Հա

Հասարակական

10/06/2018

Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը

Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։

«alikonline.ir» - Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։ Գրում է «news.am»-ը:

«Global Burden of Disease Cancer» կազմակերպութեան մասնագէտներն ամէն տարի ուսումնասիրում են ամբողջ աշխարհում քաղցկեղի 29 տեսակների ախտորոշման ու մահացութեան ցուցանիշները։ Կազմակերպութեան վերջին զեկոյցը ցոյց է տւել, որ 2016-ին ամբողջ աշխարհում գրանցւել է քաղցկեղի 17.2 մլն. նոր դէպք ու այդ հիւանդութիւնից մահացութեան 8.9 միլիոն դէպք։

2006-2016 թւականների ժամանակահատւածում ախտորոշւած նոր դէպքերի քանակն աւելացել է 28 տոկոսով։ Այս նոր դէպքերի մեծ մասը պայմանաւորւած է կեանքի տեւողութեան աւելացումով, ու որպէս հետեւանք՝ ծերացող բնակչութեան քանակի աճով։

Հետազօտողների տւեալներով՝ այս ցուցանիշների աճի «մեղաւորները» կարող են լինեն բարելաււած սքրինինգը ու ախտորոշման նոր մեթոդները, որոնք կարող են քաղցկեղը յայտնաբերել շատ աւելի վաղ փուլերում։ Ի դէպ, մասնագէտները անդադար խօսում են վաղ ախտորոշման մեթոդների կարեւորութեան մասին:

Ըստ զեկոյցի՝ դէպքերի ամենամեծ քանակութիւնը դիտարկւում է ցածր ու միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում։ Նման երկրներում մարդիկ յաճախ են ծխում ու սնւում էժանագին կիսաֆաբրիկատներով։

Մասնագէտների կարծիքով՝ ծխելը (ու նոյնիսկ էլեկտրոնային ծխախոտը) քաղցկեղի զարգացման պատճառներից մէկն է։ Ըստ հետազօտութեան՝ թոքերի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը ծխողների մօտ 20 անգամ բարձր է չծխողների համեմատ։

Աշխատութեան հեղինակները գրում են, որ դա շեշտում է ծխելու դէմ ջանքերը կենտրոնացնելու կարեւորութիւնը այն երկրներում, որտեղ սոցիալ-ժողովրդագրական գործակիցը ցածր է (SDI)։

Անկասկած, չի կարելի հաշւի չառնել նաեւ բնապահպանական իրավիճակը, որը նոյնպէս ազդում է ուռուցքների զարգացման վրայ (ամենեւին ոչ վերջին դերակատարումն ունի օդի աղտոտւածութիւնը)։

Աշխատութեան հեղինակները յաւելում են, որ պետական մակարդակով ընդունելով, որ աւտոմեքենաների, արդիւնաբերական արտանետումներից ու նոյնիսկ կենցաղային քիմիայից աղտոտւած օդը բացասաբար է ազդում առողջութեան վրայ, հնարաւոր կը լինէր զգալիօրէն նպաստել թոքերի քաղցկեղից մահացութեան նւազմանը։

Զեկոյցում նշւում է, որ կանանց համար քաղցկեղի ամենամահացու տեսակն է մնում կրծքագեղձի քաղցկեղը։

Հետազօտութիւնը նաեւ բացայայտել է այն անհաւասարութիւնը, որը պահպանւում է քաղցկեղի բուժման ոլորտում։ Եւ այսպէս, տնտեսապէս նւազ զարգացած երկրներում, որտեղ պատւաստումների ու սքրինինգի թանկարժէք ծրագրերը նւազ տարածւած են, կանայք քառակի շատ են տուժում արգանդի վզիկի քաղցկեղից։ Այդ տարածարջաններում քաղցկեղի այս տեսակն է մահացու ելքերի ամենատարածւած պատճառը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։