D վիտամինի նորմալ մակարդակը կարող է սիրտ-անօթային հիւանդութիւններով մարդկանց շրջանում 30 տոկոսով նւազեցնել վաղաժամ մահւան հաւանականութիւնը:
«alikonline.ir» - D վիտամինի նորմալ մակարդակը կարող է սիրտ-անօթային հիւանդութիւններով մարդկանց շրջանում 30 տոկոսով նւազեցնել վաղաժամ մահւան հաւանականութիւնը: Այս մասին յայտնում են «University of Bergen»-ի (Նորւեգիա) գիտնականները: Գրում է «news.am»-ը:
Գիտնականների խօսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ բաւական դժւար է իւրաքանչիւր կոնկրետ հիւանդի համար այս վիտամինի չափաքանակի ճշգրիտ հաշւարկումը: Ինչպէս D վիտամինի դեֆիցիտը, այնպէս էլ չափից աւելի մեծ քանակութիւնը կարող են օրգանիզմի աշխատանքի տարբեր խանգարումներ առաջացնել: Գիտնականները շեշտում են, որ յատկապէս այս պատճառով D վիտամինը պէտք է նշանակի միայն բժիշկը:
ԱՄՆ Ոսկրային հիւանդութիւնների բժշկութեան քոլեջի աշխատակիցներն, իրենց հերթին, յանգել են այն եզրակացութեան, որ D վիտամինի ընդունումը չպէտք է առանձնացւած լինի. դրա իւրացումը առողջութեան համար բարենպաստ կը լինի միան այն պարագայում, եթէ օրգանիզմը ստանայ նաեւ բաւարար քանակութեամբ մագնիում:
Մագնիում լիարժէք չստանալը ժամանակակից մարդկանց մեծամասնութեան խնդիրն է, քանի որ այն զարգանում է վերամշակւած սնունդի չարաշահման ֆոնին: Մագնիումի լաւագոյն աղբիւրներ են համարւում նուշը, բանանը, հատիկաւորները, շագանակագոյն բրինձը, ձկան իւղը, դդմի սերմերը, քունջութը եւ արեւածաղիկը, կաթը եւ այլն: Բնակչութեան սննդակարգում յատկապէս այս բնական եւ չմշակւած սննդամթերքներն են չափից աւելի պակասում:
Գիտնականների խօսքով՝ մագնիումի բաւարար քանակութիւնը նւազեցնում է D վիտամինի դեֆիցիտի հաւանականութիւնը: D վիտամին ընդունելու հետ կալցիումի եւ ֆոսֆատի մակարդակի բարձրացումը եւ մագնիումի պակասը կարող են բերել անօթային կալցինացման, նախազգուշացնում են փորձագէտները:
Կալցինացիան վտանգաւոր պաթոլոգիական պրոցես է, որը զարգանում է անօթների պատերին կալցիումի նստւածքի հետեւանքով: Արդիւնքում անօթային հիւսւածքը կորցնում է իր առաձգականութիւնը, ինչը լրջօրէն մեծացնում է նոյնիսկ աննշան գործօնների ազդեցութիւններից անօթների վնասման հաւանականութիւնը:
Օրգանիզմում D վիտամինի դեֆիցիտը կարող է կենտրոնական նեարդային համակարգի դիսֆունկցիա, դեպրեսիա եւ նեւրոզներ առաջացնել, ինչպէս նաեւ ֆերտիլութեան հետ կապւած խնդիրներ, աւելորդ քաշի եւ դիաբետի հաւանականութեան մեծացում, վարակման ենթակայութիւն: