Print this page
12/08/2018

Ի՞նչ անել երբ էշդ գողացել են

Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: 

Սփիւռքաֆէյսբուքահայ ընկերոջս պատմածն է: Ասում է` գիւղի հարուստներից մէկի էշը մի օր գողանում են: Սա, տեսնելով, որ էշը չկայ, յայտարարում է` կամ վաղը առաւօտեան էշս կը բերէք, կամ էլ մտքիս դրածը կանեմ: Այս սպառնալիքը լսելով` գողը գիշերով էշը բերում, բաց է թողնում հարուստի տան մօտ: Առաւօտեան ողջ գիւղն իմանում է, որ էշը գտնւել է: Գիւղապետը գնում է էշատէր հարուստի տուն ու հարցնում` հետաքրքիր է, այդ ի՞նչ էիր մտքիդ դրել, որ գողը վերադարձրեց էշը, ի՞նչ էիր անելու նրան:

- Ի՞նչ պէտք է անէի, գիւղապետ, գնալու էի անասնաշուկայ եւ մի նոր էշ էի առնելու: Հօ առանց էշի չէի՞ մնայ:

Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: Ո՞վ էր նրան խնդրել, ո՞վ էր նրա լեզւից քաշում, որ վեր կենայ ու յայտարարի, թէ ազատագրւած տարածքները մերը չեն, եւ դրանք պէտք է վերադարձնել, որովհետեւ դա է խաղաղութիւն հաստատելու միակ ճանապարհը, որովհետեւ այդպէս է ուզում միջազգային հանրութիւնն` ի դեմս ՄԽ եռանախագահների: Զոյա Թադէոսեանին միանգամից ասեմ, որ նման բան չկայ, միջազգային հանրութիւնը եւ խնդրով զբաղւող ՄԽ-ն համահաւաք, վերջնական եւ պաշտօնական կարծիք չունի Լեռնային Ղարաբաղի, իսկ մենք ասենք` Արցախի Հանրապետութեան ոչ վերջնական կարգավիճակի, ոչ էլ ստեղծւած ստատուս քւոյի միանշանակ ադրբեջանահաճոյ փոփոխութեան մասին:

Զոյա Թադէոսեանն իր «քաղաքական կարիերայի» ընթացքում երբեք աչքի չի ընկել որպէս արցախեան հիմնախնդրի գիտակ: Ժամանակին նա հրաշալի խօսում էր իրենց թաղամասի աղբահանութեան խնդիրներից: Այնպէս որ, նրա այդ անակնկալ ասուլիսը յստակ կազմակերպւած սադրանք էր, ճիշտ այն սադրանքի կրկնութիւնը, որը տեղի ունեցաւ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ Սերժ Սարգսեանի վերջնական հաշտեցման օրը, երբ Սերժ Սարգսեանը տեսակցութեան էր գնացել առաջին նախագահին` վերջինիս տանը: Գաղտնիք չեմ ասում, չէ՞:

Խօսելով այդ հանդիպման մասին` Լեւոն Տէր-Պետրոսեանը խոստովանեց, որ Սերժ Սարգսեանին խորհուրդ է տւել հրաժարւել տարածքներից, քանի որ դա են պահանջում եռանախագահները: Ըստ էութեան` տարբերութիւն չկայ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ Զոյա Թադէոսեանի երկչոտ, պարտւողական յայտարարութիւնների միջեւ: Միակ տարբերութիւնը ժամանակի մէջ է: Զոյա Թադէոսեանը ազատագրւած տարածքների վերադարձի մասին խօսեց այն օրերին, երբ Մարտի 1-ի գործի բացայայտման շրջանակներում կալանաւորւեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, իսկ Դաշնակցութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, որ գործող իշխանութեան այդ քայլը մտահոգիչ է և քաղաքական հետապնդման տպաւորութիւն է թողնում:

Տէր-Պետրոսեանի ակումբը չէր կարող անարձագանք թողնել ՀՅԴ յայտարարութիւնը, որովհետեւ արդէն սկսել էր ըմբոշխնել մարտի 1-ի խայտառակութիւնը Ռոբերտ Քոչարեանի «շալակը տալու» եւ նրա հաշւին ռեաբիլիտացւելու պատեհութիւնը: Կը յաջողւի՞ Լեւոն Տէր-Պետրոսեանին, այսպէս ասենք, չոր դուրս գալ ջրից: Քոչարեանը չի ընդունում մեղադրանքը, գործը դատարանում է, ամէն ինչ կարող է պատահել: Եւ Տէր-Պետրոսեանը որոշում է այս իրարանցման մեջ Զոյա Թադէոսեանի բերանով նոր իրարանցում առաջացնել եւ հասարակութեան ուշադրութիւնը շեղել մարտի 1-ի հետ կապւած գործողութիւններից:

Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահի պատւին արժանացած Լեւոն Տէր-Պետրոսեանը մէկ անգամ արդէն փորձել է կասեցնել Դաշնակցութեան գործունէութիւնը եւ այդ ճանապարհով յանձնել ազատագրւած տարածքները` Շուշին էլ վրադիր: Դա նրան չյաջողւեց: 1996 թւականին ժողովուրդը, ոչ առանց Դաշնակցութեան, նրան մերժեց, իսկ ոչ լրիւ 2 տարի անց նա հրաժարական տւեց: Անցաւ 10 տարի: Այդ ընթացքում ահագին բաներ կատարւեցին: Արցախեան ճակատում, իրավիճակներ ստեղծւեցին, իրավիճակներ փոխւեցին, ՀՀ իշխանութիւնները, որ Տէր-Պետրոսեանից թալանւած, ջարդւած, բզիկ-բզիկ եղած երկիր ու հասարակութիւն էին ժառանգութիւն ստացել, կարողացան տնտեսութիւն հիմնել, սով յաղթահարել, աշխատատեղ ստեղծել, բանակ հզօրացնել, ընդհուպ` ներգաղթ արձանագրել` չզիջելով արցախեան ոչ մի թիզ հող ու առու: Տէր-Պետրոսեանի ռեւանշիստ հետեւորդներին չյաջողւեց 1999 թւականի հոկտեմբերի 27-ին կոտրել ՀՀ իշխանութիւնների կամքը, իսկ 2008 թւականին նրանք նորից ասպարէզ իջան, այս անգամ արդէն Տէր-Պետրոսեանի բացայայտ առաջնորդութեամբ: Նրա` իշխանութիւնը զաւթելու հերթական փորձը, սակայն, կրկին դատապարտւած էր անյաջողութեան, որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնն այլեւս 90-ականների երկիրը չէր: Դա միանգամայն նոր պետութիւն էր: Իսկապէս ափսոս այն 10 կեանքերը, որոնք զոհաբերւեցին նախկին ՀՀՇ-ական արկածախնդիրների «ծրագիրն» իրագործելու համար: Այժմ այս պատմութիւնը պէտք է բացայայտւի, եւ մեր նոր իշխանութիւնները բարոյական իրաւունք չունեն խեղաթիւրելու այն եւ յանգեցնելու Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւնների համատեքստին:

Մենք դառնանք Զոյա Թադէոսեանի յայտարարութիւններին եւ Դաշնակցութեան հասցէին հնչեցրած սպառնալիքներին: Կարծում եմ` կը համաձայնէք, որ ոչինչ պատահաբար տեղի չի ունենում: Չէր կարող, Զոյան առաւօտեան արթնանալ, գնալ ասուլիսի, որպէսզի նման խայտառակ յայտարարութիւն անէր: Բայց նոյնիսկ եթէ ընդունենք, որ ամէն ինչ հէնց այդպէս էլ եղել է, ապա այդ ասուլիսին հետեւած հակահարւածը միանգամայն օրինաչափ էր և տեղին: Պահ եղաւ, որ անակնկալի եկած Զոյան ներողութեան պէս մի բան խնդրեց հանրութիւնից` նշելով, թէ լրագրողների հարցերն են իրեն շփոթեցրել,մինչդեռ ինքը ցանկացել է միայն փոխանցել, թէ ինչպէս են տեսնում արցախեան խնդրի լուծումը միջազգային հանրութիւնն ու համանախագահները: Զոյա Թադէոսեանը, սակայն, չի ընկալում, որ այդկերպ միջազգային հանրութեանն ու եռանախագահներին բաներ է վերագրում, որ նրանք երբեք չեն ասել: Պէտք է հասկանալ, որ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու միջոցով հարցը կարգաւորելը ոչ աւել, ոչ պակաս կարող է լինել ընդամէնը մի ամերիկացու, ռուսաստանցու կամ Ֆրանսիացու հեռաւոր տեսլական, բայց ոչ հայութեան կարծիք: Հետեւաբար ի՞նչ ես անում դու, տիկին Զոյա, եւ, առհասարակ, ինչո՞ւ ես խօսում մի հարցի մասին, որից տարրական բաներ չես հասկանում:

Հիմա էլ Դաշնակցութեանն է սպառնում` եթէ 24 ժամում ներողութիւն չխնդրէք, մտքիս դրածը կանեմ: Արա: Շատ-շատ գնաս Լեւոն պապիի մօտ արտասւելու` էս ինչ բերիր իմ գլուխը: Բայց նաեւ գիտցիր` դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, որին Տէր-Պետրոսեանը օգտագործում է որպէս քաղաքական խայծ, որպէս խոսափող` իր դեգեներացւած գաղափարները բարձրաձայնելու համար: Շուրջդ նայիր, Զոյա, քանի-քանի քեզ նման քաղաքական գործիչ է Տէր-Պետրոսեանի պատճառով յայտնւել «պոլիտմուսոր» մակագրութեամբ կոնտէյներներում: Տէր-Պետրոսեանին դեռ քանի՞ մատաղացու է պէտք:

Էդիկ Անդրէասեան

Յարակից լուրեր