Print this page
07/08/2018 - 13:20

Յեղափոխութիւնը պիտի լինի մեր մէջ

Մենք մեր իշխանութիւններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տէր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնէ մեր հասարակութիւն մի մասը/ մեզ ընձեռւած հնարաւորութիւնների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինութիւն գործել, եթէ վստահ ենք որ չենք պատժւի:

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Մենք մեր իշխանութիւններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տէր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնէ մեր հասարակութիւն մի մասը/ մեզ ընձեռւած հնարաւորութիւնների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինութիւն գործել, եթէ վստահ ենք որ չենք պատժւի: Այսինքն մենք յաճախ չենք գործում զանցանքներ ու յանցանքներ, որոնք կը վնասէին հանրային, ազգային-պետական շահը, ոչ այն պատճառով, որ ունենք քաղաքացիական խորը գիտակցում կամ պետական մտածողութիւն, այլ վախենում ենք պատժւելուց:

Սա հիւանդութիւն է, մինչ հիմա նոյնիսկ լրջօրէն չախտորոշւած մի հիւանդութիւն, որն ունի խորը արմատներ եւ մէկ օրում էլ չի բուժւի։ Դա նախ եւ առաջ երկարամեայ ազգային պետականութեան բացակայութեան արդիւնք է։ Այն բանի արդիւնքը, որ 14-րդ դարից մինչեւ 20-րդ դար /իսկ մեր բուն հայրենիքում սկսած 11-րդ դարից/ որեւէ պետութիւն, որի իշխանութեան տակ ապրել ենք չի եղել մերը, եղել է օտարինը, եղել է մեզ ոչ հարազատ։ Ուստի մենք չենք ցաւել նրա հարստութեան, ինչքի, տարածքների ընդարձակման կամ փոքրացման համար: Մեզ աւելի շատ յուզել է մեր սեփական տնամերձի պահպանումն ու ընդարձակումը, ձեռք բերած բերք ու բարիքի չափը, քան հանրային, պետական ունեցւածքի ճակատագիրը։ Աւելին, մենք միշտ օտար կեղեքիչ պետութիւնից փորձել ենք թաքցնել մեր սեփական ունեցւածքի իրական չափը՝ ծանր հարկերից խուսափելու համար։ Եւ սա խիստ բնական է, այդպէս էլ պիտի լինէր։

Այսպէս մենք հասանք 20-րդ դարասկզիզբ, երբ յաջողւեց ստեղծել ազգային անկախ պետականութիւն։ Աա արդէն մեր համազգային երկունքի արդիւնքն էր։ Մենք էինք ծնել այդ զաւակին եւ պարտաւոր էինք սնել։ Բայց հասկանալի է՝ դարերով արմատացած հիւանդութիւնը մէկ օրում չէր վերանայ: Հացի, բամբակի պետական մենաշնորհի քաղաքականութիւնը, որը պետութեան ու ժողովրդի փրկութեան օգտին էր հեշտ չիրականացւեց։ Պետական թալան միջին չինովնիկների, զինւորականութեան, հասարակ ժողովրդի կողմից այն ժամանակ եւս գոյութիւն ունէին։ Թէեւ ակնյայտ էր նաեւ, որ շարքային քաղաքացիների յանցանքն ու զանցանքը հիմնականում գոյութիւն պահելու, ֆիզիկական ոչնչացումից փրկւելու համար էր: Այնուամենայնիւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը այն բաղձալի ազգային պետութիւնն էր, որի հովանու ներքոյ հայ մարդը պիտի վերափոխւէր, պիտի դառնար իր պետութեան իսկական քաղաքացին, դառնար ազգային մտածողութեան, ինքնութեան եւ պետական շահի գիտակցողն ու կրողը /գուցէ հէնց այդ նկարագիրն ունէր իր հզօր պետականութիւնների գոյութեան շրջանում/:

Արտաքին քաղաքական իրողութիւնների բերումով Հայաստանը կորցրեց անկախութիւնը՝ տեղը զիջելով խորհրդային բոլշեւիկեան կարգերին։ Այս իշխանութիւնը, որը կառավարեց, այսպէս ասած, Հայաստանի Երկրորդ Հանրապետութեան շրջանում, եկաւ նախ եւ առաջ ազգայինը մերժելու։ 70 տարի քարոզւեց, որ այս հայրենիքը միայն հային չի պատկանում, սա խորհրդային մեծ հայրենիքի մի մասն է եւ պատկանում է խորհրդային բոլոր ժողովուրդներին։ Խորհրդային պետութիւնը մեզ օտար էր եւ երբ նա սկսեց մի քիչ հարստանալ, մենք այլ ազգերի, նոյն ռուսների հետ սկսեցինք սիրով թալանել այդ երկիրը, խուսափել լաւ քաղաքացի լինելուց: Ահա այսպիսին էինք, երբ եղաւ մեծ բեկումը՝ 88-ի արցախեան շարժումը, խորհրդային միութեան փլուզումն ու Հայաստանի անկախացումը:

88-ի ազգային վերազարթօնքն ու բաղձալի անկախութեան ձեռքբերումը թւում էր թէ մեզ պիտի մաքրի, դարձնի ազգային պետութեան կրողն ու սրտացաւ քաղաքացին, ասել է թէ՝ շարունակւի այն, ինչ սկսւել էր 1918-ին: Աւաղ, օրւայ իշխանութիւնների ոչ ազգակենտրոն քաղաքականութիւնը, սոցիալ-տնտեսական դժւարութիւններն եւ յատկապէս անարդարութեան տարածումը թոյլ չտւեցին վերափոխւել, բարձրանալ մեզանից վեր, արժանի դառնալ հռչակւած ազգային արժեհամակարգին:

Այս անսէր ու հիասթափւած հոգեվիճակը տարբեր դրսեւորումներ ունեցաւ: Եթէ այդ բոլոր դրսեւորումները մէկ բառով բնութագրենք, կարող ենք այն կոչել՝ անտարբերութիւն: Անտարբերութիւնից ծնունդ առաւ ու ձգւեց մեր նորանկախ երկիրն արնաքամ անող արտագաղթը: Իսկ մնացողները… Նրանք տարտամ քայլերով շարունակում էին իրենց ճանապարհը, շատերն ինքնաբերաբար, շատերն հաւատալով, մի մասը տեղային կռիւներ տալով, բայց ամէն ընտրութիւնից ընտրութիւն նորից հիսաթափւելով…. հայ մարդն իրեն զգում էր անպիտան, իր երկրում կամաց-կամաց կորցնում էր տիրոջ զգացումը… 2016 թ.-ի գարնանը, երբ վրայ հասաւ ապրիլեան պատերազմը, կարծես թէ ընձեռւել էր պատմական այն հնարաւորութիւնը, երբ կարող էին մենք մեզ վերագտնել, թօթափել մեր անտարբերութիւնը, զգալ, սեփական կարեւորութիւնը: Մենք համախմբւած էինք ինչպէս 88-ին: Սա լաւագոյն հիմքն էր վերածնւելու եւ վերափոխւելու համար, բայց ցաւօք օրւայ իշխանութիւնների ու պետական համակարգի հանդէպ հասարակութեան խորը անվստահութիւնը թոյլ չտւեցին ապահովել սկսւածի ճիշտ շարունակութիւնը:

Յաջորդ արթնացումն ու պոռթկումն սպասւածից աւելի շուտ եղաւ: 2018 թ. ապրիլին: Սա առաւել լուրջ էր ու բացառիկ, առաւել համախմբող ու զօրեղ: Եւ այս օրերին, ամէն մէկն զգաց, որ ինքն ընդհանուր յաղթանակի, երկրում բան փոխելու համար խիստ կարեւոր է… Մարդը որպէս քաղաքացի իրեն արժեւորեց ու եռանդուն կպաւ գործի. ամէնքն շտապում էին հրապարակ կամ այնտեղ, ուր կասէր յեղափոխութեան առաջնորդը: Շատերն էին մտածում. «Ես չգնամ, դու չգնաս, բա ո՞վ գնայ….»: Վերջապէս մենք մեզ կարեւորել էինք ու հասկացել, որ մեր միասնութիւնը սարեր շուռ կը տայ: Բայց մեր խնդիրը, մեծ ցաւը, որ դարեր, շարունակ մեզ հետ բերում էինք, էլի չբուժւեց: Մենք եկանք հրապարակից տուն ու էլի յոյսներս դրեցինք մի մարդու վրայ, էլի մտածեցինք, որ մենք մեր գործն արել-վերջացրել ենք… Մենք իրեն բերել, դրել ենք աթոռին ու թող հիմի հրաման տայ, որ մենք լաւ ապրենք… Հրապարակից տուն գալով մենք էլի մտել ենք վատ քաղաքացու դերի մէջ: Տաքսու վարորդն էլի խաբում է, ծանօթ պաշտօնեայ ունես՝ դիմում ես, ճանապարհային տեսուչ ես՝ կաշառք չկայ, չես տուգանում, վարորդ ես, ոստիկան չկայ՝ ոնց ուզում վարում ես մեքենան…. Ու քանի դու այսպիսին ես, դու նոյնն ես, քո ամենալաւ ղեկավարն անգամ վատը կը դառնայ, չի դառնայ՝ կը դարձնես, որ մի օր էլի ասեն՝ «էս պատին, էս ծեփօնը», «իւրաքանչիւր ժողովուրդ արժանի է իր իշխանութեանը», դուք ով էք, «ինչքան ուզենք, էնքան էլ կը խփենք»… Ախ, երանի յեղափոխութիւնը լինէր մեր մտքի ու գիտակցութեան մէջ…

Յարակից լուրեր