Հա

Հասարակական

30/06/2018 - 12:30

Մտորումներ` Արամի արձանի տակ

Չեմ յիշում մի դէպք, երբ արւեստի գործը, մինչեւ ամբողջական տեսքի բերւելն ու ցուցադրւելն արժանանար նման հակասական արձագանգների: Կանգնեցւում է Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանը, ուշադրութիւն, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի, ոչ թէ Եգիպտոսի վարչապետի կամ Սուդնի թագաւորի: Եւ համատարած ոռնոց` ոչ թէ Ստամբուլում եւ Բաքւում, այլ Երեւանում` էլ չարչրկւած արձան, էլ վիճայարոյց, էլ աղմկայարոյց, էլ տխրահռչակ: Եւ աղմկողն էլ մեր միջի այն շերտն է, որ եթէ թոյլ տաս, Նժդեհի արձանն էլ կը պոկեն տեղից, միայն թէ յագուրդ տան իրենց նեոբոլշեւիկական ցնորքներին:

Չեմ յիշում մի դէպք, երբ արւեստի գործը, մինչեւ ամբողջական տեսքի բերւելն ու ցուցադրւելն արժանանար նման հակասական արձագանգների: Կանգնեցւում է Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանը, ուշադրութիւն, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի, ոչ թէ Եգիպտոսի վարչապետի կամ Սուդնի թագաւորի: Եւ համատարած ոռնոց` ոչ թէ Ստամբուլում եւ Բաքւում, այլ Երեւանում` էլ չարչրկւած արձան, էլ վիճայարոյց, էլ աղմկայարոյց, էլ տխրահռչակ: Եւ աղմկողն էլ մեր միջի այն շերտն է, որ եթէ թոյլ տաս, Նժդեհի արձանն էլ կը պոկեն տեղից, միայն թէ յագուրդ տան իրենց նեոբոլշեւիկական ցնորքներին:

Բոլոր նորմալ մարդիկ, ովքեր արդէն տեսել են Արամի ամբողջական արձանը (հեղինակ` Դաւիթ Մինասեան) միահամուռ պնդում են, որ այն իր կատարմամբ յիրաւի նոր խօսք է հայ քանդակի պատմութեան մէջ, որ այն միանգամայն համահունչ է շրջապատին` պատւանդանով ձուլւած մետրոյի մուտքի համալիրին: Խօսել ենք նաեւ պատահական անցորդների հետ, ովքեր առաջինն էին տեսնում ողջ հասակով կանգնող արձանը.

- Շատ լաւն է, մոնումենտալ, հզօր, հպարտանալու գործ է… 

Ինչպէս կընդունի ժողովուրդը, դա էլ կը լինի բոլոր ժամանակների ամենավառ հայ քաղաքական գործչին պատկերող արձանի լաւագոյն գնահատականը: Մնացածը` խօսակցութիւններ են: 

Մեզ, սակայն, աւելի շատ հետաքրքրում են մրցոյթում յաղթած նախագծի եւ արդէն կանգնեցւած արձանի թիկունքում որոշ արւեստագէտների եւ պետական այրերի ինքնադրսեւորման փորձերը, որոնք ոչ միայն գեղեցիկ չեն, այլեւ չեն ներդաշնակում նորօրեայ Հայաստանին: 

Ամէն ինչ, կարելի է ասել, սկսւեց հեռուստալրագրող Արայիկ Մանուկեանի ֆէյսբուքեան էջում «Սովորական վանդալիզմ» վերնագրով գրառումից, որտեղ նա կոչ էր արել քաղաքաշինութեան կոմիտէի նորանշանակ նախագահին, մշակոյթի նախարարին, քաղաքապետարանին եւ «Ելք» խմբակցութեան անդամներին կանխել Արամ Մանուկեանի արձանի տեղադրումը, քանի որ, ըստ իրեն, վերանում է ժամանակակից ճարտարապետութեան մի սքանչելի կառոյց: Սրանից մէկ օր անց, իսկ արձանի վերնամասը մոնտաժելուց մէկ օր առաջ քաղաքաշինութեան կոմիտէի նորանշանակ նախագահ Աւետիք Էլոյեանը փութաջանօրէն արձագանգեց դրան եւ առաջարկեց դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները։ Նա մասնաւորապէս գրել էր․ «Անհրաժեշտ է ուշադրութիւն հրաւիրել մի քանի կարեւոր հանգամանքի. նշւած աշխատանքները, համաձայն ՀՀ օրէնսդրութեան, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագաւառում լիազօր մարմնի` ՀՀ մշակոյթի նախարարութեան հետ, ինչը չի կատարւել՝ խախտելով «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան եւ օգտագործման մասին» ՀՀ օրէնքի եւ ՀՀ կառավարութեան համապատասխան որոշման պահանջները: Արձանի տեղադրման հարցը չի ներկայացւել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցութեան եւ տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտւել է նաեւ «Հեղինակային իրաւունքի եւ յարակից իրաւունքների մասին» ՀՀ օրէնքը: Հաշւի առնելով թւարկւած հանգամանքները՝ քաղաքաշինութեան կոմիտէն անհրաժեշտ է համարում յստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ առաջարկում ենք դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչութիւնների հետ եւ տւեալ համալիրի տարածքում որեւէ արձանի տեղադրման նպատակահարմարութեան հարցը դարձնել հանրային քննարկման առարկայ»: Ճիշտ է, հետագայում գերատեսչութեան աշխատակիցը փորձել է մեղմել իր նորանշանակ ղեկավարի յայտարարութիւնը, նշելով, թէ դա ընդամենը առաջարկ է եղել, բայց փաստը մնում է փաստ, որ քաղշինը «անհրաժեշտ է համարել» դադարեցնել կիսակառոյց արձանի շինարարութիւնը: Շտապելուց, սակայն, Աւետիք Էլոյեանը թոյլ է տւել մէկ այլ եւ շատ աւելի կոպիտ սխալ: Նա, խախտելով որոշ պրոցսների հետեւառաջութիւնը, ըստ էութեան մոլորութեան մէջ է գցել հանրութեանը, իսկ մեր կարծիքով նաեւ իշխանութիւններին: Բանն այն է, որ քաղշինի բերած պատճառաբանութիւններից մէկն էլ, իբր, ստացւող բողոքներն են, այդ թւում եւ «Հանրապետութեան հրապարակ» կայարանի մուտքային համալիրի հեղինակներ Ջիմ Թորոսեանի եւ Մկրտիչ Մինասեանի ժառանգների բողոքները: Մամուլի հրապարակումներից, սակայն, պարզ դարձաւ, որ մասնաւորապէս Ջիմ Թորոսեանի դստերը` Անահիտ Թորոսեանի հետ մէկ-երկու օր առաջ են քաղշինից կապւել եւ առաջարկել բողոք գրել Արամ Մանուկեանի արձանի տեղադրման կապակցութեամբ: Սա մէկ արտայայտութեամբ կոչւում է «մերժելի գործելաոճ», պարոն Էլոյեան: Իսկ որպէսզի հասկանանք, թէ որտեղից է այն գալիս, պէտք չէ շատ հեռու գնալ: Բարձրացրէք Երեւանի աւագանու նիստերի արձանագրութիւնները եւ «Ելք» դաշինքի աւագանիների ելոյթներում կը տեսնէք այս գործելաոճի օրինակները: 

Թւում էր, թէ քաղաքական այրերի տապալումը կը փորձեին շտկել եւ խնդիրը հարթել մեր արւեստագէտները, որոնք ընդհուպ կողմ են քւէարկել մրցոյթի ներկայացւած աշխատանքին: Աւաղ, որոշ արւեստագէտներ նաեւ յայտնի ծափահարողներ են, երբ խնդիրը կապւած է իրենց բնագաւառի ղեկավարների հետ: Հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջեանին, կարծում եմ, կարիք չկայ ներկայացնելու: Չգիտեմ նրան յայտնի՞ է, որ տեղադրւած իր արձաններից շատերի մասին էլ միանշանակ կարծիք չկայ, բայց ենթադրում եմ, որ այս լուրը նա նոյնպէս հանգիստ կընդունէր, համարելով արւեստի ոլորտի համար բնական: Տարօրինակ է, երբ պարոն Թոքմաջեանը, որպէս յանձանժողովի անդամ, մասնակցելով մրցոյթի ողջ գործընթացին եւ ըստ լուրերի կողմ քւէարկելով այս նախագծի օգտին, հիմա այնպէս է ներկայացնում կարծես այդ ամէնն արւել է ծածուկ ու դաւադրաբար՝ «շահագրգիռ» կողմերի ձեռամբ: Թոքմաջեանն ի վերջո լսել է Արամ Մանուկեանի արձանի հեղինակ Դաւիթ Մինասեանի մեկնաբանութիւնը, որ եռագոյնը խորհրդանշում է անդունդից, փոսից վեր հառնող Հայաստանի անկախութիւնը: Դէ իսկ Արամի ու դրօշի կապը, որ Թոքմաջեանը, վախ, վախ, վախ, չի հասկանում, թոյլ տւէք որեւէ բառով չորակել: 

Թոքմաջեանը եւ ուրիշներ այսօր, երբ արձանն այլեւս տեղադրւած է, երազում են նրա ապամոնտաժման մասին եւ որպէս օրւայ գործելաձեւ համարում են, որ դրա համար հանրային ճնշում է պէտք: Մեր կարծիքով` Թոքմաջեանն աւելի ազնիւ կը լինէր, եթէ պահանջէր, որ Երեւանի կենտրոնում Արամ Մանուկեանի արձան, այն էլ այդքան շքեղ, ընդհանրապէս չտեղադրւէր, իսկ Ոստիկանութեան շէնքի մօտ տեղադրւած իր` Արամի կիսանդրին մնար միակ յիշատակութիւնը բոլոր ժամանակների հայ ամենաակնառու քաղաքական գործչի ու մեր պետութեան հիմնադրի մասին: Փաստօրէն չստացւեց, իսկ փողոցում էլ յայտնի 37 թիւը չէ, պարոն Թոքմաջեան, որ այսպիսի ելոյթներով արւեստի գործեր բանտարկէք: 

Եւ վերջում մի հասարակ բանի մասին: Ոմանց, այդ թւում եւ Լեւոն Թոքմաջեանին թւում է, թէ Արամ Մանուկեանի արձանի բուն շահառուն Դաշնակցութիւնն է, որ ամէն ինչ արել է, որպէսզի Արամի արձանը տեղադրւի մայրաքաղաքի սրտում: Այս պոզաւոր մտածելակերպին պէտք է վերջ տալ, բարեկամներ: Արամը նախեւառաջ իր ժողովրդինն է, բոլորինս` որպէս մեր անկախութեան ու պետականութեան գաղափարի մարմնացում: 

Հեղինակ`

Էդիկ Անդրէասեան

«Հրապարակ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։