարճ է նրա կեանքը։

Պատկերացնում եմ՝ ինչպիսի դէմք են ընդունում վերջին պարբերութիւնը կարդացող գիտնականները. շատ լաւ գիտակցում եմ, որ ներկայացրածս բացատրութիւնը «մանկական» է, բայց ինձ՝ սկսնակիս, այդպէս գոնէ հասկանալի է, իմաստն էլ ճիշտ է փոխանցւած։

Սակայն անցնենք Իւրի Յովհաննիսեանին։ Դուբնայի յայտնի Միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտը, որը որոշ ժամանակ ղեկավարում էր ակադեմիկոս Ալեքսէյ Սիսակեանը, աշխարհով մէկ յայտնի դարձաւ իր հետազօտութիւններով ու յայտնագործութիւններով։ Ինստիտուտում Սիսակեանի հետ ուս ուսի աշխատում էր նաեւ Իւրի Յովհաննիսեանը։

Ակադեմիոկս Յովհաննիսեանը, որը Գ. Ն. Ֆլիւմրովի անւան Միջուկային Հետազօտութիւնների լաբորատորիայի ղեկավարն էր, ընդգծում էր, որ նոր բացայայտած տարրերի կիրառական նշանակութեան մասին խօսք անգամ չի կարող լինել՝ դա իսկական ֆունդամենտալ գիտութիւն է։ Սակայն առանց դրա ոչ մի կիրառական մշակում չի կարող լինել։

Իսկ այն ժամանակը, երբ սկսեցին յաջողութեամբ աւարտւած հետազօտութիւնները՝ 2000-ականների սկիզբը, Յովհաննիսեանի խօսքով, տեսական գիտութեան համար տրամադրող չէին։ Աշխատավարձներն էին ուշացնում, էլեկտրաէներգիայի օգտագործման սահմանափակումներ էին դրւում եւ այլ տեսակի ճնշումներ էին կիրառում։ Այն ժամանակ գիտնականները որոշել էին զգալիօրէն կրճատել ուսումնասիրութիւնների դաշտը, ընտրել մէկ կարեւոր խնդիր ու բոլոր ուժերն ուղղել դրա լուծմանը։ Ժամանակը ցոյց էր տւել, որ միայն այդպիսի ռազմավարութիւնը կարող է յաջողութեամբ աւարտւել գիտութեան համար այդ բարդ ժամանակաշրջանում։

Երբ ամէն ինչ ստացւեց, գիտնականների հաւատը չէր գալիս։ Յետոյ՝ 2007-ին, նոր փորձեր անցկացւեցին, նոր բարդ պայմաններ էին առաջացնում, որպէսզի, եթէ իրենք իրենց հերքեն, ապա անեն դա զգալիօրէն, կոպիտ ու ակնառու։ Ու կրկին ստացւեց։ Հիմա հաւատացին, տարիներով մշակում էին ամէն ինչ այնպէս, որ յայտնագործութիւնն ըստ բոլոր կանոնների ներկայացնեն։ Իսկ ճանաչումը։ Ծափահարութիւնները, մրցանակները, պարգեւներն ու կոչումները յետոյ եղան։ Եւ մի՞թէ կարող է մրցանակը ստանալու ուրախութիւնը համեմատւել նոր գիտական յայտնագործութիւն անելու հետ։

Նաեւ՝ Իւրի Յովհաննիսեանի նման գիտնականները մրցանակների համար չեն աշխատում։ Եթէ մրցանակների ու կոչումների համար աշխատէին, յայտնագործութիւններ ընդհանրապէս չէին լինի։

Հարցազրոյցներից մէկում Յովհաննիսեանը պարզաբանել է՝ «Գիտութիւնը որպէս այդպիսին եղել է, կայ ու կը լինի։ Դրա հիմքում մարդու էութեան հիմնական գծերից մէկն է՝ հետաքրքրասիրութիւնը, որը միշտ ստիպել է մարդկանց հետաքրքրւել՝ ինչպէս է կառուցւած շրջապատող աշխարհը։ Դրա համար գիտութիւնը կենդանի սկիզբ ունի։ Յիշենք միջին դարերը. ժանտախտներ, պատերազմներ, ինկվիզիցիա, տարատեսակ աղէտներ։ Բայց յիշենք նաեւ համալսարանները, որոնք մեզ են հասցրել գիտութեան հիմունքները։ Մարդիկ ընդունակ են լինելու գիտութեամբ զբաղւել՝ չնայած կեանքի դժւարութիւններին։

Թէեւ տարբեր դարաշրջաններում տարբեր է եղել։ Օրինակ` ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ գիտութիւնը ծաղկունք էր ապրում հէնց ինկվիզիցիայի ժամանակ, երբ մարդկանց վառում էին իրենց գիտական գաղափարների համար»։

Իւրի Յովհաննիսեանի պարգեւներն անհամար են՝ խորհրդային, հայկական, ռուսական։ Հեղինակաւոր միջազգային մրցանակներ, ԽՍՀՄ ու Ռուսաստանի պետական մրցանակներ, մեդալներ, գիտական կոչումներ։ Միայն թէ համոզւած եմ, որ նրա համար իր կեանքի ամենամեծ պարգեւն այն տարրն էր՝ «օգանէսոնը»։

Միջազգային էներգետիկ մրցանակաբաշխութեան մամուլի ծառայութեան զեկոյցում ակադեմիկոսի մասին ասւում էր․«ՌԳԱ ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանը Մենդելեեւի աղիւսակում մի շարք նոր գերծանր տարրեր է բացայայտել։ Հետագայում այդ տարրերի հիման վրայ կարող է սկզբունքային նոր ատոմային էներգետիկա կառուցւել, որը չի լինի այդքան վտանգաւոր, որքան աւանդականը, այդ քանակութեամբ վտանգաւոր թափօն չի ունենայ։ Հնարաւոր է՝ այդպիսով լուծւեն մոլորակի էներգետիկ խնդիրները»։

Դա համաշխարհային գիտութեան մէջ յատուկ վաստակի նշան է, որին արժանանում են ոչ թէ շքանշանների հետեւից ընկնողները, այլ նրանք, ում համար կեանքն ու գիտութիւնը նոյն բանն է։ Գիտնականները կը հասկանան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։