Հա

Հասարակական

23/07/2018 - 11:40

Վարչապետի ու նախագահի կանայք. մրցակիցնե՞ր, թէ՞ համախոհներ

Ի տարբերութիւն այլ երկրների, Հայաստանում առաջին տիկնոջ «պաշտօնը» կիսում են վարչապետի տիկին Աննա Յակոբեանը եւ նախագահի տիկին Նունէ Սարգսեանը։ Հանրութեան մէջ նրանց ամէն յայտնւելուց յետոյ սկսւում են բուռն քննարկումներ եւ բազմաթիւ հրապարակումներ ԶԼՄ-ներում։ Նրանք համեստօրէն ժպտում են եւ գրգռում հանրութեան ուշադրութիւնը։

«alikonline.ir» - Ի տարբերութիւն այլ երկրների, Հայաստանում առաջին տիկնոջ «պաշտօնը» կիսում են վարչապետի տիկին Աննա Յակոբեանը եւ նախագահի տիկին Նունէ Սարգսեանը։ Հանրութեան մէջ նրանց ամէն յայտնւելուց յետոյ սկսւում են բուռն քննարկումներ եւ բազմաթիւ հրապարակումներ ԶԼՄ-ներում։ Նրանք համեստօրէն ժպտում են եւ գրգռում հանրութեան ուշադրութիւնը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Առաջին տիկին լինելը բարդ է։ Մամուլի եւ հասարակութեան մշտական ուշադրութիւն, բազմաթիւ արարողակարգային միջոցառումներ, որոնց ժամանակ պէտք է պատշաճ տեսք ունենալ։ Որպէս կանոն՝ նրանց նկատմամբ աւելի բծախնդիր են, քննարկում են բոլոր թերութիւններն ու արժանիքները, համեմատում միւս պետութիւնների ղեկավարների կանանց հետ՝ հաշւի առնելով արտաքինը, ինտելեկտը, դաստիարակութիւնը եւ հումորի զգացումը։ Երբեմն, քաղաքական գործիչների կանանց անյաջող հագուստն աւելի շատ են քննարկում, քան նրանց ամուսինների կողմից վարւող քաղաքականութիւնը։

Հայաստանի դէպքում առաջին տիկին լինելն աւելի բարդ է, քանի որ տւեալ պահին նրանք, ըստ էութեան, երկուսն են՝ վարչապետի կին Աննա Յակոբեանը եւ նախագահի կին Նունէ Սարգսեանը։ Բացի այն, որ այդ կանանց ակամայ համեմատում են Հայաստանի նախորդ նախագահների կանանց հետ, նրանք ստիպւած են լինում «մրցել» հայ հասարակութեան համակրանքի համար։ Ամէն դէպքում նրանց կապում է մի շատ կարեւոր գործօն՝ երկուսն էլ լրագրող են։ Հոգեբանների կարծիքով՝ դա չի կարող չանդրադառնալ նրանց բնաւորութեան վրայ։ Նրանք կարծում են, որ այդ մասնագիտութիւնն ընտրած կանայք աւելի ճշտապահ են, հաւակնոտ, սթրեսակայուն, հակւած են վերլուծական մտածողութեան եւ հումանիզմի, սառնարիւն են եւ արւեստասէր։

 

Բնաւորութիւնը եւ գործունէութիւնը

Աննա Յակոբեանի դէպքում միանշանակ կարելի է  նշել բարեհոգութիւնը, գթասրտութիւնը եւ դիմացկունութիւնը։ Նա շահել է շատ քաղաքացիների համակրանքը, որովհետեւ որպէս «դեկաբրիստի» կին եղել է ամուսնու կողքին ամենածանր պահերին։ Բացի այդ, Աննան սատարել է ամուսնուն, երբ նա գտնւել է բանտում։ Այդ շրջանում նա փոխարինել է Նիկոլ Փաշինեանին թերթի խմբագրի պաշտօնում։ Թաւշեայ յեղափոխութեան սկզբից Աննան ուղեկցել է ամուսնուն, իսկ երբ ձերբակալել են շարժման առաջնորդներին, նա վերցրել է խօսափողը եւ իր ելոյթով ցնցել Հանրապետութեան հրապարակում հաւաքւած մարդկանց։

Յակոբեանը վերջերս հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը (Փաշինեանի շարժման անւանումը)։ Այն կոչւած է հարթակ դառնալ բոլոր խնդիրների լուծման համար, որոնք մինչեւ հիմա լիովին չեն լուծւել։ Աւելի վաղ Աննա Յակոբեանը կոչ է արել հայերին իրենց բնակարանները տրամադրել բնակչութեան սոցիալապէս անապահով խաւերին։ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն` Փաշինեանների ընտանիքն արդէն արել է դա եւ կառավարական առանձնատուն տեղափոխւելուց յետոյ իրենց բնակարանը տրամադրել աղքատ ընտանիքի։

Հայաստանի նախագահի կինը՝ Նունէ Սարգսեանը, աւելի մօտ է արւեստին։ Նրան մանկուց գրաւել է ստեղծագործելը․ երբ 10 տարեկան էր, սկսել է աշխատել ռադիոյում, իւրաքանչիւր առաւօտ աւտոբուսով, առանց մեծահասակների ուղեկցութեան, նա հասել է աշխատանքի վայր եւ եթերում մանկական գրքեր ընթերցել։ Հաւանաբար, հէնց դա էլ անդրադրաձել է նրա հետագայ գործունէութեան վրայ։ Սարգսեանը յաջողակ մանկագիր է դարձել։ Վերջերս կայացել է նրա «The Magic Buttons» («Կախարդական կոճակները») 14-րդ գրքի շնորհանդէսը։ Նա ունի Դէյւիդ Լինլիի կահոյքի ամենամեծ հաւաքածուներից մէկը։ Դիզայները՝ թագուհու ազգականը, նրա մտերիմ ընկերներից է։

Նունէ Սարգսեանը երկար տարիներ համակարգում է «Yerevan My Love» (Երեւան, իմ սէր) բարեգործական կազմակերպութեան աշխատանքը, որը զբաղւում է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հին եւ կիսաքանդ շէնքերի վերակառուցմամբ, վերածում դրանք երաժշտական, հասարակական եւ մարզական կենտրոնների, որտեղ անապահով ընտանիքների երեխաները կարող են զարգացնել իրենց տաղանդները։ Նա նաեւ անցկացրել է բարեգործական երեկոներ, դրամահաւաք Բուկինհեմեան պալատում եւ Վինձորեան ամրոցում։ Հիմա կենտրոնացած է Հայաստանում բարեգործութեան վրայ։

Ընտանիքը եւ ծանրութիւնը

Աննան եւ Նիկոլը ծանօթացել են 1995 թւականին «Մոլորակ» թերթի խմբագրութիւնում։ Առաջին կուրսեցի Յակոբեանը փորձել է յօդւածը յանձնել խմբագրութիւն, իսկ Փաշինեանն արդէն յայտնի ընդդիմադիր լրագրող է եղել։ Աննան բազմիցս խոստովանել է, որ շատ է լսել նրա մասին եւ իրեն շատ հետաքրքիր է եղել, թէ ինչպիսին է Նիկոլ Փաշինեանն իրականում։ Չորս երեխաների մայրը միշտ նշում է, որ իրենց ընտանիքում տիրում է աւանդական հայկական մթնոլորտ, կան շատ խնդիրներ, բայց սէրն օգնում է նրանց յաղթահարել դրանք։ Ընտանիքի համար ուրախութիւն է դարձել «թաւշեայ յեղափոխութեան» շունը՝ Չալոն, որն ապրում է վարչապետի առանձնատանը։

Նունէն եւ Արմէնը ծանօթացել են Խորհրդային Հայաստանում, դեռ դպրոցում, երբ Նունէն եղել է 14 տարեկան, իսկ Արմէնը՝ 15։ Նունէն մի քանի անգամ ասել է, որ իրենք երազել են Լոնդոնում ապրելու մասին եւ շատ երջանիկ են եղել, երբ Արմէն Սարգսեանին նշանակել են այդ երկրում դեսպան։ Նունէն հպարտանում է իր որդիներով՝ Վարդանով (աւագը) եւ Հայկով (կրտսերը)։ Վարդանն աշխատում է կիբեր անվտանգութեան ոլորտում, նա գլխաւորում է «Knightsbridge Cybersystems»-ը՝ «Knightsbridge Group»-ի դուստր ընկերութիւնը։ Հայկն օգնում է ընտանեկան բիզնեսում։ Նունէն մեծ սիրով է արտայայտւում թոռների մասին, որոնց հետ հաճոյքով շփւում է ազատ ժամանակ։ Ուշադրութիւնից զուրկ չէ նաեւ ընտանիքի կենդանին՝ Կոլօ բուլդոգը։

 

Ոճը եւ արտաքինը

Աննա Յակոբեանին մօտ առաջին հերթին աչքի են ընկնում գանգուր մազերը, խոհուն հայեացքը, ժպիտը եւ համեստ հագուստը։ Նկարիչ եւ դիզայներ Արմէն Երիցեանն օգնել է «Sputnik» Արմենիային վերլուծել Յակոբեանի եւ Սարգսեանի ոճերը։

Ներդաշնակութիւնը եւ պարզութիւնը Փաշինեանի կնոջ ոճի հիմքերն են։ Ջինսէ տաբատով եւ սպիտակ վերնաշապիկով նա նշում է, որ հազարաւոր հայ կանանցից մէկն է, որոնք կանգնել են հրապարակում յեղափոխութեան օրերին։ Յակոբեանը յաջողութեամբ համադրում է արարողակարգով պարտադրւած զգեստներն ու սանրւածքներն ամէնօրեայ հագուստի եւ գանգուրների հետ։ Երեւանի փողոցներում այսպէս հագնւած շատ աղջիկների կարելի է տեսնել։ Այս փաստով ընդգծւում է այն ուղերձը, որ ինքը դուրս է եկել ժողովրդի ծոցից, նրա մի մասնիկն է։

Նախագահ Արմէն Սարգսեանի կինն ընկալւում է որպէս նրբագեղութեան եւ ուղեւորութեան խորհրդանիշ։ Կարճ սանրւածք, Շանէլի ոճով կոստիւմներ, համեստ զարդեր եւ ժպիտ։ Նա ոգեշնչում է իր էլեգանտութեամբ եւ զսպւածութեամբ. հայ հասարակութիւնում, նոյնիսկ վերնախաւում քիչ են նման կանայք։ Նունէն բարեկրթութեան մարմնաւորում է, ինչը գրաւում է ինչպէս երիտասարդ աղջիկներին, այնպէս էլ հասուն կանանց։ «The Daily Mail» պարբերականի հեղինակ Շառլոտ Պիրսոն Մետւէնը նախագահի կնոջ մասին իր յօդւածում գնահատել է ոչ միայն Չելսիում Սարգսեանների շքեղ, «անթերի ճաշակով» տունը, այլ նաեւ տանտիրուհու բանիմացութիւնը։

Ի հեճուկս տարածւած կարծիքի, որ երկու ուժեղ անձինք չեն կարող գոյատեւել մի տարածքում, Հայաստանի առաջին տիկինները հակառակն են ապացուցում։ Երկուսն էլ շատ բարեացակամ են միմեանց նկատմամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։