Հա

Հասարակական

05/08/2018

Կեանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգէյ Համբարձումեանը

ՀՀ ԳԱԱ նախագահութիւնը խորը ցաւով յայտնում է, որ կեանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի արտասահմանեան անդամ, համաշխարհային հեղինակութիւն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտութեան ու կրթութեան հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական յայտնի գործիչ Սերգէյ Համբարձումեանը: 

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ նախագահութիւնը խորը ցաւով յայտնում է, որ կեանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի արտասահմանեան անդամ, համաշխարհային հեղինակութիւն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտութեան ու կրթութեան հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական յայտնի գործիչ Սերգէյ Համբարձումեանը: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայութիւնից, ստեղծւել է կառավարական յանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգէյ Համբարձումեանի յուղարկաւորութեան արարողութեան կազմակերպման համար: Սերգէյ Համբարձումեանի հոգեհանգստի արարողութիւնը տեղի կունենայ օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Յովհաննէս եկեղեցում: Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի կունենայ օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահութեան շէնքից: 

Սերգէյ Համբարձումեանի առաջին իսկ աշխատանքները գրաւել են համաշխարհային գիտական հասարակութեան ուշադրութիւնը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոս Համբարձումեանի գիտական հետազօտութիւնների հիմնական բնագաւառը դեֆորմացւող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղութիւնների հիմնադիրներից մէկն է: Նրա կողմից ստեղծւել է անիզոտրոպ շերտաւոր թաղանթների տեսութիւնը, որի հիման վրայ լուծւել են յոյժ կարեւոր խնդիրներ թռչող սարքերի եւ բարակապատ կառուցւածքների հաշւարկների եւ նախագծման վերաբերեալ: Սերգէյ Համբարձումեանի կողմից առաջարկւել են սալերի եւ թաղանթների ճշգրտւած տեսութիւններ, որոնք օգնել են նոր տեսանկիւնից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նիւթերից պատրաստւած բարակապատ համակարգերի հաշւարկի պրոբլեմները եւ խթանել են տեսական խորը հետազօտութչւններ: 

Ակադեմիկոս Համբարձումեանի եւ նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակւել է բարակ մարմինների մագնիսաառաձգականութեան տեսութիւնը: 

Հիմնարար մեծ նշանակութիւն ունեն Սերգէյ Համբարձումեանի կողմից ստացւած արդիւնքները դեֆորմացվող մարմնի ոչ գծային, ջերմային եւ այլ յոյժ կարեւոր պրոբլեմների լուծման բնագաւառներում: 

Սերգէյ Համբարձումեանը դասաւանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում եւ Երեւանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարութեամբ աւելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1977-1991 թթ. Սերգէյ Համբարձումեանը եղել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորը։ 

Սերգէյ Համբարձումեանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակական կեանքում։ 1975-1980 թթ. հանդիսանալով Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր ու նախագահ, իսկ 1979-1992 թթ.՝ ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի պատգամաւոր, 1989 թւականից՝ ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի նախագահութեան անդամ՝ նա միշտ անզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը: 

Ակադեմիկոս Սերգէյ Համբարձումեանի վաստակը բարձր է գնահատւել: ԽՍՀՄ կառավարութեան կողմից նա արժանա­ցել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրօշի, Սերգէյ Վաւիլովի անւան, Հոկտեմբերեան յեղափոխութեան, Պատւոյ նշան շքանշանների: Պարգեւատրւել է Սուրբ Սահակի եւ Սուրբ Մեսրոպի, Եան Կամենսկու շքանշաններով, «Աշխատանքային արիութեան համար», «Խաղաղութեան մարտիկ», «Բարեկամութիւն», Երեւանի պետական համալսարանի, Մոնպելէի համալսարանի, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով Սերգէյ Համբարձումեանը պարգեւատրւել է «Ժողովուրդների բարեկամութիւն» շքանշանով, ՀՀ նախագահի հրամանագրով` «Տիգրան Մեծ» շքանշանով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։