Հա

Հասարակական

07/03/2018

Նստակեաց կենսակերպը կարող է ուռուցքների 9 տեսակ առաջացնել

Գիտնականները նստակեաց կենսակերպը կապել են քաղցկեղի եւս 9 տեսակի  հետ: Վատ նորութիւնն այն է, որ հեռուստացոյցի կամ համակարգչի առջեւ մէկ ժամից աւելի նստելը բաւական է քաղցկեղի զարգացման հաւանականութեան մեծացման համար: 

«alikonline.ir» - Գիտնականները նստակեաց կենսակերպը կապել են քաղցկեղի եւս 9 տեսակի  հետ: Վատ նորութիւնն այն է, որ հեռուստացոյցի կամ համակարգչի առջեւ մէկ ժամից աւելի նստելը բաւական է քաղցկեղի զարգացման հաւանականութեան մեծացման համար: Այս մասին գրում է «news.am»-ը:

Գիտնականների խօսքով՝ հեռուստացոյցի կամ համակարգչի առջեւ երկար ժամանակ նստելը կարող է առաջացնել ոչ միայի սրտային հիւանդութիւններ, այլեւ քաղցկեղի մի քանի տարատեսակներ: Նախկինում գիտնականները պարզել էին, որ նստակեաց կենսակերպը մեծացնում է կրծքագեղձի եւ աղիների ուռուցքների վտանգը, իսկ հիմա ԱՄՆ Ուռուցքաբանութեան ազգային ինստիտուտի համաճարակաբանների նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ երկար նստելու սովորութիւնը մեծացնում է նաեւ քաղցկեղի 9 այլ տարատեսակների առաջացման հաւանականութիւնը՝ ներառեալ թոքերի, պարանոցի եւ գլխի ուռուցքների: Սա այնքան էլ հաճելի նորութիւն չէ այն մարդկանց համար, ովքեր սիրում են ձմեռային ցուրտ օրերին հեռուստացոյցի առջեւ նստել: Սակայն գիտնականները նշում են, որ բացասական միտումը կարելի է փոխել սովորական կենսակերպում հասարակ փոփոխութիւնների հաշւին: Օրինակ՝ պէտք է ոտքի կանգնել գոնէ ժամը մէկ անգամ, յաճախ զբաղւել տնային գործերի կատարմամբ եւ պարբերաբար փողոց դուրս գալ ոտքով զբօսնելու:

Յիշեցնենք, որ գիտականօրէն ապացուցւել է նստակեաց կենսակերպի յստակ կապը սրտի հիւանդութիւնների, կաթւածների, 2-րդ տիպի դիաբետի, հիպերտոնիայի, ուղեղի եւ թոքերի հիւանդութիւնների, երկու օրգանների ուռուցքների, ինչպէս նաեւ ընկնելու հետեւանքով վաղաժամ մահւան հետ: Եթէ մարդիկ ֆիզիկական ծանրաբեռնւածութեանը շաբաթական յատկացնում են գոնէ 7.5 ժամ, ապա մահացութեան հաւանականութիւնը 20 տոկոսով նւազում է: Ի դէպ, փորձագէտները յամառօրէն խորհուրդ են տալիս այս ցուցանիշները մեծացնել եւ աւելի յաճախ շարժւել՝ աւելի երկար ապրելու համար:

Տւեալ հետազօտութիւնը ցոյց է տւել նաեւ ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնների վերին նշաձողը: Պարզւել է, որ եթէ մարդը ֆիզիկական ծանրաբեռնւածութեանը շաբաթական 25 ժամ կամ օրական 3.5 ժամ է յատկացնում, ապա նոյնպիսի արդիւնք է ստանում, ինչպիսին կը լիներ, եթէ նման ծանրաբեռնւածութեան համար 75 ժամ ծախսէր: Իսկ մարաթոնների երկրպագուները սպորտին հէնց այդքան ժամանակ են յատկացնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։