Հա

Հասարակական

14/03/2018

Մահացել է Ստիւէն Հոքինգը

76 տարեկան հասակում, այսօր՝ վաղ առաւօտեան մահացել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանութեան կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Ստիւէն Հոքինգը:

«alikonline.ir» - 76 տարեկան հասակում, այսօր՝ վաղ առաւօտեան մահացել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանութեան կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Ստիւէն Հոքինգը: Տեղեկացնում է «BBC»-ն:

Այս կապակցութեամբ յատուկ յայտարարութեամբ են հանդէս եկել նրա երեք զաւակները՝ նշելով, որ ցաւում են իրենց սիրելի հօր մահւան կապակցութեամբ:

«Նա ինչ-որ առիթով նշել էր, թէ տիեզերքը չի ունենայ որեւէ արժէք, եթէ այն չդառնայ այն անձանց տունը, որոնց դու սիրում ես: Նրա բացակայութիւնը միշտ զգալու ենք»,- ասել են նրա զաւակները:

Ստիւէն Հոքինգը ծնւել է 1942 թւականին Օքսֆորդում: Նա տառապում էր հազւագիւտ հիւանդութեամբ ALS (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը տասնամեակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալոյծ դարձրեց:

Հոքինգը մի շարք դժւարութիւնների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարւայ ընթացքում. նա մի քանի անգամ ընկել է աստիճաններից եւ քայլելիս։ Շուտով բժշկական հետազօտութիւններ են սկսում։ Շարժողական նէյրոնների հիւանդութեան ախտորոշումը տալիս են այն ժամանակ, երբ Հոքինգը դեռ ընդամենը 21 տարեկան էր (1963 թւական)։ Այդ ժամանակ բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի։ 

Ցուցաբերելով, սակայն, բացառիկ կամքի ուժ, նա շարունակում է սովորել եւ աշխատել՝ դառնալով իր դարաշրջանի մեծագոյն ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբաններից մէկը:

Հոքինգը կարծում էր, որ կեանքը Երկրի վրայ վտանգւած է յանկարծակի սկսւող միջուկային պատերազմի, գէնետիկօրէն ստեղծւած վիրուսների եւ այլ անյայտ վտանգների պատճառով, որոնց մասին մենք դեռ չենք էլ մտածել։

Հոքինգը կարծում էր, որ տիեզերքի գաղութացումը անհրաժեշտ է մարդկութեան ապագայի համար: Նա նաեւ պնդում էր, որ այլմոլորակայինները հաւանաբար գոյութիւն ունեն, բայց պէտք է խուսափել նրանց հետ կապ հաստատելուց:

Ըստ նրա՝ արհեստական մտածողութիւնը կարող է վճռական լինել մարդկութեան ճակատագրի որոշման համար։ Նա նաեւ պնդում էր, որ «պոտենցիալ առաւելութիւնները շատ են... Արհեստական մտածողութիւն ստեղծելու յաջողութիւնը կը լինի ամենամեծ դէպքը մարդկային պատմութեան մէջ։ Սակայն այն կարող է լինել նաեւ վերջինը, եթէ, իհարկէ, մենք չսովորենք ինչպէս խուսափել ռիսկերից»:

Կենսագրականը՝ ըստ «Wikipedia» առցանց հանրագիտարանի հայերէն բաժնի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։