×

Տեղեկացում

Simple Image Gallery Pro Notice: It looks like PHP's 'GD Image Library' is not installed/enabled on your system. Please ask your hosting company to enable/install it.
Print this page
Չորեքշաբթի, 08 Օգոստոսի 2018 09:10

Օքանի ինքնութեան որոնումները Հայաստանում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բնակւող 33-ամեայ Օքան Դողանը իր հայրենիքում յաճախ էր լսում, թէ ինչպէս է «հայ» բառն օգտագործւում որպէս վիրաւորանք, ինչպէս որ հայերն են օգտագործում «թուրք» բառը, երբ որեւէ մէկին ուզում են վիրաւորել: 

«alikonline.ir» - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բնակւող 33-ամեայ Օքան Դողանը իր հայրենիքում յաճախ էր լսում, թէ ինչպէս է «հայ» բառն օգտագործւում որպէս վիրաւորանք, ինչպէս որ հայերն են օգտագործում «թուրք» բառը, երբ որեւէ մէկին ուզում են վիրաւորել: Գրում է «chai-khana.org»-ը:

Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւններ չկան (1993-ից ի վեր Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ սահմանը` յայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը) եւ Թուրքիայի կողմից հերքւում է Ցեղասպանութեան փաստը,Դոքանը որոշեց գալ Հայաստան ու գտնել իրեն յուզող հարցերի պատասխանները:

Հայերով սկսել էր հետաքրքրւել դեռեւս տարիներ առաջ` համալսարանում ուսանելիս.«Որոշեցի ուսումնասիրել Հայկական հարցն ու Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը, ինտերնետային աղբիւրները սպառելուց յետոյ ցանկացայ անցնել ակադեմիական մակարդակի, բայց գրադարաններում թուրքերէնով բաւարար գրականութիւն չգտայ, ինչը զարմանալի էր ինձ համար: Այդ տարիներին ինձ շատ օգնեցին թուրք պատմաբան Թաներ Աքչամի  աշխատութիւնները, որոնց մէջ նա ազատօրէն խօսում է հայ-թուրքական հարցի ու Ցեղասպանութեան մասին»:

Դողանի հաւաստմամբ, վերոնշեալ հարցերում ինֆորմացիայի պակասի ու անտեղեակութեան խնդիրը Թուրքիայում սուր է:

«Կան մարդիկ, ովքեր ուղղակի հերքում են Ցեղասպանութեան փաստը միայն այն պատճառով, որ Թուրքիա պետութիւնն է հերքում: Միլիոնաւոր մարդիկ էլ կան, ովքեր նոյնիսկ չէն էլ լսել դրա մասին: Այս առումով ես զգում եմ, որ մեծ գործ ունեմ անելու իմ հայրենիքում»,- ասում է 33-ամեայ հետազօտողը` յաւելելով, որ երիտասարդ գիտնական իր ընկերները հիմնականում բաւարար գիտելիք չունեն Ցեղասպանութեան ու առհասարակ հայերի մասին,- «Յաճախ են հարցեր տալիս, փորձում ճշտել այս կամ այն փաստի իսկութիւնը, սիրով օգնում ու պատմում եմ»:

Անկարայում գտնւող Բիլքենթ համալսարանում քաղաքագիտութիւն սովորող Օքանը 2017-ին դիմեց «Հրանտ Դինք» հիմնադրամի ամենամեայ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծին ու որպէս հետազօտող գնաց Երեւան` 8 ամիս անցկացնելով այնտեղ: Նա հիւրընկալւեց Հետազօտական ռեսուրսների կովկասեան կենտրոնում:

Հետազօտութեան թեման հայ լրագրողների, թուրքագէտների, քաղաքագէտների վերաբերմունքն էր հայ-թուրքական խնդրին ու նրանց հնարաւոր ազդեցութիւնը յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վրայ։

Օքանը ներկայացնում է Հայաստանում իր կատարած հետազօտութիւնը, որի շրջանակում լսել էր հայ մտաւորականների կարծիքները երկու երկրների շուրջ ստեղծւած խնդիրների վերաբերեալ:

Օքանի կարծիքով՝ Թուրքիան պէտք է դադարեցնի իր ժխտողական քաղաքականութիւնը։ 2000-ականների սկզբին Թուրքիայում մի շարք մտաւորականներ յորդորում էին իշխանութիւններին առերեսւել պատմութեան հետ ու ընդունել Ցեղասպանութեան փաստը։

«CRRC-Armenia»-ի իր հայ գործընկերների հետ նա յաճախ շփւում է նաեւ հայերէնով՝ լեզուն զարգացնելու համար:

Օքանի այցելութեան կարեւոր կէտերից էր նաեւ հայերէն սովորելը, որն օգնեց Հայաստանում իր նկատմամբ վստահութեան ձեւաւորմանը:

«Այստեղ իմ առաջին քայլը եղաւ հայերէն սովորելը: Սկզբում թւում էր` բարդ կը լինի, բայց այդպէս չէր: Կուրսը չորս ամիս էր, եւս երկու ամիս սովորեցի իմ հաշւին: Վեց ամիս յետոյ արդէն կարողանում էի շփւել, խօսակցութիւն ծաւալել, մտքերս շարադրել պարզ ձեւով: Լեզւաբանութիւնն, առհասարակ, շատ հարցերի պատասխաններ է տալիս: Երբ լսում եմ հայերի խօսակցութիւնները, ակամայից որոշ բաներ եմ հասկանում, քանի որ շատ բառերի արմատներ նոյնն են, նախադասութիւնների կազմութեան տրամաբանութիւնը նույնն է: Մի օր լսեցի, մէկը ասում է «թարսի պէս», ասեցի, որ նոյն արտայայտութիւնը թուրքերէն գրեթէ նոյն կերպ է հնչում: Լեզւական առումով Հայաստանում իմ ամէն օրը նոր բացայայտում էր, ինչն ինձ շատ է ուրախացնում»:

Օքանն ասում է, որ Հայաստանում խնդիրներ չի ունեցել իր ազգութեան հետ կապւած, աւելին` իրեն հանդիպած շատ մարդիկ կամա-ակամայ մտնում են երկխօսութեան մէջ ու խօսակցութեան վերջում որեւէ դրական յայտարարի գալիս:

«Երբեք չեմ թաքցրել իմ ազգութիւնն ու ինքնութիւնն այստեղ: Նստում եմ տաքսի, հարցնում են` որտեղի՞ց եմ, ասում եմ թուրք եմ` «Թուրքիայից, եկել եմ ծանօթանալու ձեզ հետ, հայերէն եմ սովորում», գրեթէ միշտ դրական արձագանգ եմ ստացել: Հայ ծանօթներիցս մէկի հետ ամէն հանդիպման ժամանակ մի լաւ ծիծաղում ենք, ասում է` «Օքան ջան, երբ յետ վերադառնաս Թուրքիա, գնա՛, բացատրի՛, որ փակ սահմանն այն կողմից վերջապէս բացեն»:

Դողանը վստահ է, որ սահմանի բացումը լուրջ խթան կը լինի երկու ժողովուրդների միջեւ համերաշխութիւն հաստատելու համար.

«Այսպէս, թէ այնպէս հայերն ու թուրքերն առեւտուր ու բիզնես են անում իրար հետ` Վրաստան միջոցով, այդ կապը ինչ-որ կերպ տեղի է ունենում, ինչո՞ւ չդնել դա ուղիղ հիմքերի վրայ»: Օքանի՝ հայերէնով գրւած շարադրութիւնն իր ծննդավայր Անկարայի մասին։ Նման արդիւնքի Օքանը հասաւ 6 ամիս հայերէն ուսանելուց յետոյ։

Օքանը Թուրքիայում յունիսի 24-ի նախագահական ընտրութիւնների քւէարկութեանը գնացել էր հայկական թաւշեայ յեղափոխութեան սիմւոլներից մէկը դարձած «Դուխով» գլխարկով։ Գլխարկը միակ յիշատակն է յեղափոխական օրերից, որին ականատես եղաւ նաեւ Օքանը։

Յունիսի 17-ին Օքանը վերադարձաւ Թուրքիա՝ ֆէյսբուքում թողնելով հրաժեշտի այս գրառումը:

«Ցաւօք բանակցութիւնների գործընթացը տապալւեց: Բայց հիմնական խնդիրներից մէկը նաեւ Ղարաբաղի հարցն է ու Ադրբեջանը: Կարծում եմ` տասնամեակներ կը տեւեն մինչեւ հայ-թուրքական յարաբերութիւնները վերականգնւեն: Բայց Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական յարաբերութիւնները միանգամայն տարբեր երկու հարցեր են: Թուրքիայում այսօր ոչ մի քաղաքագէտ քաջութիւն չունի կանգնել եւ յայտարարել, որ այս երկու հարցերը պէտք է տարանջատել իրարից: Մինչ սա տեղի ունենայ` մենք` քաղաքագէտներս, լրագրողները, բիզնեսմենները, Հայաստանում ու Թուրքիայում ապրող հասարակ մարդիկ շատ անելիք ունեն: Պէտք է սկսենք ճանաչել մեր ինքնութիւնն ու պատմութիւնը, դասեր քաղենք, աշխատենք ու շփւենք իրար հետ, որպէսզի երբ պահը գայ, պատրաստ լինենք ու մի քայլ առաջ արած լինենք մեր յարաբերութիւններում»,- ասում է նա:

Այժմ, երբ Դողանը վերադարձել է Անկարա, ընկերները պարբերաբար հարցեր են տալիս Հայաստանից, օրինակ, թէ ի՞նչ են հայերը ուտում, ի՞նչ երաժշտութիւն են լսում, ի՞նչ տեսք ունի Երեւանը, ինչ են մարդիկ ասում Թուրքիայի վերաբերեալ եւ արդեօ՞ք ինքը խնդիրներ է ունեցել իր ազգութեան հետ կապւած»:

Դողանը հաւատում է, որ երկու ժողովուրդների միջեւ եղած բազմաթիւ նմանութիւնները կարող են հիմք հանդիսանանալ յարաբերութիւնների «re-start»-ի համար:

«Ծանօթներիցս մէկը վերջերս ինձ ապարանցիների մասին անեկդոտների գիրք նւիրեց: Կարդալիս նկատեցի, որ շատ անեկդոտների պատմութիւնների հիմքը նոյնն է, նոյն անեկդոտներն էլ մենք ենք պատմում Թուրքիայի սեւծովեան տարածաշրջանի մարդկանց մասին»,- ամփոփելով նշում է Օքան Դողանը:

Օքան Դողանն իր հետազօտութիւնն իրականացրել է ՀՌԿԿ-Հայաստանում Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում, որը 2017-2019 թթ-ին իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գիւմրու երիտասարդական նախաձեռնութիւնների կենտրոնի հետ համատեղ` Միացեալ Թագաւորութեան կառավարութեան Հակամարտութիւնների, կայունութեան եւ անվտանգութեան հիմնադրամի աջակցութեամբ:

Related items

Image Gallery

{gallery}48836{/gallery}

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ