Հա

Հասարակական

07/04/2018 - 14:10

Պատգամաւորական մանդատով, բայց դժբախտ. ովքեր էին 100 տարի առաջ ընտրւած կին պատգամաւորները

Եւրոպական շատ երկրներից առաջ Հայաստանի խորհրդարանն արդէն կին պատգամաւորներ ունէր։ Մանդատը, սակայն, պատգամաւոր կանանց երջանկութիւն չպարգեւեց։

«alikonline.ir» - Եւրոպական շատ երկրներից առաջ Հայաստանի խորհրդարանն արդէն կին պատգամաւորներ ունէր։ Մանդատը, սակայն, պատգամաւոր կանանց երջանկութիւն չպարգեւեց։

20-րդ դարի սկզբում, երբ աշխարհի` այսօր արդէն զարգացած, դեմոկրատական երկրներում կանայք դեռ պայքարում էին տղամարդկանց հաւասար ընտրւելու իրաւունք ստանալու համար, Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանում 3 կին պատգամաւոր կար։

«Եւրոպայից գրեթէ 30 տարի առաջ մենք կին պատգամաւորներ ունէինք։ Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան կանանց ընտրւելու իրաւունք տւեցին միայն 40-50-ական թւականներին։ Ընտրելու իրաւունքը կար, բայց ընտրւելու` ոչ»,- Հայաստանի առաջին Հանրապետութեան խորհրդարանի կին պատգամաւորներին ներկայացնելով` «armeniansputnik.am»-ին՝ ասաց ՀՅԴ պատմութեան թանգարանի տնօրէն Անուշ Ամսէեանը։

Առաջին կին պատգամաւորների մասին մեզ հասած ու թանգարանում ներկայացւած տեղեկութիւնները շատ քիչ են։

1919 թ-ի յունիսի 4-ին Հայաստանի առաջին հանրապետութիւնում առաջին անգամ անցկացւած ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւեց 80 պատգամաւորից բաղկացած խորհրդարանը, որի 3 անդամները կանայք էին`Կատարինէ Զալեան-Մանուկյանը, Վարվառա Սահակեանն ու Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանը։

«Նրանք պատահական կանայք չէին, երեքն էլ յայտնի մարդկանց, այդ ժամանակի քաղաքական գործիչների կանայք էին։ Բնական է` Եւրոպայում ուսանած, Հայ ուսանողական եւրոպական միութեան անդամներ էին, որոնք նաեւ իրենց հետ եւրոպական արժէքներ բերեցին Հայաստան»,- ասաց Անուշ Ամսէյանը։

Կատարինէ Զալեան-Մանուկեանն առաջին հանրապետութեան հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանի կինն էր։

Բժշկուհի լինելով՝ Կատարինէն օր ու գիշեր անցկացնում էր գաղթականների ու որբերի հետ՝ պայքար մղելով Հայաստանում մոլեգնող համաճարակների դէմ: Որբանոցներից մէկում էլ հանդիպում ու ծանօթանում է ապագայ ամուսնու հետ։ Բայց ամուսնական համատեղ կեանքն ընդամենը 3 տարի տեւեց։ Երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկեանը վարակւեց բծաւոր տիֆով եւ վախճանւեց:

«Ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունէութեան մէջ թաղւած, եւ այնպիսի ընտանեկան կեանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երեւի այդպէս էլ չունեցան»,- հետագայում` ծնողների մասին իր յուշերում գրել է Արամ եւ Կատարինէ Մանուկեանների դուստրը` Սեդա Մանուկեանը:

Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանը ականաւոր դաշնակցական գործիչ Սարգիս Բարսեղեանի կինն էր։

Պերճուհին ընդամենը 16 տարեկան էր, երբ հանդիպեց ապագայ ամուսնուն: Նրանց ամուսնական կեանքը եւս կարճ տեւել: Ամուսնացան 1909 թւականի, իսկ 1915 թւականին Սարգիսը հարիւրաւոր հայ մտաւորականների հետ ձերբակալւեց եւ նահատակւեց: Ամուսնու մահից յետոյ էլ Պերճուհին շարունակեց ազգանւէր իր գործունէութիւնը, իսկ առաջին հանրապետութեան հռչակումից յետոյ ընտրւեց պատգամաւոր եւ ընդգրկւեց Ամերիկեան խնամատարութեան կոմիտէում: Հայաստանի Հանրապետութեան անկումից յետոյ շատերի պէս բռնեց գաղթի ճամփան` նախ բնակութիւն հաստատեց Սոֆիայում, ապա Փարիզում, որտեղ շարունակեց դեռ երիտասարդ տարիքում կիսատ թողած գրական գործունէութիւնը:

Վարվառա Սահակեանը ՀՅԴ գործիչ, առաջին խորհրդարանի նախագահ Աւետիք Սահակեանի կինն էր: Խորհրդարանում Վարվառան ընդգրկւած էր կրթական ծրագրերում: Բայց հէնց պատգամաւորութեան ընթացքում ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորայքի պակասից մահացաւ նրա զաւակը: Դրան յաջորդեցին Հայաստանի խորհրդայնացումն ու ամուսնու բանտարկութիւնը: Տարիներ անց, երբ Աւետիք Սահակեանն ազատութիւն ստացաւ, նրանք իրենց զաւակի հետ ստիպւած եղան գաղթել ու հաստատւել Բէյրութում։

Բայց 1932 թ-ին ճակատագիրը նոր հարւած հասցրեց քաղաքական գործիչ կնոջը. նա կորցրեց նաեւ երկրորդ զաւակին, իսկ մէկ տարի անց՝ ամուսնուն: Ճակատագրի հարւածները քայքայեցին կնոջ առողջութիւնը, շատ չանցած նա եւս կնքեց իր մահկանացուն:

Առաջին հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններից 100 տարի անց ՀՀ մերօրեայ Ազգային ժողովում այսօր 105 պատգամաւորներից 15-ը կանայք են։

Իսկ 1990 թւականին նորանկախ Հայաստանի առաջին գումարման Գերագոյն խորհրդում 260 պատգամաւորներից 11-ն էին կանայք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։