Հա

Հասարակական

04/07/2018

Մաքրելով ականապատ դաշտն ինչպէս սեփական տունը

Հեռւից նայելիս երեք սակրաւորներն էլ միանման տեսք ունեն` երկարաճիտ կօշիկներ, մեծ գրպաններով անդրավարտիք, յատուկ սաղաւարտ, պաշտպանիչ դիմակ ու ձեռնոցներ։ Տեղիացիներից շատերին թւում է, թէ նրանք տղամարդիկ են, սակայն իրականում սակրաւոր կանայք են: Նրանք դիմում են այս քայլին` օգնելու իրենց ընտանիքներին:

Հեռւից նայելիս երեք սակրաւորներն էլ միանման տեսք ունեն` երկարաճիտ կօշիկներ, մեծ գրպաններով անդրավարտիք, յատուկ սաղաւարտ, պաշտպանիչ դիմակ ու ձեռնոցներ։ Տեղիացիներից շատերին թւում է, թէ նրանք տղամարդիկ են, սակայն իրականում սակրաւոր կանայք են: Նրանք դիմում են այս քայլին` օգնելու իրենց ընտանիքներին:

«Ընտանիքիս համար եմ անում, երեխաներիս աւելի ապահով ու անհոգ ապագայի համար»,- ասում է 38-ամեայ սակրաւոր Քրիստինէ Խաչատրեանը, ով ամուսնացած է եւ երեք երեխայ ունի:

Պատերազմից յետոյ, Լեռնային Ղարաբաղում ամէն տարի քաղաքացիական բնակչութեան շրջանում գրանցւում է 20 եւ աւելի դժբախտ պատահար` ականի պայթիւնից կամ չպայթած զինամթերքից: Ականազերծմամբ զբաղւող բրիտանական «Halo Trust» կազմակերպութիւնը, որն արդէն 18 տարի է, գործունէութիւն է ծաւալում Լեռնային Ղարաբաղում, յայտարարում է, որ այն 90%-ով ականազերծւած է, սակայն պոտենցիալ վտանգը դեռեւս շարունակում է մնալ:

Երեք տարի առաջ Սեփանակերտից 80 կմ. հեռու Արտաշաւի գիւղապետարանի նախկին հաշւապահը միացաւ «Halo Trust»-ին, քանի որ կազմակերպութիւնն առաջին անգամ յայտարարեց կին սակրաւորների ընդունման մասին։ Հաղորդւում էր նաեւ, որ վերապատրաստման դասընթացները կազմակերպւելու էին հէնց հարեւան գիւղում, որտեղ էլ յետոյ պէտք է աշխատէին:

Քրիստինէի համար այս որոշումն ընդունելը հեշտ չէր, հիմնական դրդապատճառը հետաքրքրասիրութիւնն էր: Թէեւ ֆինանսական կարիքը եւս նշանակութիւն ունէր: Խաչատրեանի ամուսինը` դպրոցի նախկին ուսուցիչ Գարիկ Օհանջանեանը, գործազուրկ էր: Սակրաւոր աշխատելով Քրիստինէն այսօր վաստակում է ամսական 225 հազար դրամ ($464) եւ սա նրա նախկին եկամտի քառապատիկն է: Նա ունի նաեւ ապահովագրութիւն:

38-ամեայ կինը խոստովանում է, որ սկզբում մտածում էր, թէ երկար չի մնայ այդ գործին։

«Երկմտութիւններ եղել են իհարկէ, բայց յետոյ հասկացել եմ, որ չկայ մարդուն փչացնող աշխատանք, կան աշխատանքը փչացնող մարդիկ։ Այսօր ես հպարտ եմ, որ մարդասիրական մեծ ու կարեւոր գործի մաս եմ կազմում»,- ասում է Քրիստինէն։

Քարեգահ գիւղի յարակից դաշտի մի հատւածը ստուգելուց եւ ական չգտնելուց յետոյ, Քրիստինէն կարմիր ժապաւենով նոր հատւած է առանձնացնում` աշխատանքները շարունակելու համար:

«Սակրաւորի աշխատանքն, իհարկէ, հեշտ չէ: Իհարկէ, իմ ընտանիքն անհանգստանում է ինձ համար»,- ասում է Խաչատրեանը,- «Ես եւս անհանգստանում եմ եւ փորձում եմ պահել անվտանգութեան բոլոր կանոնները: Եթէ հետեւես դրանց, կարող ես անվտանգ մնալ: Վտանգաւոր գործ անելու ոսկէ կանոնն անվտանգ լինելն է»,- ասում է Քրիստինէն:

Չնայած դժւար աշխատանքին ու զբաղւածութեանը, Քրիստինէն ժամանակ է գտնում աշխատանքից առաջ եղունգները հարդարելու, սանրւածք անելու, իսկ երբեմն նաեւ շպարւելու համար։ Համոզւած է, որ անկախ աշխատանքի բնոյթից, կինը պէտք է միշտ պահի իր կանացիութիւնը։

Դաշտը, որտեղ սակրաւորներն աշխատում են, շատ յաճախ բաւականին հեռու է լինում իրենց հիմնական բազայից։ Ուստի դաշտի մաքրւած մի փոքրիկ հատւածը բացօթեայ խոհանոցի են վերածում, որտեղ սնւում են, հանգստանում, իսկ ցուրտ ու անձրեւային եղանակներին նաեւ տաքանում ու չորացնում իրենց թրջւած շորերը։

Քաշաթաղի շրջանի Քարեգահ գիւղին կից այս տարածքում ականազերծման աշխատանքների աւարտին մի շաբաթ էր մնացել եւ արդէն յոյս չկար որեւէ բան գտնելու, սակայն Քրիստինէն ական էր յայտնաբերել։ Նա պատմում է, որ այդ պահին ոչինչ չես զգում, բոլոր զգացողութիւններն ականազերծելուց յետոյ են գալիս։

Քարեգահի դաշտում առատ ձիւն էր, իսկ հանսգստեան օրերին դեռ ժամանակ կար։ Քրիստինէն, օգտւելով աշխատանքի կարճ դադարներից, «սակրաւոր» ձնեմարդ պատրաստեց։ Ասում է՝ նկարելու է, որ որդիներին ուղարկի։ Անհամբեր սպասում է, երբ են միասին ձնագնդի խաղալու ու ձնեմարդ պատրաստելու։

Նա երբեք չէր մտածում, որ կը դառնայ առաջին կին-սակրաւորներից մէկը:

«Նախքան այս աշխատանքին անցնելը չէի մտածում, թէ սա տղամարդու աշխատանք է, կամ թէ ինչպէ՞ս եմ աշխատելու տղամարդկանց աշխարհում»,- ասում է Խաչատրեանը` շարունակելով,- «Ամբողջութեամբ այլ բանի մասին ես մտածում, երբ մտնում ես ականապատ դաշտ, օրինակ ընտանեկան առօրեայ հոգսերի մասին»:

«Halo Trust»-ի 11 կին սակրաւորներն աշխատում են երեք թիմով, որոնցից իւրաքանչիւրն ունի մէկ տղամարդ առաջնորդ:

«Առաջիկայում մենք նախատեսում ենք կին թիմի առաջնորդ ու վարորդ էլ վերապատրաստել։ Այսօր այդ աշխատանքը տղամարդիկ են կատարում»,- ասում է կազմակերպութեան նախագծերի համակարգող Աննա Իսրայէլեանը։

Երկուշաբթիից մինչ ուրբաթ կին սակրաւորներն անց են կացնում դաշտում: Մօտակայ գիւղում կամ քաղաքում վարձած տնից դաշտ հասնելը կարող է ժամանակատար լինել` քարուքանդ ճանապարհների պատճառով, օրինակ` երկու ժամ կարող է տեւել 65 կմ. տաքսիով անցելու համար: Եւ միշտ չէ, որ կայ հանրային տրանսպորտ:

Խաչատրեանն աշխատանքը սկսում է իւրաքանչյուր երկուշաբթի առաւօտեան ժամը 7-ին:

Սակրաւորի հանդերձանքը հագնելն անվտանգութեան ամենակարեւոր միջոցառումներից մէկն է: Դրանից յետոյ նա արագ ստուգում է աշխատելու պարագաններն ու հասցնում ոտքի վրայ մի բաժակ թէյ կամ սուրճ խմել։

Խաչատրեանի բացակայութեան ժամանակ տան հոգսերն ամուսնու եւ իր տղաների` 18-ամեայ Գոռի, 16-ամեայ Տիգրանի եւ 6-ամեայ Նայիրի ուսերին են: Նրանք ստիպւած էին իւրացնել տունը մաքրելու, եփելու, ամանները լւալու եւ լւացքի մեքենան օգտագործելու հմտութիւնները:

Տղաները դեռ այն կարծիքին են, որ սակրաւոր լինելը կնոջ աշխատանք չէ, սակայն հպարտ են իրենց մայրիկով, երբ վերջինս յայտնւում է տարբեր լրատւամիջոցների էջերում:

«Դժւարութեամբ է յաջողւում համատեղել ընատնիքն ու աշխատանքը։ Մանաւանդ փոքր տղայիս շատ եմ կարօտում, ինքն էլ ինձ։ Հիմա փորձում եմ այնպէս կազմակերպել աշխատանքս, որ աւելի շատ ժամանակ անցկացնենք միասին: Միշտ չէ, որ որպէս կին, ընտանիքի մայր ու սակրաւոր ինձ ներդաշնակ եմ զգում։ Չնայած պրոֆեսիոնալ առումով կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց»,-ասում է Քրիստինէն:

6-ամեայ Նայիրին շատ է կապւած մօր հետ։ Հանգստեան օրերին, երբ Քրիստինէն տանն է լինում, տղան մօրից մի քայլ անգամ չի հեռանում:

Քրիստինէի բացակայութեան ժամանակ տան ամբողջ հոգսը տղամարդկանց ուսերին է։ Սակայն շուտով աւագ որդին՝ 18-ամեայ Գոռը, զօրակոչւելու է բանակ` պարտադիր ծառայութեան։ Քրիստինէն ուզում է փոքրերին Ստեփանակերտ տեղափոխել, որպէսզի թէ միասին լինեն ամէն օր, թէ էլ տղաները կարողանան սպորտային եւ այլ խմբակներ յաճախել։

Շաբաթւայ ընթացքում իր բացակայութիւնը լրացնելու համար, հանգստեան օրերին տուն գալուց Խաչատրեանն ամէն անգամ փորձում է ինչ-որ համով բան գնել իր տղայի համար: Իսկ նկարում նա տապակած կարտոֆիլ է պատրաստում` ճաշի համար:

Քրիստինէն փորձում է ամէն կերպ ուրախացնել բարձր ջերմութիւն ունեցող որդուն։ Նա ասում է, որ երբ երեխաներն իր բացակայութեան ժամանակ են հիւանդանում, ինքը տեղը չի գտնում։ Ամբողջ օրն անց է կացնում նրանց հետ հեռախօսով խօսելու վրայ:

Այս տարւայ մարտին ականի պայթիւնից զոհւած կազմակերպութեան երեք աշխատակցի դէպքը որոշների համար առիթ դարձաւ մասնագիտութիւնը փոխելու: Բազմաթիւ ընկերներ եւ բարեկամներ սկսեցին զանգել եւ հարցնել, թէ արդեօք Քրիստինէն եւս կը թողնի աշխատանքը:

«Անկեղծ ասած, այդ դէպքից յետոյ վախ չունէի ականապատւած դաշտ մտնելիս: Ինձ համար շատ ցաւալի էր այդ դէպքը եւ ես մեծ պատասխանատւութիւն եմ զգում շարունակելու իմ ընկերների աշխատանքը»,- ասում է նա:

«chai-khana.org»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։