Print this page
07/08/2018 - 13:30

Յիշիր վաղւայ օրդ

Յայտնի խօսք կայ՝ «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ», կամ «ժողովուրդը երբեք չի սխալւում»։ Եւ այս խօսք-պոստուլատը ընդունւած է համարել որպէս բացարձակ ճշմարտութիւն։ Արդեօ՞ք․․․

Իհարկէ, «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ» դրոյթը ժողովրդավարութեան հիմնական սկզբունքն է, որը նաեւ հիմքն է արդի քաղաքակիրթ աշխարհի կառավարման համակարգի։ Կրկնեմ յայտնի ճշմարտութիւնը՝ դեռեւս մարդկութիւնը այլ, առաւել արդիւնաւէտ կառավարման համակարգ չի յայտնագործել։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Յայտնի խօսք կայ՝ «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ», կամ «ժողովուրդը երբեք չի սխալւում»։ Եւ այս խօսք-պոստուլատը ընդունւած է համարել որպէս բացարձակ ճշմարտութիւն։ Արդեօ՞ք․․․

Իհարկէ, «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ» դրոյթը ժողովրդավարութեան հիմնական սկզբունքն է, որը նաեւ հիմքն է արդի քաղաքակիրթ աշխարհի կառավարման համակարգի։ Կրկնեմ յայտնի ճշմարտութիւնը՝ դեռեւս մարդկութիւնը այլ, առաւել արդիւնաւէտ կառավարման համակարգ չի յայտնագործել։ Իսկ հնարաւո՞ր է, առանց կառավարման համակարգի ստեղծել համակեցութեան կանոններ, բարքեր։ Կարծում եմ սա երեւակայութեան եւ միայն ուտոպիստ փիլիսոփաների երազանքների ոլորտից է։ Քանի դեռ մարդկութիւնը գոյութիւն ունի, նա կարիք ունի իրեն կառավարելու։ Ողղակի ժողովրդավարութիւնը, համեմատած այլ կառավարման համակարգերի հետ, առայժմ չարեաց փոքրագոյնն է (Վինստոն Չերչիլ)։

Այո, ես ինքս լիովին համաձայն եմ այս սկզբունքին, չնայած վերապահօրէն եմ վերաբերւում այս «համամարդկային» արժէքին։ Փորձեմ բացատրել, թէ ինչու։ Իմ կարծիքով, նոյնիսկ ամենաժողովրդավարական երկրներում քաղաքականութիւն են մտնում մարդիկ, որոնք առանձնապէս մեծ յաջողութիւնների չեն հասնում կամ չեն կարող հասնել գիտութեան, արւեստի կամ այլ բնագաւառներում։

Կամ որոշակի յաջողութըան հասնելով իրենց ոլորտում, փառասիրութեան ձգտումը նրանց ուղղորդում է դէպի քաղաքականութիւն եւ իհարկէ, այն ներկայացւում է տւեալ գործչի կողմից, դէմքի մտահոգ արտայայտութեամբ, որպէս երկիրը փրկելու, հզօրացնելու մտավարժանքներով, իսկ մեզ մօտ «ժողովրդի մատից փուշ հանելու» կարգախօսով։ Եւ իրականում, որպէս կանոն ազատ, արդար, թափանցիկ ընտրութիւնների արդիւնքում յաղթում է այն գործիչը, ով աւելի շատ ֆինանսական միջոցների է տիրապետում, ծախսում (իրարկէ խօսքը չի գնում բացայայտ ընտրակաշառքի մասին) եւ օգտագործելով ԶԼՄ-ները, տարբեր քաղաքական տեխնոլոգիաներ, հռետորական կարողութիւններ, ընդունելով ըստ անհարաժեշտութեան դէմքի տարբեր արտայայտութիւններ՝ խելացի, մտահոգ, ժպտադէմ, ուրախ եւ երջանիկ յաղթում է իր մրցակիցներին եւ դառնում «ժողովրդի ընտրեալը»։

Յաճախ, եթէ ոչ որպէս կանոն, ընտրութիւններում յաղթում է ոչ թեկնածուներից առաւել խելացի, լայն մտածողութիւն ունեցող գործիչը։ Եւ «ժողովուրդը երբեք չի սխալւում» ասոյթը ընդամէնը գեղեցիկ խօսք է։ Այդ տիպի երկրներում, որպէս կանոն, քաղաքական իշխանութիւնները պարբերաբար փոխւում են, եւ նախորդ «մտահոգ», «ժպտադէմ» գործչին փոխարինում է մէկ այլ «մտահոգ», «ժպտադէմ» գործիչ։ Մի փոքր այլ է ազգային-ազատագրական շարժումների, բռնապետական կամ աւտորիտար երկրների ռեժիմների դէմ ծաւալւող պայքարների առաջնորդների հարցը։

Այս դէպքում առաջնորդների գուցէ մեծ մասն իսկապէս նւիրւած է լինում կամ իրենց երկրի ազատագրման եւ անկախութեան գաղափարին, կամ ազատագրելու ժողովրդին բռնապետական ռեժիմից, կամ նւիրւած են լինում որեւէ գաղափարի (օր․՝ սոցիալիստական): Յաջողութեան հասնելու դէպքում, բնականաբար, նրանք, որպէս կանոն, ընտրութիւնների միջոցով հաստատում են իրենց իշխանութիւնը, չնայած մինչ այդ, նրանք յայտարարում են, որ իրենց իշխանութիւնը չի հետաքրքրում (իմ յիշելով միակ բացառութիւնը Մահաթմա Գանդին է):

Իշխանութեան հասնելուց յետոյ յեղափոխական առաջնորդներից նրանք, ովքեր փորձում են հաւատարիմ մնալ սկզբունքներին, կամ դուրս են մղւում, կամ յարմարւում եւ եթէ հանրութիւնը ֆանատիկօրէն շարունակում է պաշտել իրեն նախորդ ռեժիմից փրկողներին, որոշ ժամանակ անց վերջինները սկսում են նմանւել իրենց նախորդներին։ Եւ ցիկլը կրկնւում է, եթէ կառավարման համակարգի լուրջ բարեփոխումներ չեն իրականացւում։ Իսկ բարեփոխումները իրականացւում են միայն հասարակական պահանջի, անհրաժեշտութեան դէպքում՝ նաեւ ճնշման միջոցով։

Այս, թերեւս բաւականին երկարաշունչ, շատերին յայտնի, այլոց համար վիճելի մտքերը ներկայացրեցի որպէս նախաբան, որպէսզի փորձեմ ներկայացնել իմ տեսակէտը Հայաստանում մինչ յեղափոխական եւ յետյեղափոխական շրջաններում հանրային կարծիքի մասին։

Կայացած ժողովրդավարական երկրներում «ժողովրդավարութիւն» հասկացութիւնը նաեւ փոքրամասնութեան ոչ միայն կարծիքի, որն ի դէպ բացարձակ իրաւունք է, նաեւ նրա արտայայտւելու, քննադատելու իրաւունքի պաշտպանութիւնն է։ Ժամանակակից ժողովրդավարութիւնը ներառում է նաեւ իրաւական պետութիւն հասկացութիւնը (անկախ դատարան):

Հակառակ բեւեռում, այն է՝ բռնապետական երկրներում, հանրային կարծիքը ձեւաւորում է իշխանութիւնը, միայն իր կողմից ստեղծւած լրատւամիջոցների, մտաւորականութեան, հոգեւորականութեան քարոզչութեան միջոցով։ Եւ մեծ համարձակութիւն, եթէ ոչ անձնազոհութիւն է պահանջում գնալ ամբողջատիրական, միասնական հանրային կարծիքի դէմ՝ հոսանքին հակառակ։ Յիշում եմ ԽՍՀՄ տարիներին մեր, հայաստանեան հանրութիւնը ինչպէս էր վերաբերւում այլախոհներին․«գժեր», «որ ի՞նչ», «ի՞նչ են ուզում, չեմ հասկանում» եւ այլն։ 80-ականների վերջին իրավիճակը փոխւեց, իսկ արդէն 88-91-ին անկախութիւնից յետոյ, նոյն հանրութիւնն արդէն, թօթափելով ամբողջատիրութեան բեռը, արդէն ֆանատիկօրէն պաշտում էր արցախեան շարժման առաջնորդներին, մինչեւ որ վերջինները իրենց հերթին ստեղծեցին աւտորիտար համակարգ, որը եւ շարունակւեց մինչեւ 2018 թ․։

Իհարկէ, անկախ Հայաստանի 90-ականներից ձեւաւորւած ռեժիմը չես համեմատի ԽՍՀՄ-ի հետ, ամէն դէպքում գոյութիւն ունէին ընդդիմադիր կուսակցութիւններ, ոչ կառավարական կազմակերպութիւններ, ընդդիմադիր, որոշակիօրէն անկախ լրատւամիջոցներ։ Եւ որքան էլ իշխանութիւններն իրենց նոյն խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ հանրային կարծիք էին փորձում ձեւաւորել նոյն լրատւամիջոցների, մտաւորականութեան եւ հոգեւորականութեան միջոցով, հանրութիւնը մի կողմից տրւում էր քարոզչութեանը, միւս կողմից համակրում էր իշխանութեանը քննադատողներին, նաեւ զարմանում նրանց համարձակութեան վրայ։ Նա կարող էր հիանալ ընդդիմութեան առաջնորդներով, հասարակական գործիչներով, բայց հաճոյանալ եւ, իհարկէ փողով, քւէարկել իշխանութեան օգտին։ Իսկ այդ նոյն քաղաքական, հասարակական գործիչներից շատերը մտքում կամ բարձրաձայն մեղադրում էին ժողովրդին իր հպատակութեան համար եւ իրենք էլ իրենց հերթին յարմարւում իրավիճակին։

Յեղափոխական, յեղափոխականին մօտ, յետյեղափոխական իրավիճակակներում (1988-1991 թթ․, 1996 թ․, 2008 թ․, 2018 թ․) հանրութեան կողմից ճանաչւած մտաւորականները լինում են սպասողական վիճակում։ Նրանց համար անսպասելի եւ անընդունելի են փոփոխութիւնները, բայց ժամանակի ընթացքում, յետյեղափոխութիւնից որոշ ժամանակ անց, նրանց մեծ մասը սահուն կերպով անցում են կատարում դէպի նոր իշխանութիւններին ծառայելու «պետականամէտ» գործին։

Իսկ բուն յեղափոխութիւնը ծնում է իր «մտաւորականներին»։ Վերջիններիս մի մասը անկեղծ, բայց մեծ մասը, որոնք արդէն յարմարւել եւ իրենց ծառայութիւններն էին առաջարկում նախկին «յանցաւոր ռեժիմին», զգալով յեղափոխութեան շունչն ու զանգւածների անհանդուրժողականութեան եւ վրէժի բուռն ցանկութիւնը, յեղափոխականներից առաւել արմատական ելոյթներ են ունենում, յօդւածներ գրում, գրառումներ անում եւ դառնում յեղափոխականների սիրելին։

Հաճելի է լինել յեղափոխական զանգւածում, առաւել հաճելի է լինել նրա սիրելին։ Բոլորը միանման են մտածում, իրենց պաշտպանւած զգում, ցանկացած իրենց տեսակէտին չհամընկնող, նոյնիսկ մի փոքր տարբերւող կարծիք արտայայտողին հայհոյում։ Եւ ով աւելի սուր հայհոյի դառնում է յեղափոխական զանգւածի հերոսը եւ ստանում անթիւ-անհամար «լայքեր»։ Իհարկէ, հակառակ կարծիք ունեցողներից շատերն էլ «հրեշտակներ» չեն եւ օգտագործում են նոյն հայհոյախառն բառապաշարը։

Հետաքրքրական է, որ յեղափոխական «մտաւորականներից» շատերը տարբեր ֆորումներում դէմքի խելոք արտայայտութեամբ խօսում են խօսքի եւ կարծիքի ազատութեան մասին, մէջբերելով Վոլտերի յայտնի ասոյթը․ «Ես կտրականապէս դէմ եմ քո կարծիքին, բայց կեանքիս գնով կը պաշտպանեմ այն ասելու քո իրաւունքը»։ Այդպէս էլ մեր հասարակութիւնը չկարողացաւ ստեղծել քաղաքական բանավէճի, եւ ոչ միայն քաղաքական, մշակոյթ։ Նկատի ունեմ քննադատական մշակոյթ։ Մեզ բնորոշ է ոչ թէ քննադատելն ու քննադատութիւնն ընդունելն ու քաղաքակիրթ ոճով դրան պատասխանելը, այլ հայհոյելն ու քծնելը։ Յաճախ նոյն անձինք ում հայհոյում էին, որոշ ժամանակ անց նոյն մարդուն սկսում են քծնել եւ հակառակը։

Եւ երէկւայ «յանցաւոր ռեժիմին» ծառայողները ողջունելով յեղափոխութիւնը դառնում են հերոսներ, իսկ նոյն ռեժիմին տարիներ քննադատողները, նոյն յեղափոխութեանն աջակցողներն ու ողջունողները, եթէ թէկուզ մի փոքր այլ կարծիք են ունենում , դառնում են «ծախւածներ», «դաւաճաններ», եւ այլն (թւարկեցի ամենամեղմ պիտակաւորումները)։

Եւ, թերեւս նոյնպիսի համարձակութիւն է պահանջւում, ինչպէս ամբողջատիրական համակարգում, գնալ յեղափոխական տրամադրութիւնների դէմ, այսինքն՝ հոսանքին հակառակ։ Ուշագրաւ վերլուծութիւն ունի բելոռուս փիլիսոփա Վլադիմիր Մացկեւիչը իր «Բելոռուս ինտելեկտուալի ինքնորոշումը» յօդւածում:

Ըստ Մացկեւիչի ինտելիգենցիա (մտաւորականութիւն) հասկացութիւնը բնորոշ է եւրոպական ծայրամասին, իսկ ազատ եւրոպական հասարակարգում ինտելիգենցիային փոխարինում են ինելեկտուալները, որոնք ազատ մտածողներ են եւ նոր գաղափարներ տարածողներ։

Կարծում եմ ընթերցողը հասկացաւ, որ վերոգրեալը վերաբերում է նաեւ այսօրւայ յետյեղափոխական իրավիճակին։ Իհարկէ, նախորդ իշխանութեան ներկայացուցիչների ինքնավստահութեան եւ անհանդուրժողականութեան, անպատժելիութեան պատճառով է տարիների ընթացքում հանրութեան մէջ կուտակւել դառնութիւնն ու չարութիւնը։ Եւ հիմա ոչ մի ներում, ոչ մի զիջում։ Անարգանքի սեանն են գամւում Ռոբերտ Քոչարեանի փաստաբանները, նրա խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամաւորները եւ բոլոր նրանք, ովքեր այլ կարծիքի են։ Հետաքրքիր է, ո՞ր պատգամաւորներն էին 1998 թ․ աւելի սկզբունքային, նրանք ովքեր Լեւոն Տէր-Պետրոսեանի համախոհներն էին եւ նրա հետ համերաշխութիւն ցուցաբերելով հրաժարական տւեցին, թէ՞ նրանք ովքեր «կողմնորոշւելով» անցան յեղաշրջման կողմը։ Իմ կարծիքով՝ առաջինները։ Այն ժամանակ հանրութիւնը ճամբարափոխութեան երեւոյթը կոչեց «առնետավազք»։ Իսկ այսօրւայ յեղափոխականները պահանջում են «կողմնորոշւել», «հերոսանալ» եւ անցնել «ժողովրդի կողմը», այսինքն ողջունում «առնետավազքը»։ Գիտեմ, թէ, որն է սրա պատասխանը․ «Բա որ իրենք անում էին լաւ է՞ր, դրանց հասնում է»։ Թէ՞ տարբերութիւն կայ, մի կողմից Լեւոն Տէր-Պետրոսեանի, միւս կողմից Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի միջեւ։ Յիշեցնե՞մ․․․ 

Բայց չէ՞ որ յեղափոխութեան կարգախօսներն էին սէրն ու հանդուրժողականութիւնը։

Ցանկալի կը լինէր, որ երէկւայ յեղափոխութեան առջնորդները, կամ այսօրւայ իշխանութիւնները օգոստոսի 17-ի հանրահաւաքում յիշեցնէին եւ կոչ անէին յարգել յեղափոխութեան կարգախօսները։ Ի վերջոյ, ժամանակները փոխւում են եւ տարիներ անց հնարաւոր է որ նոյն այսօրւայ յեղափոխականները հիասթափւելով եւ գտնելով նոր առաջնորդ այս անգամ սկսեն հայհոյել երէկւայ իրենց պաշտելիներին։ Յիշիր վաղւայ օրդ։

Յ․Գ․- Վերջին օրերին յաճախ եմ մտաբերում 1966 թ․նկարահանւած ամերիկեան «Հետապնդում» ( ռեժիսոր Արթուր Փէն) ֆիլմը։ Ինքնին ֆիլմը հրաշալի է ոչ միայն տաղանդաւոր դերասանների փաղանգով (Մառլոն Բրանդօ, Ջէյն Ֆոնդա, Ռոբերտ Ռետֆորդ) եւ նրանց դերակատարութեամբ, այլեւ ֆիլմի ուսուցողական փիլիսոփայութեամբ։ Իհարկէ, ֆիլմը դիտելիս հիանում ես, յատկապէս գլխաւոր հերոս, շերիֆի կերպարը մարմնաւորող, Մառլոն Բրանդոյի փայլուն դերակատարութեամբ։ Բայց ուշադիր կինոդիտողը կը նկատի նաեւ ֆիլմի երկրորդ, եթէ ոչ առաջին հերոսին, որն է՝ ամբոխը։ Ամբոխը, որը համոզւած է իր ճշմարտացիութեան մէջ, չի ընդունում այլ կարծիք եւ յանուն իրենց քաղաքի բարեկեցութեան եւ յանուն «արդարութեան» պատրաստ է ամէն ինչի՝ ջարդել, քանդել,հրկիզել, ծեծել եւ սպանել։

Յարակից լուրեր