Հա

Հասարակական

Երկուշաբթի, 11 Յունիսի 2018 09:10

Ու՞ր են գնում միլիոնները․«Աւրորա»-ի համահիմնադիրը պատասխանել է քննադատներին

«Աւրորա» մրցանակի համահիմնադիր Վարդան Գրեգորեանը պարզաբանել է՝ ինչու մրցանակային հիմնադրամի միջոցները չեն ներդնում Հայաստանի տնտեսութեան տարբեր սեկտորներում, այլ տրամադրում են առանձին անհատների, որոնք, թէեւ, անկասկած, վաստակ ունեն մարդասիրութեան գաղափարների սփռման գործում, այնուամենայնիւ, հեռու են հայկական իրականութիւնից։ 

«alikonline.ir» - «Աւրորա» մրցանակի համահիմնադիր Վարդան Գրեգորեանը պարզաբանել է՝ ինչու մրցանակային հիմնադրամի միջոցները չեն ներդնում Հայաստանի տնտեսութեան տարբեր սեկտորներում, այլ տրամադրում են առանձին անհատների, որոնք, թէեւ, անկասկած, վաստակ ունեն մարդասիրութեան գաղափարների սփռման գործում, այնուամենայնիւ, հեռու են հայկական իրականութիւնից։ Երէկ Երեւանում մրցանակաբաշխութեան երրորդ արարողութիւնից յետոյ ասուլիսի ժամանակ Գրեգորեանը նշեց, որ «Աւրորա»-ն բարձրացրել է Հայաստանի ճանաչելիութիւնն աշխարհում։

«Մեզ յաճախ են քննադատում, որ մենք չենք ուղղում այդ գումարները Հայաստանում այս կամ այն նախագծերի իրականացմանը։ Սակայն ուզում եմ ասել, որ Հայաստանին առանց դա էլ տարեկան միլիոնաւոր դոլարներ են տրամադրւում։ Իսկ «Աւրորա»-ի գաղափարը բարձրացրել է Հայաստանի հեղինակութիւնը, բարձրացրել է դրա ճանաչելիութիւնը։ Մեզ զարմացրել է այն մեծ աջակցութիւնը, որ մենք ստանում ենք տարբեր երկրներից ու յայտնի անհատներից»,- ասաց Գրեգորեանը։

«Աւրորա»-ն մրցանակ է, որն ամէն տարի տրւում է սեփական կեանքը վտանգելով այլոց կեանքը փրկող մարդկանց։ Դափնեկիրը պարգեւատրւում է այն բացառիկ ներդրման համար, որը նա ունենում է մարդկանց կեանքերը փրկելու ու մարդասիրութեան գաղափարն առաջ տանելու համար։ «Aurora Prize»-ը յանձնւում է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ փրկւած մարդկանց անունից` ի երախտագիտութիւն իրենց փրկողներին։

«Աւրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչւել իրաւաբան եւ ակտիւիստ Չո Լա Աունը Մեանմայում ընդդէմ անարդարութեան եւ յանուն ռոհինջա ժողովրդի իրաւունքների մղած պայքարում դրսեւորած անհատական զոհողութիունների համար: Նրա անունը՝ որպէս դափնեկիր, յայտարարւել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստւերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում:

Յիշեցնենք, որ «Աւրորա» մրցանակը շնորհում է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Հայոց Ցեղասպանութեան վերապրողների անունից` ի երախտագիտութիւն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Աւրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր է ընտրւել 115 երկրից առաջադրւած 750 թեկնածութիւնների ցանկից։

«Աւրորա» մրցանակի համահիմնադիրներն են՝ Վարդան Գրեգորեանը, Նուբար Աֆէեանը եւ Ռուբէն Վարդանեանը։

«Մենք կարծում ենք, որ հարիւր տարի սգալուց յետոյ ժամանակն է ուժեր գտնել, արթնանալ ու օգնել ուրիշներին, խրախուսել այն մարդկանց, որոնք հազարաւոր հալածւածների ու կարիքաւորների կեանքը փրկելու համար ռիսկի տակ են դնում սեփական կեանքը։ Այս անգամ ընտրեցինք իրաւաբանի Մեանմայից, որը պաշտպանում էր խտրականութեան ու ճնշումների ենթարկւող ռոհինջա ժողովրդի իրաւունքները»,- ասաց Գրեգորեանը։

Նրա խօսքով՝ Չո Լա Աունը կարող էր որպէս իրաւաբան աշխատել որեւէ յարմարաւէտ գրասենեակում, լինել Մեանմայի միջին վիճակագրական բնակիչ, զբաղւել սովորական փաստաբանական գործունէութեամբ։ Բայց նա ընտրել է բարդ, սակայն հերոսական ճամբայ, նա որոշել է առանձնանալ ու պայքարել մարդկանց իրաւունքների համար։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ