Հա

Հասարակական

12/07/2018 - 08:30

Ես միշտ իդէալիստ եմ եղել. Ռուբէն Վարդանեանը ներկայացրել է գործարարի իր պատկերացումներն ու նշել ձեռներեցի առաջնային գծերը

Գործարար, ձեռներեց եւ բարերար Ռուբէն Վարդանեանը հարցազրոյց է տւել «Inc. Russia» պարբերականին՝ խօսելով ձեռներեցութեան նրբութիւնների, մարդկանց նկատմամբ հաւատի, երկարատեւ ներդրումների եւ բիզնես էթիկայի մասին:

«alikonline.ir» - Գործարար, ձեռներեց եւ բարերար Ռուբէն Վարդանեանը հարցազրոյց է տւել «Inc. Russia» պարբերականին՝ խօսելով ձեռներեցութեան նրբութիւնների, մարդկանց նկատմամբ հաւատի, երկարատեւ ներդրումների եւ բիզնես էթիկայի մասին: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նկատում է լրագրողը, Ռուբէն Վարդանեանը ներդրումներ է անում ոչ միայն վաստակելու, այլեւ աշխարհը փոխելու համար: «Նա ներդրող է մնում նոյնիսկ բարեգործութիւն կատարելիս, օրինակ՝ «Aurora Prize» մրցանակի կանոնակարգի համաձայն՝ դափնեկիրը պարտաւորւում է իր գումարային մրցանակով կիսւել այլ բարեգործական կազմակերպութիւնների հետ»,- յիշատակում է լրագրողը:

«Ձեռներեցը ցանկացած միջավայրում պէտք է «trouble maker» («անհանգստութիւն ստեղծող» - «tert.am») լինի, քանի որ մշտապէս ամէն ինչ այլ կերպ է ցանկանում անել: Ձեռներեցին բնորոշ է յարմարաւէտութեան գօտուց դուրս գալու պատրաստակամութիւնը, հետաքրքրասիրութիւնը, նորի ձգտումը եւ իր գաղափարներով միւսներին ոգեւորելու կարողութիւնը»,- նշել է Վարդանեանը:

Վարդանեանի խօսքով՝ բարդ է իդէալիստ լինել մի հարցում եւ կոշտ ռէալիստ՝ մէկ այլ հարցում. «Ես անձամբ միշտ եղել եմ իդէալիստ, ռոմանտիկ, հաւատով, որ բարին աւելի լաւ է, քան չարը: «Financial Times»-ն ինձ բնութագրել է որպէս «փնթփնթացող լաւատես»: Դա ընտրութեան հարց է: Կարելի է հաւատալ բարեկեցիկ ելքին եւ ձգտել երեխաներին աւելի լաւ աշխարհ ժառանգել, քան մենք ենք այն ստացել»:

Գործարարը նշել է, որ ներդրումը մարդկանց մէջ թէեւ երկարատեւ գործընթաց է եւ կարող է 7, 8, 10 տարի տեւել, սակայն արդարացնում է իրեն:

Բացի դրանից, նա խորհուրդ է տալիս ձեռներեցներին 2 տարին մէկ անգամ առնւազն 2 շաբաթով որեւէ տեղ մեկնել սովորելու. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ առաջնայինը կապերն են, համացանցը, շփումն ու ուսումը: Անհրաժեշտ է ընդլայնել գիտելիքների եւ ծանօթների շրջանակը»:

Վարդանեանը խօսել է նաեւ Հայաստանի Գիտատեխնոլոգիական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) մասին, որն ստեղծւել է երկրում նորարարութիւնների համար միջավայր ապահովելու նպատակով: Նրա խօսքով՝ «FAST»-ի համար առաջնային են 4 բնագաւառ՝ մեթոդներ եւ տեսութիւն, տւեալների վերլուծութիւն, ներառեալ՝ արհեստական ինտելեկտը, համակարգչային կրթութիւն, տւեալների մոդելաւորում կենսատեխոնոգիայի եւ միկրոէլեկտրոնիկայի ասպարէզում:

Ռուբէն Վարդանեանը 1992-ից ղեկավարել է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերութիւնը, որտեղ հասել է տնօրէնների խորհրդի նախագահի պաշտօնին նախքան 2012-ին ընկերութիւնը «Սբերբանկ»-ին վաճառելը: Մինչեւ 2015 թւականը եղել է «Սբերբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահ Գերման Գրէֆի խորհրդականը: Վարդանեանը նաեւ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրն է, ինչպէս նաեւ «Սկոլկովո» կառավարման մոսկովեան դպրոցի համահիմնադիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։