Հա

Հասարակական

08/08/2018 - 09:00

Հայաստանի եօթ միանձնուհիները

Աշխարհի հնագոյն քրիստոնէական երկրներից մէկը` Հայաստանը, որը յայտնի է իր դարաւոր վանքերով, ուր բնակւում են բազմաթիւ վանականներ, ունի ընդամէնը մէկ կանանց մենաստան: Այն բացւել է միայն եօթ ամիս առաջ Արագածոտնի մարզի Ղազարավան գիւղում: Համանուն վանքի եօթ միանձնուհիները Հայաստանում միակն են: 

«alikonline.ir» - Աշխարհի հնագոյն քրիստոնէական երկրներից մէկը` Հայաստանը, որը յայտնի է իր դարաւոր վանքերով, ուր բնակւում են բազմաթիւ վանականներ, ունի ընդամէնը մէկ կանանց մենաստան: Այն բացւել է միայն եօթ ամիս առաջ Արագածոտնի մարզի Ղազարավան գիւղում: Համանուն վանքի եօթ միանձնուհիները Հայաստանում միակն են: Գրում է «chai-khana.org»-ը:

Մինչ 2000 թւականը Հայ Առաքելական եկեղեցին արգելում էր կանանց մենաստանների գոյութիւնը: Ընդունւած մօտեցումն այն էր, որ կանայք ստեղծւած էին միայն բնակչութեան խթանման համար:

Երբ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը արգելքը վերացրեց, որոշ կանայք արձագանգեցին այդ հնարաւորութեանը:

Առաջիններից մէկն էլ 70-ամեայ քոյր Եղիսաբէթն էր: Նա ասում է, որ «սկսել է ճանաչել Աստծուն» Գիւմրի քաղաքում տեղի ունեցած 1988 թւականի աղէտալի երկրաշարժից յետոյ, «բայց ես երբեք չեմ մտածել միանձնուհի դառնալու մասին, քանի որ այն արգելւած էր Հայաստանում»: Միանձնուհու երդումը քույր Եղիսաբէթը տւեց 2000-ին:

«Ուզում էի վիրաբոյժ դառնալ, սակայն Աստւած ինձ այս ճանապարհով տարաւ: Ցանկանում էի տասը երեխայ ունենալ, բայց Աստւած ինձ նւիրեց իմ քոյրերին: Ես հիմա երջանիկ եմ: Չկայ մի պահ, որ ուզենամ լքել այս վայրը»,- ասում է Ղազարավանի մենաստանում ապրող քոյր Եղիսաբէթը:

Ղազարավանի մենաստանն է, որտեղ միանձնուհիները հոգեւոր ծառայութիւն են մատուցում:

70-ամեայ քոյր Եղիսաբէթը ծնւել է Աբխազիայում, սակայն տեղափոխւել է Հայաստան 13 տարեկան հասակում: Նա միանձնուհի է դարձել 2000 թ.-ին:

2000-ին քոյր Տաթեւը արագ արձագանգեց Գարեգին Բ կաթողիկոսի` միանձնուհիներ ձեռնադրելու որոշմանը: «Իմ աշխարհիկ կեանքը լիովին երջանիկ չէր, որովհետեւ առանց Աստծոյ երջանկութիւն չկայ»,- ասում է նա:

58-ամեայ քոյր Ռիման ապարանջան է գործում քոյր Մարիամի եւ քույր Սեդայի հետ, որոնք նստած են մի կողմում: Քոյր Ռիման միանձնուհի դարձաւ 2015 թ.-ին եւ հաճոյք է ստանում մենաստանին կից հողատարածքում բանջարեղէններ մշակելուց:

301 թւականին քրիստոնէութիւնը պետական կրօն ընդունելուց յետոյ Հայաստանում սկսեցին ի յայտ գալ մենաստաններ:

«Պատմականօրէն Հայաստանը միշտ ունեցել է մենաստաններ»,- ասում է աստւածաբան Վարդան Խաչատրեանը, ով դասաւանդում է Երեւանի պետական համալսարանում: «Մ.թ. 353 թ.-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսէս Մեծի օրօք, մենաստանները մեծ վերելք են ապրել: Սակայն 370 թ.-ին Հայաստանի Պապ թագաւորը արգելեց մենաստանների գործունէութիւնը եւ միանձնուհիներին ամուսնանալու իրաւունք տւեց` հիմնաւորելով դա այն փաստով, որ տարբեր պատերազմների պատճառով բնակչութեան թիւը եւ ծնունդների քանակը նւազել է»:

Պապ թագաւորի գահակալման աւարտից յետոյ` 374-ին, արգելքը վերացւեց, սակայն ուշադրութիւնը կանանց վերարտադրողական դերի վրայ նորից վերսկսեց 20-րդ դարում:

«1915թ. Հայոց Ցեղասպանութիւնից եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, հազարաւոր կանանց մահւան պատճառով ծնելիութեան մակարդակը նւազել էր եւ այն խթանելու նպատակ էր դրւել»,- աւելացնում է Խաչատրեանը:

Խորհրդային Հայաստանում, ծննդատան պատերին յատուկ պաստառներ էին փակցնում՝ «Կնոջ բնական վիճակը յղի լինելն է» գրութեամբ:

Սակայն Խաչատրեանը պատճառ չի տեսնում, թէ ինչու այսօր կանայք չեն կարող ընտրել միանձնուհի դառնալու ճանապարհը:

«Միանձնուհիները Քրիստոսի հարսնացուներն են»,- նշում է նա: Աստւածաբանութեան մէջ դա ընդունւած տեսակէտ է: Եւ եթէ ինչ-որ մէկը դառնում է միանձնուհի, ոչինչ չի կարող խանգարել նրան այդ ընտրութիւնը կատարել: Եւ անհիմն են այն արդարացումները, որ կանայք պէտք է երեխաներ ունենան, որպէսզի չնւազի պատերազմների միջով անցնող մեր ազգի թիւը»:

Ղազարավանի մենաստանի բնակչուհի, այժմ 60-ամեայ քոյր Տաթեւը մեծացել է այն ժամանակաշրջանում, երբ այդ հիմնաւորումներն արդիական էին: Ծնւել է Երեւանում, նախկինում մայրաքաղաքում աշխատել է որպէս անգլերէն լեզւի թարգմանիչ տարբեր հաստատութիւններում` սկսած Հայաստանի Ազգային գրադարանից մինչեւ Իզմիրլեան բժշկական կենտրոն եւ միկրոֆինանսական շահոյթ չհետապնդող «FINCA International» կազմակերպութիւնում: Նա կայուն եկամուտ ունէր եւ կարող էր աջակցել իր ծնողներին:

Բայց 2000 թւականին որոշեց թողնել այդ ամէնը: «Ես աշխարհիկ կեանք ունէի, բայց իմ ներքին ձայնը միշտ ասում էր, որ ես պէտք է վանական կեանք ունենամ: Աստւած միշտ կանչել է ինձ»,- ասում է նա:

Մօտ 18 տարի առաջ, երբ քոյր Տաթեւը դիմեց միանձնուհի դառնալու համար, նա մէկն էր այն 11 հոգուց, ում ուղարկեցին Լոռու մարզի Յաղպատի վանք` փորձաշրջան անցնելու: Չորս ամիս փորձաշրջան անցնելուց յետոյ միայն 5 յաւակնորդներ են ցանկացել շարունակել: Նրանք տեղափոխւեցին Սուրբ Յռիփսիմէ վանք, իսկ միւսները վերադարձան աշխարհիկ կեանք:

Մենաստանում միանձնուհիների օրը սկսւում է առաւօտեան ժամը 6-ին եւ այն խիստ կանոնակարգւած է` աղօթքի եւ աշխատանքի համար յատուկ ժամերով: Միանձնուհիները պահում են պահքի բոլոր օրերը: Ըստ նրանց՝ պահքը խոկումի շրջան է, Աստծոյ հետ մերձենալու հնարաւորութիւն: Պահոց օրերին նրանք միայն ուտում են հաց ու խմում ջուր:

Միանձնուհիներն իրաւունք ունեն ամսւայ մէջ մէկ անգամ այցելել  կամ հիւրընկալել հարազատներին: 58-ամեայ քոյր Ռիման որոշեց միանձնուհի դառնալ երեք տարի առաջ: Նա ունի մէկ դուստր, մէկ որդի եւ հինգ թոռ, եւ կարօտում է նրանց:

«Ես արգելում եմ իմ թոռներին յաճախակի ինձ այցելել: Երբ տեսնում եմ նրանց, հոգիս տակնուվրայ է լինում»,- ասում է նա:

Հարազատներին կարօտում են նաեւ միւս 4 քոյրերը՝ Գայիանէն, Մարիամը, Սեդան եւ Շուշանիկը:

Քոյր Գայիանէն հոգ է տանում Ղազարավանի մենաստանի պարտէզում տնկած իր ծաղիկների մասին: Միանձնուհիները մտադիր են վաճառել ծաղիկների եթերաիւղը` եկամուտ ստանալու համար: Քոյր Գայիանէն մոմեր էր վաճառում եկեղեցում եւ որոշեց միանձնուհի դառնալ 2008 թ.-ին:

Քոյր Եղիսաբէթը հոգ է տանում մենաստանի շան ձագերի մասին` նրանց ջուր տալով իր ձեռքի ափից:

Միանձնուհիների աշխատանքը ներառում է նաեւ մենաստանի պահպանումը, հոգեւոր ծառայութիւն մատուցելը հարեւան եկեղեցում եւ գիւղատնտեսութեան վարումը:

Քոյր Ռիման մշակում է բանջարեղէններ` մենաստանին կից քարքարոտ հողում, չնայած նա չունի համապատասխան գործիքներ եւ ստիպւած է ջուրը դոյլերով կրել` բանջարանոցը ոռոգելու համար: Միանձնուհիները նաեւ ճտեր եւ մեղուներ են պահում: Կանայք իրենց սնունդը ստանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ Առաքելական եկեղեցու շտաբից, սակայն նրանք նպատակ ունեն դառնալ ինքնաբաւ:

«Մենաստանների մշակոյթը մեզ համար բաւականին նոր է, բայց ես համոզւած եմ, որ միանձնուհիների թիւը կաճի: Այս քայլը եւս ամրացնում է Եկեղեցու սոցիալական հիմնադրամը»,- նշում է Խաչատրեանը:

Յարակից լուրեր

  • Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդավառը
    Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդավառը

    Հայ Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպութիւնը տօնում է Զատիկից 98 օր յետոյ՝ յունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատւածում: Հայաստանեայց Եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպութեան տօն կամ Վարդավառ: 

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մաղաքիա արք. Օրմանեան (1841-1918)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մաղաքիա արք. Օրմանեան (1841-1918)

    19 նոյեմբերի 1918-ին, 97 տարի առաջ, Պոլսոյ մէջ վախճանեցաւ հայ ժողովուրդի հոգեմտաւոր հարստութեան անխոնջ ու բազմահմուտ պահապաններէն եւ վաստակաշատ երախտաւորներէն Մաղաքիա արք. Օրմանեան:

  • Աստծու խօսքի կերպարանափոխիչ զօրութիւնը
    Աստծու խօսքի կերպարանափոխիչ զօրութիւնը

    Հայաստանեայց եկեղեցին հոկտեմբեր ամսին տօնում եւ ոգեկոչում է յիշատակը իր թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողահօր, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացիի եւ Ներսէս Կլայեցիի (Շնորհալի), այսինքն՝ այն վարդապետների, որոնք շարականագրի բառերով՝ «Նրանք, ովքեր աստւածագիտութեան ծածկւած խորհուրդը տնօրինաբար յայտնելով ճանաչեցրին մեզ, մեծ Սուրբի Մովսէսի նման»:

  • Մառախլապատ Ալբիոնից Հայաստան
    Մառախլապատ Ալբիոնից Հայաստան

    Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Փարիզի արեւելեան լեզուների եւ մշակոյթի ազգային ինստիտուտի ասպիրանտ Քեթրին Հոջսոնն աւելի քան երկու տարի է ոչ միայն ապրում ու աշխատում է Հայաստանում, այլ նաեւ ուսումնասիրում է հայերէնի բարբառները: Հէնց «Հայերէնի բարբառներ»-ն են երիտասարդ բրիտանուհու ասպիրանտական թէզի թեման:

  • Տօն Վարագայ Ս. Խաչ
    Տօն Վարագայ Ս. Խաչ

    Հայաստանեայց Եկեղեցու եւ Առաքելական այլ եկեղեցիների կողմից գրեթէ նոյն ժամանակների եւ նոյն արժեւորումներով ընդունւած են Ս. Խաչին առընչւող տօները.
    Գիւտ Խաչի,
    Երեւումն Ս. Խաչի,
    Վերացումն Ս. Խաչի կամ Խաչվերաց:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։