×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
08/08/2018 - 09:00

Հայաստանի եօթ միանձնուհիները

Աշխարհի հնագոյն քրիստոնէական երկրներից մէկը` Հայաստանը, որը յայտնի է իր դարաւոր վանքերով, ուր բնակւում են բազմաթիւ վանականներ, ունի ընդամէնը մէկ կանանց մենաստան: Այն բացւել է միայն եօթ ամիս առաջ Արագածոտնի մարզի Ղազարավան գիւղում: Համանուն վանքի եօթ միանձնուհիները Հայաստանում միակն են: 

«alikonline.ir» - Աշխարհի հնագոյն քրիստոնէական երկրներից մէկը` Հայաստանը, որը յայտնի է իր դարաւոր վանքերով, ուր բնակւում են բազմաթիւ վանականներ, ունի ընդամէնը մէկ կանանց մենաստան: Այն բացւել է միայն եօթ ամիս առաջ Արագածոտնի մարզի Ղազարավան գիւղում: Համանուն վանքի եօթ միանձնուհիները Հայաստանում միակն են: Գրում է «chai-khana.org»-ը:

Մինչ 2000 թւականը Հայ Առաքելական եկեղեցին արգելում էր կանանց մենաստանների գոյութիւնը: Ընդունւած մօտեցումն այն էր, որ կանայք ստեղծւած էին միայն բնակչութեան խթանման համար:

Երբ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը արգելքը վերացրեց, որոշ կանայք արձագանգեցին այդ հնարաւորութեանը:

Առաջիններից մէկն էլ 70-ամեայ քոյր Եղիսաբէթն էր: Նա ասում է, որ «սկսել է ճանաչել Աստծուն» Գիւմրի քաղաքում տեղի ունեցած 1988 թւականի աղէտալի երկրաշարժից յետոյ, «բայց ես երբեք չեմ մտածել միանձնուհի դառնալու մասին, քանի որ այն արգելւած էր Հայաստանում»: Միանձնուհու երդումը քույր Եղիսաբէթը տւեց 2000-ին:

«Ուզում էի վիրաբոյժ դառնալ, սակայն Աստւած ինձ այս ճանապարհով տարաւ: Ցանկանում էի տասը երեխայ ունենալ, բայց Աստւած ինձ նւիրեց իմ քոյրերին: Ես հիմա երջանիկ եմ: Չկայ մի պահ, որ ուզենամ լքել այս վայրը»,- ասում է Ղազարավանի մենաստանում ապրող քոյր Եղիսաբէթը:

Ղազարավանի մենաստանն է, որտեղ միանձնուհիները հոգեւոր ծառայութիւն են մատուցում:

70-ամեայ քոյր Եղիսաբէթը ծնւել է Աբխազիայում, սակայն տեղափոխւել է Հայաստան 13 տարեկան հասակում: Նա միանձնուհի է դարձել 2000 թ.-ին:

2000-ին քոյր Տաթեւը արագ արձագանգեց Գարեգին Բ կաթողիկոսի` միանձնուհիներ ձեռնադրելու որոշմանը: «Իմ աշխարհիկ կեանքը լիովին երջանիկ չէր, որովհետեւ առանց Աստծոյ երջանկութիւն չկայ»,- ասում է նա:

58-ամեայ քոյր Ռիման ապարանջան է գործում քոյր Մարիամի եւ քույր Սեդայի հետ, որոնք նստած են մի կողմում: Քոյր Ռիման միանձնուհի դարձաւ 2015 թ.-ին եւ հաճոյք է ստանում մենաստանին կից հողատարածքում բանջարեղէններ մշակելուց:

301 թւականին քրիստոնէութիւնը պետական կրօն ընդունելուց յետոյ Հայաստանում սկսեցին ի յայտ գալ մենաստաններ:

«Պատմականօրէն Հայաստանը միշտ ունեցել է մենաստաններ»,- ասում է աստւածաբան Վարդան Խաչատրեանը, ով դասաւանդում է Երեւանի պետական համալսարանում: «Մ.թ. 353 թ.-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսէս Մեծի օրօք, մենաստանները մեծ վերելք են ապրել: Սակայն 370 թ.-ին Հայաստանի Պապ թագաւորը արգելեց մենաստանների գործունէութիւնը եւ միանձնուհիներին ամուսնանալու իրաւունք տւեց` հիմնաւորելով դա այն փաստով, որ տարբեր պատերազմների պատճառով բնակչութեան թիւը եւ ծնունդների քանակը նւազել է»:

Պապ թագաւորի գահակալման աւարտից յետոյ` 374-ին, արգելքը վերացւեց, սակայն ուշադրութիւնը կանանց վերարտադրողական դերի վրայ նորից վերսկսեց 20-րդ դարում:

«1915թ. Հայոց Ցեղասպանութիւնից եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, հազարաւոր կանանց մահւան պատճառով ծնելիութեան մակարդակը նւազել էր եւ այն խթանելու նպատակ էր դրւել»,- աւելացնում է Խաչատրեանը:

Խորհրդային Հայաստանում, ծննդատան պատերին յատուկ պաստառներ էին փակցնում՝ «Կնոջ բնական վիճակը յղի լինելն է» գրութեամբ:

Սակայն Խաչատրեանը պատճառ չի տեսնում, թէ ինչու այսօր կանայք չեն կարող ընտրել միանձնուհի դառնալու ճանապարհը:

«Միանձնուհիները Քրիստոսի հարսնացուներն են»,- նշում է նա: Աստւածաբանութեան մէջ դա ընդունւած տեսակէտ է: Եւ եթէ ինչ-որ մէկը դառնում է միանձնուհի, ոչինչ չի կարող խանգարել նրան այդ ընտրութիւնը կատարել: Եւ անհիմն են այն արդարացումները, որ կանայք պէտք է երեխաներ ունենան, որպէսզի չնւազի պատերազմների միջով անցնող մեր ազգի թիւը»:

Ղազարավանի մենաստանի բնակչուհի, այժմ 60-ամեայ քոյր Տաթեւը մեծացել է այն ժամանակաշրջանում, երբ այդ հիմնաւորումներն արդիական էին: Ծնւել է Երեւանում, նախկինում մայրաքաղաքում աշխատել է որպէս անգլերէն լեզւի թարգմանիչ տարբեր հաստատութիւններում` սկսած Հայաստանի Ազգային գրադարանից մինչեւ Իզմիրլեան բժշկական կենտրոն եւ միկրոֆինանսական շահոյթ չհետապնդող «FINCA International» կազմակերպութիւնում: Նա կայուն եկամուտ ունէր եւ կարող էր աջակցել իր ծնողներին:

Բայց 2000 թւականին որոշեց թողնել այդ ամէնը: «Ես աշխարհիկ կեանք ունէի, բայց իմ ներքին ձայնը միշտ ասում էր, որ ես պէտք է վանական կեանք ունենամ: Աստւած միշտ կանչել է ինձ»,- ասում է նա:

Մօտ 18 տարի առաջ, երբ քոյր Տաթեւը դիմեց միանձնուհի դառնալու համար, նա մէկն էր այն 11 հոգուց, ում ուղարկեցին Լոռու մարզի Յաղպատի վանք` փորձաշրջան անցնելու: Չորս ամիս փորձաշրջան անցնելուց յետոյ միայն 5 յաւակնորդներ են ցանկացել շարունակել: Նրանք տեղափոխւեցին Սուրբ Յռիփսիմէ վանք, իսկ միւսները վերադարձան աշխարհիկ կեանք:

Մենաստանում միանձնուհիների օրը սկսւում է առաւօտեան ժամը 6-ին եւ այն խիստ կանոնակարգւած է` աղօթքի եւ աշխատանքի համար յատուկ ժամերով: Միանձնուհիները պահում են պահքի բոլոր օրերը: Ըստ նրանց՝ պահքը խոկումի շրջան է, Աստծոյ հետ մերձենալու հնարաւորութիւն: Պահոց օրերին նրանք միայն ուտում են հաց ու խմում ջուր:

Միանձնուհիներն իրաւունք ունեն ամսւայ մէջ մէկ անգամ այցելել  կամ հիւրընկալել հարազատներին: 58-ամեայ քոյր Ռիման որոշեց միանձնուհի դառնալ երեք տարի առաջ: Նա ունի մէկ դուստր, մէկ որդի եւ հինգ թոռ, եւ կարօտում է նրանց:

«Ես արգելում եմ իմ թոռներին յաճախակի ինձ այցելել: Երբ տեսնում եմ նրանց, հոգիս տակնուվրայ է լինում»,- ասում է նա:

Հարազատներին կարօտում են նաեւ միւս 4 քոյրերը՝ Գայիանէն, Մարիամը, Սեդան եւ Շուշանիկը:

Քոյր Գայիանէն հոգ է տանում Ղազարավանի մենաստանի պարտէզում տնկած իր ծաղիկների մասին: Միանձնուհիները մտադիր են վաճառել ծաղիկների եթերաիւղը` եկամուտ ստանալու համար: Քոյր Գայիանէն մոմեր էր վաճառում եկեղեցում եւ որոշեց միանձնուհի դառնալ 2008 թ.-ին:

Քոյր Եղիսաբէթը հոգ է տանում մենաստանի շան ձագերի մասին` նրանց ջուր տալով իր ձեռքի ափից:

Միանձնուհիների աշխատանքը ներառում է նաեւ մենաստանի պահպանումը, հոգեւոր ծառայութիւն մատուցելը հարեւան եկեղեցում եւ գիւղատնտեսութեան վարումը:

Քոյր Ռիման մշակում է բանջարեղէններ` մենաստանին կից քարքարոտ հողում, չնայած նա չունի համապատասխան գործիքներ եւ ստիպւած է ջուրը դոյլերով կրել` բանջարանոցը ոռոգելու համար: Միանձնուհիները նաեւ ճտեր եւ մեղուներ են պահում: Կանայք իրենց սնունդը ստանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ Առաքելական եկեղեցու շտաբից, սակայն նրանք նպատակ ունեն դառնալ ինքնաբաւ:

«Մենաստանների մշակոյթը մեզ համար բաւականին նոր է, բայց ես համոզւած եմ, որ միանձնուհիների թիւը կաճի: Այս քայլը եւս ամրացնում է Եկեղեցու սոցիալական հիմնադրամը»,- նշում է Խաչատրեանը:

Յարակից լուրեր