Հա

Հասարակական

31/07/2018

Բառերի ու արժէքների ծռմռւած իրականութիւնում

Երբ մարդանման արարածն իջաւ ծառից, սովորեց կանգնել 4 վերջոյթներից երկուսի վրայ ու իր մօտ կանգնած նմանակին փորձեց հարցնել՝ ո՞նց ես, չկարողացաւ, քանի որ դեռ խօսել չգիտէր ու բառեր չունէր։

Ու մարդը պայմանաւորւեց իր նմանների հետ ու որոշւեց՝ սա ջուր է, սա քար, սա հաց, սա ծառ, սա…

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴԵԱՆ

 

Երբ մարդանման արարածն իջաւ ծառից, սովորեց կանգնել 4 վերջոյթներից երկուսի վրայ ու իր մօտ կանգնած նմանակին փորձեց հարցնել՝ ո՞նց ես, չկարողացաւ, քանի որ դեռ խօսել չգիտէր ու բառեր չունէր։

Ու մարդը պայմանաւորւեց իր նմանների հետ ու որոշւեց՝ սա ջուր է, սա քար, սա հաց, սա ծառ, սա…

Այդ օրւանից անցել են տարիներ, լաւ՝ մի քանի հազար տարի։

Սկզբի մի քանի դարերում կարծես թէ ամէն ինչ նորմալ էր՝ գոնէ՝ միմեանց հետ հաղորդակցւելու, միմեանց որպիսութիւն հարցնելու առումով։ Բայց դա մինչեւ այն պահը, երբ մարդկանց մի խումբ առանձնացաւ, որն սկսեց աճպարարութիւններ անել բառերի, իմաստների ու արժէքների հետ։ Նրանք հռետորներն ու վիճաբանելու համար ուշքները գնացող ճարտասաններն էին։

Հետագայում նրանցից սերեցին քաղաքական գործիչներն ու փաստաբանները, մեր օրերում նրանց շարքերը լրացրեցին սոցցանցային անխաւ  քոմենթագիրները։ Բոլորին, անկախ իրենց տարատեսակութիւնից, կրթութիւնից, գիտելիքների պաշարից ու խայտաբղետութիւնից, միաւորում է մէկ բան՝ բառն ու խօսքը արժեզրկելը։

Ես հին ու քարացած մտածելակերպով մէկն եմ, ում համար ջուր՝ դա նշանակում է ջուր, քար՝ նշանակում է քար, երկինքը՝ երկինք, հողը՝ հող, սէրը՝ սէր, բարութիւնը՝ գոնէ չարութեան ու չարացածութեան բացակայութիւն։ Վերջ։

Բայց կամայ թէ ակամայ հետեւելով անկախ Հայաստանի վերածննդի առաջին օրերից մեր արժեհամակարգի խեղաթիւրմանն ու բառաքանդութեանը՝ ստիպւած ենք եւս մէկ անգամ արձանագրելու. մեր հասարակութիւնում  արդէն երեք տասնամեակ շարունակւում է բովանդակութեան ծռմռումը, քիչ թէ շատ յայտնի ձեւակերպումների ու բառերի իմաստազրկումն այնքան, որ դրանք վաղուց զրկւել են սկզբնական ու հիմնական իմաստներից։

ՀՀՇ-ի իշխանութեան տարիներին արժեզրկւեցին արդարութիւն, հաւասարութիւն, անկախութիւն, ընտրութիւն, ֆիդայի, կարեկցանք, պետականութիւն, թալան ու էլի շատ բառեր եւ հասկացութիւններ։

Նրանց շարունակողների օրօք արժեզրկւեցին աճ, բարեկեցութիւն, տղամարդ, քաղբանտարկեալ, բարգաւաճ, խօսք, խօսքի ազատութիւն, գաղջութիւն, վիճակագրութիւն, կայունութիւն, ու կրկին՝ արդարութիւն, հաւասարութիւն, թալան ու էլի շատ բառեր եւ հասկացութիւններ։

Ապրիլեան իրադարձութիւնների արդյիւնքում իշխանափոխութիւնից յետոյ, մի պահ թւաց, որ գոնէ բառախաղությեանը վերջ կը տրւի, սակայն գոնէ այդ առումով ոչինչ չի փոխւել։ Արժեզրկւեցին ու շարունակում են արժեզրկւել-իմաստափոխւել յեղափոխութիւն, ժողովրդավարությիւն, սէր, հանդուրժողականութիւն, բազմակարծութիւն, բարութիւն, հա, մէկ էլ թաւիշ բառը, ու դա ենթադրել է տալիս, որ այդ շարքում կը շարունակեն իրենց հաստատուն իմաստազրկւած կարգավիճակը պահպանել արդարութիւն, հաւասարութիւն, թալան ու էլի շատ բառեր եւ հասկացութիւններ։

Որպէս յետգրութիւն՝ ֆէյսբուքեան մի գրառում, որը կարծես թէ բարութեան մասին է. «Նոյն այդ սիրոյ եւ հանդուրժողականութեան դրսեւորումն է այն, որ ժողովուրդը անցած ազգադաւ իշխանութեանը քարերով չի սպանում»։

Այսքանից յետոյ մարդ քիչ է մնում երազի, թէ երբ է մարդը կրկին ծառը բարձրանալու, չնայած կարծես թէ դրան շատ չի մնացել՝ հաշւի առնելով դեգրադացման արագութիւնը…

«yerkirmedia.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։