Հա

Հասարակական

10/06/2018

Յայտնի է «Աւրորա» մրցանակի այս տարւայ յաղթողի անունը

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն այս անգամ մեծարանքի է արժանացրել իրաւաբանին՝ Մեանմայում ընդդէմ անարդարութեան եւ յանուն ռոհինջա ժողովրդի իրաւունքների մղած պայքարում դրսեւորած անհատական զոհողութիւնների համար: 

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն այս անգամ մեծարանքի է արժանացրել իրաւաբանին՝ Մեանմայում ընդդէմ անարդարութեան եւ յանուն ռոհինջա ժողովրդի իրաւունքների մղած պայքարում դրսեւորած անհատական զոհողութիւնների համար: Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Այսօր՝ յունիսի 10-ին, ամենամեայ «Աւրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչւել իրաւաբան եւ ակտիւիստ Չօ Լա Աունը: Նա այս մեծարանքին արժանանացել է այն նւիրումի համար, որով, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին ու հալածանքներին, պայքարել է մեանմացի ռոհինջա ժողովրդի հաւասարութեան, կրթութեան եւ մարդու իրաւունքների համար։ Նրա անունը՝ որպէս դափնեկիր, յայտարարւել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստւերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է մրցանակաբաշխութեան պաշտօնական կայքը:

Յիշեցնենք, որ «Աւրորա» մրցանակը շնորհում է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Հայոց Ցեղասպանութեան վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չօ Լա Աունը «Աւրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր է ընտրւել 115 երկրից առաջադրւած 750 թեկնածութիւնների ցանկից։

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր եւ մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորեանը Չօ Լա Աունի մասին դրւատանքի իր խօսքում ասել է. «Յիշելով, թէ Ցեղասպանութեան ընթացքում բռնի տեղահանութեան ճանապարհներին հայերը եւ յատկապէս կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագութիւնների են ենթարկւել, մենք մեծագոյն պատասխանատւութեամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չօ Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր յանգեցնելու է նրան, որ գործի դրւեն պետական եւ միջազգային օրէնքներ՝ կոչւած պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կեանքի համար մեծագոյն սպառնալիքի պայմաններում Չօ Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցութեան, որ կարող է ունենալ մէկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման եւ օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կեանքը»։

Որպէս «Աւրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չօ Լա Աունն ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպէս նաեւ նւիրատւութեան շղթան շարունակելու հնարաւորութիւն՝ մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրութեամբ նւիրաբերելով հետեւեալ երեք միջազգային կազմակերպութիւններին, որոնք Մեանմայում բժշկական օգնութիւն եւ օժանդակութիւն են տրամադրում փախստականների.

«Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières)

«MERCY» Մալայզիական բժշկական նպաստամատոյց, Մալայզիա (Malaysian Medical Relief - MERCY Malaysia)

Միգրացիայի միջազգային կաթոլիկ յանձնաժողով, Շւէյցարիա, ԱՄՆ (ICMC - International Catholic Migration Commission)

Չօ Լա Աունը տասնամեակներ շարունակ մեծ նւիրումով գործել է՝ իրաւապաշտպանի իր հմտութիւններն ի սպաս դնելով քաղաքացիութիւնից զրկւած ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրաւունքների համար մղած պայքարին։ Ստանձնած առաքելութեան հետեւանքով, կեանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկութեան մէջ՝ ինչը ծանրագոյն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

«Աւրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր հռչակւելու վերաբերեալ Չօ Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկւում է դաժան սահմանափակումների, եւ արդէն կորցրել է իր խիզախութիւնն ու սեփական ուժերի նկատմամբ հաւատը, դարձել անգրագէտ, ուստիեւ՝ ընչազուրկ։ «Աւրորա» մրցանակի աջակցութիւնը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրաւունքների խախտումների ենթարկւած բոլոր մուսուլմաններին, ու ռոհինջա ժողովրդի թշւառ կացութիւնն օրեցօր աւելի նկատելի է դառնում միջազգային հանրութեանը»։

«Աւրորա» մրցանակի 2018 թ. դափնեկրին պատւելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրութեան առաջատար ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամներ, որոնց թւում են Նոբելեան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Աւստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրէն Գարէթ Էւանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստօ Սեդիլէոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութեան հիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշնէրը, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի տնօրէն Արա Դարզին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուէրը։

Չօ Լա Աունին շնորհաւորել է նաեւ բժիշկ Թոմ Քաթինան։ 2017 թւականին նրան «Աւրորա» մրցանակ է շնորհւել Սուդանի հարաւի՝ պատերազմներից աւերւած եւ մարդասիրական օգնութիւնից զրկւած Նուբա լեռների 750 հազար բնակիչներին անհետաձգելի բժշկական օգնութիւն ցուցաբերելու գործում դրսեւորած բազմամեայ բացառիկ նւիրումի համար։

«Աւրորա»-ի միջոցառումների մասնակիցները մեծարանքի արժանացրեցին նաեւ այն ներդրումը, որ ունեցել են «Աւրորա» մրցանակի 2018 թ. միւս երկու հերոսները՝ կանանց իրաւունքների պաշտպան եւ Հնդկաստանի «Փրաջւալա» կազմակերպութեան համահիմնադիր Սունիտա Քրիշնանը եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկեան ներգաղթեալներին աջակցող «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպութեան հիմնադիր Հայր Թոմաս Գոնսալէս Կաստիլիոն։

«Աւրորա» մրցանակի համահիմնադիրներ Վարդան Գրեգորեանը, Նուբար Աֆէյեանը եւ Ռուբէն Վարդանեանը, ինչպէս նաեւ Ընտրող յանձնաժողովի պատւաւոր անդամները շնորհաւորեցին Չօ Լա Աունին եւ «Աւրորա» մրցանակի 2018 թ. հերոսներին՝ ցուցաբերած բացառիկ ջանքերի համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։