Հա

Հասարակական

09/06/2018 - 08:20

Ֆրանսիայում 102 տարեկան հասակում մահացել է լուսանկարիչ Դեւիդ Դուգլաս Դունկանը

102 տարեկան հասակում Ֆրանսիայի Գրաս քաղաքում մահացել է ամերիկացի զինւորական ֆոտոթղթակից, Պաբլօ Պիկասոյի ընկեր Դեւիդ Դուգլաս Դունկանը: 

«alikonline.ir» - 102 տարեկան հասակում Ֆրանսիայի Գրաս քաղաքում մահացել է ամերիկացի զինւորական ֆոտոթղթակից, Պաբլօ Պիկասոյի ընկեր Դեւիդ Դուգլաս Դունկանը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին յայտնել են Անտիբում Պիկասոյի թանգարանը:

«Նա մահացել է յունիսի 7-ի երեկոյեան՝ 102 տարեկան հասակում: Մահւան պատճառ է դարձել, նախեւառաջ, նրա տարիքը, եւ երկրորդ՝ պնեւմոպատիան, որն այդ տարիքում արդէն դժւար է բուժւում»,- ասել է թանգարանի տնօրէն Ժան Լուի Անդրալը: 

Նա նշել է, որ «Դուգլասը 20-րդ եւ 21-րդ դարի ամենակարեւոր լուսանկարիչներից մէկն էր»: 

«Նա լուսանկարել է իր ողջ կեանքի ընթացքում: Մեծ լուսանկարիչ էր եւ մեծ մարդ: Նա նաեւ 1956 թւականին ծանօթացել էր Պաբլօ Պիկասոյի հետ: Դունկանը դարձել էր նրա ու նրա ընտանիքի մեծ բարեկամը: Նա Պիկասոյի բազմաթիւ հիանալի դիմանկարներ է արել»,- յաւելել է գործակալութեան զրուցակիցը: 

Դեւիդ Դուգլաս Դունկանն ամերիկացի ֆոտոլրագրող է եւ զինւորական ֆոտոթղթակից: Մայամիի համալսարանի կենդանաբանութեան եւ իսպաներէն լեզւի ֆակուլտետներն աւարտելուց յետոյ արտահաստիքային ֆոտոթղթակից է աշխատել «The Kansas City Star», «Life», «National Geographic» հրատարակութիւնների համար: 

Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ծառայել է որպէս զինւորական ֆոտոթղթակից, լուսաբանել այդ թւում՝ Օկինաւայի համար մղւած ճակատամարտը:

Պատերազմից յետոյ աշխատանքի է ընդունւել «Life» ամերիկեան հանդէսում: Յայտնի է Կորէական պատերազմի եւ Վիետնամի պատերազմի լուսանկարներով: Կորէական պատերազմի լուսանկարներից Դունկանը կազմել է «Սա պատերազմ է» գիրքը: Դրա վաճառքից ստացւած եկամուտներն ուղարկւել են ծովային այն հետեւակայինների այրիներին ու երեխաներին, որոնք զոհւել են հակամարտութեան ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։