Հա

Հասարակական

07/04/2018 - 14:10

Պատգամաւորական մանդատով, բայց դժբախտ. ովքեր էին 100 տարի առաջ ընտրւած կին պատգամաւորները

Եւրոպական շատ երկրներից առաջ Հայաստանի խորհրդարանն արդէն կին պատգամաւորներ ունէր։ Մանդատը, սակայն, պատգամաւոր կանանց երջանկութիւն չպարգեւեց։

«alikonline.ir» - Եւրոպական շատ երկրներից առաջ Հայաստանի խորհրդարանն արդէն կին պատգամաւորներ ունէր։ Մանդատը, սակայն, պատգամաւոր կանանց երջանկութիւն չպարգեւեց։

20-րդ դարի սկզբում, երբ աշխարհի` այսօր արդէն զարգացած, դեմոկրատական երկրներում կանայք դեռ պայքարում էին տղամարդկանց հաւասար ընտրւելու իրաւունք ստանալու համար, Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանում 3 կին պատգամաւոր կար։

«Եւրոպայից գրեթէ 30 տարի առաջ մենք կին պատգամաւորներ ունէինք։ Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան կանանց ընտրւելու իրաւունք տւեցին միայն 40-50-ական թւականներին։ Ընտրելու իրաւունքը կար, բայց ընտրւելու` ոչ»,- Հայաստանի առաջին Հանրապետութեան խորհրդարանի կին պատգամաւորներին ներկայացնելով` «armeniansputnik.am»-ին՝ ասաց ՀՅԴ պատմութեան թանգարանի տնօրէն Անուշ Ամսէեանը։

Առաջին կին պատգամաւորների մասին մեզ հասած ու թանգարանում ներկայացւած տեղեկութիւնները շատ քիչ են։

1919 թ-ի յունիսի 4-ին Հայաստանի առաջին հանրապետութիւնում առաջին անգամ անցկացւած ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւեց 80 պատգամաւորից բաղկացած խորհրդարանը, որի 3 անդամները կանայք էին`Կատարինէ Զալեան-Մանուկյանը, Վարվառա Սահակեանն ու Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանը։

«Նրանք պատահական կանայք չէին, երեքն էլ յայտնի մարդկանց, այդ ժամանակի քաղաքական գործիչների կանայք էին։ Բնական է` Եւրոպայում ուսանած, Հայ ուսանողական եւրոպական միութեան անդամներ էին, որոնք նաեւ իրենց հետ եւրոպական արժէքներ բերեցին Հայաստան»,- ասաց Անուշ Ամսէյանը։

Կատարինէ Զալեան-Մանուկեանն առաջին հանրապետութեան հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանի կինն էր։

Բժշկուհի լինելով՝ Կատարինէն օր ու գիշեր անցկացնում էր գաղթականների ու որբերի հետ՝ պայքար մղելով Հայաստանում մոլեգնող համաճարակների դէմ: Որբանոցներից մէկում էլ հանդիպում ու ծանօթանում է ապագայ ամուսնու հետ։ Բայց ամուսնական համատեղ կեանքն ընդամենը 3 տարի տեւեց։ Երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկեանը վարակւեց բծաւոր տիֆով եւ վախճանւեց:

«Ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունէութեան մէջ թաղւած, եւ այնպիսի ընտանեկան կեանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երեւի այդպէս էլ չունեցան»,- հետագայում` ծնողների մասին իր յուշերում գրել է Արամ եւ Կատարինէ Մանուկեանների դուստրը` Սեդա Մանուկեանը:

Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանը ականաւոր դաշնակցական գործիչ Սարգիս Բարսեղեանի կինն էր։

Պերճուհին ընդամենը 16 տարեկան էր, երբ հանդիպեց ապագայ ամուսնուն: Նրանց ամուսնական կեանքը եւս կարճ տեւել: Ամուսնացան 1909 թւականի, իսկ 1915 թւականին Սարգիսը հարիւրաւոր հայ մտաւորականների հետ ձերբակալւեց եւ նահատակւեց: Ամուսնու մահից յետոյ էլ Պերճուհին շարունակեց ազգանւէր իր գործունէութիւնը, իսկ առաջին հանրապետութեան հռչակումից յետոյ ընտրւեց պատգամաւոր եւ ընդգրկւեց Ամերիկեան խնամատարութեան կոմիտէում: Հայաստանի Հանրապետութեան անկումից յետոյ շատերի պէս բռնեց գաղթի ճամփան` նախ բնակութիւն հաստատեց Սոֆիայում, ապա Փարիզում, որտեղ շարունակեց դեռ երիտասարդ տարիքում կիսատ թողած գրական գործունէութիւնը:

Վարվառա Սահակեանը ՀՅԴ գործիչ, առաջին խորհրդարանի նախագահ Աւետիք Սահակեանի կինն էր: Խորհրդարանում Վարվառան ընդգրկւած էր կրթական ծրագրերում: Բայց հէնց պատգամաւորութեան ընթացքում ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորայքի պակասից մահացաւ նրա զաւակը: Դրան յաջորդեցին Հայաստանի խորհրդայնացումն ու ամուսնու բանտարկութիւնը: Տարիներ անց, երբ Աւետիք Սահակեանն ազատութիւն ստացաւ, նրանք իրենց զաւակի հետ ստիպւած եղան գաղթել ու հաստատւել Բէյրութում։

Բայց 1932 թ-ին ճակատագիրը նոր հարւած հասցրեց քաղաքական գործիչ կնոջը. նա կորցրեց նաեւ երկրորդ զաւակին, իսկ մէկ տարի անց՝ ամուսնուն: Ճակատագրի հարւածները քայքայեցին կնոջ առողջութիւնը, շատ չանցած նա եւս կնքեց իր մահկանացուն:

Առաջին հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններից 100 տարի անց ՀՀ մերօրեայ Ազգային ժողովում այսօր 105 պատգամաւորներից 15-ը կանայք են։

Իսկ 1990 թւականին նորանկախ Հայաստանի առաջին գումարման Գերագոյն խորհրդում 260 պատգամաւորներից 11-ն էին կանայք:

Յարակից լուրեր

  • Փաշինեանի այցի չգաղտնազերծւող օրակարգից սպասելիքները մեծ են. ի՞նչ կը բերի վարչապետն Իրանից
    Փաշինեանի այցի չգաղտնազերծւող օրակարգից սպասելիքները մեծ են. ի՞նչ կը բերի վարչապետն Իրանից

    Ի՞նչ քաղաքական ու տնտեսական խնդիրներ են քննարկելու Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Հարցի պաշտօնական պատասխանը չափազանց ժլատ է, բայց սպասելիքները մեծ են։ Ի՞նչ արդիւնքներով կը վերադառնայ Փաշինեանն Իրանից։

  • Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»
    Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»

    Հայ-իրանական յարաբերութիւններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում շեշտեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ 

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։