Հա

Հասարակական

04/04/2018 - 12:00

Յարութ Շիթիլեանը կը դառնայ «Աւրորա»-ի յաջորդ գործադիր տնօրէնը

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրները յայտնում են, որ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան յաջորդ գործադիր տնօրէնն է լինելու կանադահայ Յարութ Շիթիլեանը։ Պաշտօնավարման շրջանը նա կը սկսի յուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլաւեանին, որը զբաղեցրել է այդ պաշտօնը այս բացառիկ նախաձեռնութեան սկզբնաւորման օրից։

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրները յայտնում են, որ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան յաջորդ գործադիր տնօրէնն է լինելու կանադահայ Յարութ Շիթիլեանը։ Պաշտօնավարման շրջանը նա կը սկսի յուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլաւեանին, որը զբաղեցրել է այդ պաշտօնը այս բացառիկ նախաձեռնութեան սկզբնաւորման օրից։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

««Աւրորա»-ն ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածւել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնութեան դռները բաց են եղել բոլոր նրանց առջեւ, որոնք ունեն գլոբալ մտածողութիւն։ Հաւատարիմ այդ ոգուն՝ մենք ողջունում ենք նաեւ Յարութ Շիթիլեանին իր նոր պաշտօնում։ Նա գալիս է միանալու գործին այնպիսի մի ժամանակահատւածում, երբ «Աւրորա»-ն կրկին աճում է՝ իրականացնելով մի շարք կրթական եւ զարգացման ծրագրեր՝ մեկտեղելով այն իր հիմնական՝ մարդասիրական ուղղութեան հետ»,- ասել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը, որն իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին Հայաստանում եւ աշխարհում իրականացնում է բարեգործական, կրթական եւ զարգացման բազմաթիւ ծրագրեր:

«Ողջունելով «Աւրորա»-ի յաջորդ գործադիր տնօրէնին՝ արժէ յիշել եւ յիշեցնել, որ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը պարզապէս հերթական մի ներկայութիւն չէ հայկական աշխարհում կամ մարդասիրական ոլորտում, այլ ինքնին նոր բնոյթի ձեռնարկում, հասարակական կազմակերպութիւն՝ ստեղծւած նոր ոգով եւ նոր տեսլականով։ «Աւրորա»-ն հիմնադրւել է երեք տարի առաջ՝ դառնալով մեր ամենահաւակնոտ նպատակների արտայայտութիւնը, քանի որ մենք ցանկանում էինք ոչ միայն երախտագիտութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր մէկ դար առաջ փրկութեան ձեռք են մեկնել հայ ժողովրդին, այլեւ անել դա՝ աջակցելով նրանց, ովքեր այսօր իրենց կեանքը նւիրում են վտանգի մէջ յայտնւած մարդկանց փրկութեանը»,- մեկնաբանել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Վարդան Գրեգորեանը։

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէեանը ասել է. ««Աւրորա» նախաձեռնութիւնը մեզնից պահանջում է կարողանալ գործել առաւելագոյն ազդեցութեամբ, որպէսզի հնարաւոր լինի արձագանգել մերօրեայ հրատապ հիմնախնդիրների մի մասին։ Արմատաւորւած լինելով Ցեղասպանութիւն վերապրած հայ ժողովրդի պատմական փորձառութեան մէջ՝ «Աւրորա»-ն մարմնաւորում է բազմաթիւ տասնամեակներ առաջ մեզ օգնութեան ձեռք մեկնածներին յիշելու եւ երախտագիտութիւն յայտնելու գաղափարը»։

37-ամեայ Յարութ Շիթիլեանը, որը եղել է Մոնրէալի քաղաքապետարանի գործադիր կոմիտէի փոխնախագահը եւ Քաղաքային խորհրդի նախագահը, մասնագիտութեամբ ճարտարագէտ է. ««Աւրորա»-ն ինձ համար անչափ գրաւիչ է՝ իր համակարգւած պլանաւորմամբ եւ ստեղծագործ բնոյթով։ Կառավարման ոլորտում աշխատելիս գրեթէ բոլոր քայլերում ես կիրառել եմ այդ նոյն մօտեցումը։ Ես տպաւորւած եմ նաեւ այսքան կարճ ժամանակահատւածում «Աւրորա»-ի ունեցած նւաճումներով»,- ասել է Շիթիլեանը։ «Անչափ ոգեւորւած եմ եւ այս առիթը համարում եմ ե՛ւ ինձ, ե՛ւ համահիմնադիրների համար հրաշալի հնարաւորութիւն՝ միասնաբար լծւելու գործի եւ «Աւրորա»-ի առաքելութիւնը հասցնելու յաջորդ մակարդակին՝ դարձնելով այն կայուն ու յաջողակ եւ որպէս առաջնահերթութիւն պահելով երախտագիտութեան արտայայտման եւ օգնութեան կարիք ունեցող մարդկանց աղէտալի դրութեանն արձագանգելը»։

Շիթիլեանը տիրապետում է հինգ լեզւի՝ հայերէնի, ֆրանսերէնի, անգլերէնի, արաբերէնի եւ իսպաներէնի։ Կանադայում ձեռք բերած աշխատանքային փորձից բացի նա աշխատել է նաեւ Լատինական Ամերիկայում, Չինաստանում, Սկանդինաւիայում, Արեւմտեան Եւրոպայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում։

««Աւրորա»-ն ղեկավարելը միաժամանակ ե՛ւ պատիւ է, ե՛ւ հսկայական պատասխանատււթիւն»,- ասել է Արման Ջիլաւեանը, որը զբաղեցնում է այդ պաշտօնը 2015 թւականից։ «Ես մեծ ոգեւորութեամբ եմ սպասում Յարութի հետ աշխատելուն, որպէսզի մենք երաշխաւորենք, որ «Աւրորա»-ի առաքելութիւնը աշխարհով մէկ շարունակի համախմբել բոլոր այն մարդկանց, որոնք նւիրւած են համընդհանուր մարդկայնութեան ոգուն եւ աշխարհին ինչ-որ բան վերադարձնելու գաղափարին։ Սա «Երախտագիտութիւնն՝ ի գործ» մեր նշանաբանն է, որը միշտ շարունակական է լինելու։ Ես ներգրաււած եմ մնալու «RVVZ» եւ «IDeA» հիմնադրամներում՝ նպաստելով դրանց գործունէութեանը: Բոլորին, ովքեր նւիրւած են այս նոյն գաղափարներին, հրաւիրում ենք միանալու «Աւրորա»-ի գործունէութեանը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։