Հա

Հասարակական

13/08/2018

Յաջողութեան բաղադրատոմսը գիտութիւնում. մի կնոջ անհաւանական պատմութիւնը

Տպաւորիչ է, երբ լսում ես, որ երիտասարդ հայուհին դարձել է յայտնի մաթեմատիկոս, ինժիներ եւ օդատիեզերական արդիւնաբերութեան ոլորտի փորձագէտ, բայց երբ տեղեկանում ես, որ նա հիմնադրել է սեփական սթարթափ ընկերութիւնը, որը զբաղւում է բարձր որակի նկարներով եւ յաճախ թարմացւող աշխարհատարածքային տւեալներով, չես կարողանում հարց չտալ՝ ի՞նչ իրադարձութիւններ են նախորդել այդ ձեռքբերումներին: Ինչպէ՞ս է նա Ա կէտից հասել Բ կէտ՝ պայքարելով իր ճանապարհին յայտնւած դժւարութիւնների հետ: Հռիփսիմէի պատմութիւնը հաւանական իրադարձութիւնների եւ անհաւանական ճամփորդութեան պատմութիւն է:

«alikonline.ir» - Տպաւորիչ է, երբ լսում ես, որ երիտասարդ հայուհին դարձել է յայտնի մաթեմատիկոս, ինժիներ եւ օդատիեզերական արդիւնաբերութեան ոլորտի փորձագէտ, բայց երբ տեղեկանում ես, որ նա հիմնադրել է սեփական սթարթափ ընկերութիւնը, որը զբաղւում է բարձր որակի նկարներով եւ յաճախ թարմացւող աշխարհատարածքային տւեալներով, չես կարողանում հարց չտալ՝ ի՞նչ իրադարձութիւններ են նախորդել այդ ձեռքբերումներին: Ինչպէ՞ս է նա Ա կէտից հասել Բ կէտ՝ պայքարելով իր ճանապարհին յայտնւած դժւարութիւնների հետ: Հռիփսիմէի պատմութիւնը հաւանական իրադարձութիւնների եւ անհաւանական ճամփորդութեան պատմութիւն է: Այս մասին գրում է «news.am»-ը:

 

Ընտանեկան սէր գիտութեան նկատմամբ

Աշխարհի ինժիներների միայն 20 տոկոսն է կին եւ գիտութեան այս ոլորտը այնքան էլ չի ողջունում իգական սեռին: Եւ այսպէս, ինչն է ոգեշնչել Հռիփսիմէին մտնել այդ ոլորտ, որտեղ գերակշռում են տղամարդիկ: Իհարկէ, այսօր կանանց համար արդիւնաբերութիւնում գոյութիւն ունի այսպէս ասած «ապակե առաստաղ»: Պարզվում է, որ Հայաստանը պատմութիւնից յայտնի է նրանով, որ 80 եւ 90-ականներին ինֆորմատիկայի ոլորտում զարմանալիօրէն շատ կանայք են եղել (75 տոկոս այսօրւայ 44-ի համեմատ):

Հնարաւոր է, հէնց այս պիոներ կանանց շրջանում եղել է նաեւ Հռիփսիմէի մայրը՝ ծրագրաւորող, որը միշտ կարողանում էր դստեր մօտ տեղեկատւական տեխնոլոգիաների եւ ծրագրաւորման հետ կապւած ամէն ինչի հանդէպ հետաքրքրութիւն առաջացնել:

«Մայրս ինձ համար համակարգիչ գնեց, երբ ես դեռահաս էի, եւ ես յիշում եմ ինպէս էի իմ զարմիկների հետ փոքրիկ անիմացիաներ ստեղծում: Այդ ժամանակ ես առաջին անգամ գիտակցեցի, որ կարող եմ մի բան ստեղծել՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, որոնք կարող են ազդել մարդկանց վրայ»,- յիշում է Հռիփսիմէն:

Հռիփսիմէն ծնւել է Երեւանում եւ մեծացել ինժիներների, մաթեմատիկոսների եւ ֆիզիկոսների ընտանիքում: Ինժիներ պապիկը նրա հետ երկար ժամանակ էր անցկացնում՝ նրան հայերէն, ռուսերէն եւ լատիներէն այբուբենը, գիտութիւն եւ տեխնոլոգիաներ սովորեցնելով:

«Նա պարզ միջոցներով բացատրում էր բարդ հասկացութիւնները, օրինակ՝ ինչպէս ինքնաթիռի անկեան փոփոխութիւնը կազդի նրա վրայ, թէ որքան հեռու այն կը թռչի: Նա գիտութեան եւ մաթեմատիկայի կախարդութիւնը բացատրելու իր մեթոդներն ունէր եւ օգնում էր ինձ հասկանալ աշխարհն ՝օգտագործելով մաթեմատիկան եւ գիտութիւնը»,- ասում է նա:

 

Սկիզբն ու հիմքը

Նրա ճամփորդութիւնը գիտութեան, տեխնիկայի, ինժիներիայի, եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտում սկսւեց մասնագիտացւած ֆիզիկամաթեմատիկան դպրոցում՝ ֆիզմաթում, որտեղ նա սովորում էր գերազանց գնահատականներով: Ուսումն աւարտելուց յետոյ ՀՀ կրթութեան նախարարութիւնը պարգեւատրեց նրան ոսկէ մեդալով՝ բարձրագոյն դպրոցական մրցանակով: Այնուհետեւ նա ընդունւեց Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Երրորդ կուրսում Հռիփսիմէն սկսեց նաեւ զբաղւել տեղեկատւական տեխնոլոգիաների սթարթափերով, որոնք նրան դրդեցին ուսումնասիրել սեփական ներուժը ՏՏ յաւելւածներում:

Նրա կեանքի միւս կարեւորագոյն շրջադարձը Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայում պրակտիկան էր: Իւրաքանչիւր տարի ինստիտուտը ընտրում է 2-3 ուսանող պրակտիկային մասնակցելու համար, իսկ Հռիփսիմէն 2011 թւականին ընտրւած քչերից մէկն էր:

Պրակտիկան թոյլ տւեց նրան 4-րդ կուրսի վերջին կիսամեակը Մոսկւայում անցկացնել: Շուտով երբ նա Մոսկւայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ամբողջական կրթաթոշակի արժանացաւ, մագիստրոսի աստիճան ստացաւ Արեւելեան Եւրոպայի լաւագոյն համալսարաններից մէկում:

 

Երջանիկ պատահականութիւն

Հռիփսիմէն միշտ պատրաստւում էր աշխատել օդատիեզերական ընկերութիւնում, յատկապէս երբ նա պէտք է ստանար մագիստրոսի աստիճանը: Այնուամենայնիւ, այն ինչը նրան մօտեցրեց դրան, երջանիկ պատահականութիւն էր:

Ամէն ինչ սկսւեց նրանից, երբ նրա ընկերը հարցրեց՝ արդեօք կը ցանկանար մասնակցել «Սկոլկովօ» գիտատեխնիակական ինստիտուտի (կառուցւել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) եւ «Սկոլկովօ» հիմնադրամի կողմից) կազմակերպած «Hackathon-е»-ին:

«Hackathon» թեման այնքան էլ չէր համապատասխանում նրա նախորդ աշխատանքին կամ փորձին, բայց մի քանի ժամ տեւած քննարկումներից յետոյ, նա ընկերոջ հետ ստեղծեց յաւելւածի ծածկագիրը եւ նրանք շահեցին մրցանակը:

«Այդ ժամանակ ես առաջին անգամ լսեցի «Skoltech»-ի մասին: Ես մտայ «Skoltech»-ի կայք եւ տիեզերական եւ ինժեներական համակարգերի բաժնում գտայ պրոֆեսոր Ալեսանդրօ Գոլկարին՝ բաժնի ղեկավարին եւ նրան ինքնակենսագրականս եւ մոտիւացնող նամակ ուղարկեցի՝ նրա բաժնի ասպիրատուրանտուրա ընդունւելու համար»,- ասում է Հռիփսիմէն:

Բարեբախտաբար, նրա պապիկի դասերը չէին հնացել նոր աշխարհում. մաթեմատիկայի եւ գիտութեան օգնութեամբ ամէն ինչ կարելի է աւելի լաւ հասկանալ:

«Իմ բոլոր հմտութիւնները շատ լաւ կիրառելի էին այդ ոլորտում, ուստի ինձ համար դժւար չեղաւ յարմարւել: Ես նախկինի պէս զբաղւում էի ծրագրաւորմամբ եւ մաթեմատիկան օգտագործում էի նոր ոլորտների ուսումնասիրման համար: Ես գիտէի, որ ինձ համար դա գրաւիչ ճամփորդութեան սկիզբ է»:

 

Անսպասելի հանդիպումներ

«Skoltech»-ում ամբողջ աշխարհից կողք-կողքի աշխատող փորձագէտների եւ ուսանողների բազմազանութիւնը հնարւորութիւն տւեց փոխանակւել գաղափարներով եւ նոր տաղանդաւոր մարդկանց հետ հանդիպել:

«Աշխատելով իմ աստիճանի վրայ, ես ամբողջ աշխարհից տարբեր մարդկանց էի հանդիպում այդ թւում իմ սթարթափի ներկայիս համահիմնադիր Իգնասի Լուխին: Մեր հետազօտական խումբը շահեց հեղինակաւոր «Horizon 2020» դրամաշնորհը՝ օգնելով Եւրոպական յանձնաժողովին կազմակերպել իր «Copernicus» արբանեակային նախագծի ապագան», - ասում է Հռիփսիմէն:

Ի թիւս այլ բաների, թիմը հետազօտեց օգտագործողների պահանջները, որոնք վերաբերում են պատկերին եւ վերլուծեց մատչելի լուծումները այդ կարիքները բաւարարելու համար: Ակնյայտ էր, որ օգտատէրերի բազմաթիւ տպաւորութիւնները կը բարելաււեն, եթէ պատկերները աւելի բարձր որակ ունենան եւ աւելի յաճախ թարմացւեն:

Հնարաւոր լուծման մասին գաղափարն անսպասելի յայտնւեց. «Մենք խցանման մէջ էինք, երբ Իգնասին խօսում էր բոլոր տեսակի տեսութիւնների մասին եւ յանկարծակի մեզ մօտ գաղափար ծնւեց, էւրիկա: Իսկ եթէ մենք յարաբերականօրէն ոչ թանկ թռչող սարքերից բարձր որակի նկարներ անե՞նք: Հէնց դա դարձաւ հիմնարար միտք մեր «Swiftera» ընկերութեան համար: Մենք մեր մտքերով կիսւեցինք մեր ընկեր Ալբերտ Կաբետի հետ, որն այն ժամանակ ինժիներ էր «OHB» գերմանական արբանեակների արտադրողի մօտ: Նա այնքան յուզւած էր, որ որոշեց միանալ մեզ: Մի քանի ամսւայ ընթաքցում մենք փորձեցինք նորարարութիւնների ոլորտի մեր պրոֆեսորներից մէկի՝ Ժելկօ Տեկիչի աջակցութեամբ առաջ տանել մեր գաղափարը: Չնայած խանդավառութեանը՝ շուտով պարզ դարձաւ, որ նման տեխնոլոգիայով զբաղւող սթարթափերին հեշտ չէ բաւարար աջակցութիւն ստանալ «Skoltech»-ում: Վենչուրային հիմնադրամների աջակցութիւնը եւ ֆինանսաւորումը սահմանափակ էր, ինչը ընկերութեանը ստիպեց աւելի լայն հնարաւորութիւններ փնտրել: Այն գտնւեց 2017-ի օգոստոսին»:

 

Պարգեւատրում աշխատանքի համար

Բրուքլինում «URBAN-X» աքսելերատորը նորարարական նախագծերի, որոնք ժամանակակից քաղաքային խնդիրների լուծման համար ներուժ ունեն, ֆիանանսաւորման դիմումներ էր ընդունում: Հռիփսիմէն եւ նրա թիմը յայտ ներկայացրեցին, ընտրւեցին եւ 100 հազար դոլար չափով ֆինանսաւորում ստացան հինգ ամիս անց նրանց լուծման նախատիպի ստեղծման եւ փորձարկման համար:

Իհարկէ, հեշտ չէր բիզնես սկսելը: Նպատակներն ու հաւակնութիւնները չափազանց բարձր էին եւ կապւած էին ռիսկերի հետ: Այնուամենայնիւ, նրանք շատ ուրախ էին սկսել իրենց ճամփորդութիւնը եւ տեսնել իւրայատուկ գաղափարի զարգացումը: Իհարկէ դա զոհեր էր պահանջում. Հռիփսիմէն ստիպւած էր հրաժարւել իր ասպիրանտուրայի ծրագրից, ամէն դէպքում, որոշ ժամանակով: «Ես արդէն մեծ ներդրում ունեմ «Space Systems Engineering» ոլորտում եւ հնարաւոր է եւ ինչ-որ մի պահից կը վերադառնամ դրան, աստիճան ստանալու համար»:

2017-ի սեպտեմբերին «Swiftera»-ի թիմը Նիւ Եօրք տեղափոխւեց: Թիմի անդամնմերն աշխատում էին նախատիպի վրայ հինգ ամիս շարունակ եւ դարձան առաջին թիմը, որը մէկ թռիչքի օգնութեամբ մեծ բարձրութիւնից, մեծ ծաւալներով եւ ամբողջութեամբ քաղաքն ընդգրկող բարձր որակի քարտէզ ստեղծեց:

«Ահա թէ ինչն է իւրայատուկ մեր տեխնոլոգիայում. մեր թռչող սարքերից միայն մէկի օգնութեամբ մենք կարող ենք տւեալներ ստանալ, որոնք կարող են տալ միայն հարիւր հազարաւոր դրոնները կամ արբանեակների աստղաբոյլը»,- բացատրում է Հռիփսիմէն:

Տեխնոլոգիան մի շարք յաւելւածներում մեծ հնարաւորութիւններ է բացում: Հնարաւորութիւններից մէկը՝ տարերային աղէտների դէպքում պատասխանն ու վնասի գնահատականն է:

«Քանի որ մեր հարթակները արագ եւ հեշտ տեղակայւում են, մենք կարող ենք իրական ժամանակում իրավիճակային տեղեկացւածութիւն ապահովել: Բանաձեւը մեզ թոյլ է տալիս պատկերել փոթորիներից յետոյ փլատակները եւ փրկարարների համար օպտիմալ ճանապարհներ գտնել, տուժածներին արագ հասնելու համար: Անտառային հրդեհների ժամանակ մենք կարող ենք պատկերացնել ինչպէս են տարածւում հրդեհները՝ օգնելով հրշէջներին զսպել կրակը: Տեխնոլոգիան կարող է օգնել նաեւ ապահովագրողներին փոխել վնասը, որը պատճառւում է գոյքին տարերային աղէտների կամ դժբախտ պատահարների պատճառով»:

 

Աճ եւ ապագայ

2018 թւականիփ փետրւարին շնորհանդէսի ժամանակ «URBAN-X»-ի կողմից հրաւիրւած 800 մարդկանց առջեւ Հռիփսիմէն ներկայացրեց նախատիպը եւ հինգ ամիսների աշխատանքի արդիւնքները: Շնորհանդէսը հիթ դարձաւ, բայց Հռիփսիմէն եւս մէկ խնդիր ունէր՝ ներդրողներին համոզել միանալ «Swiftera» նախագծին:

Յաջորդ մի քանի ամիսների ընթացքում Հռիփսիմէն թռչում էր Կրեմնիումի հովտի եւ Նիւ Եօրքի միջեւ՝ ներդրողներին ներկայացնելով իրենց արտադրանքը:

««URBAN-X»-ը հիանալի աշխատանք կատարեց առաջին երկու օրերի ընթացքում առաջին հանդիպումները կազմակերպելու համար: Այդ պահից ամէն ինչ շատ արագ ընթացաւ, եւ ես շուտով մի քանի շաբաթւայ ընթացքում օրական 5-10 շնորհանդէսներ անցկացրեցի: Դա հրաշալի խթան էր»,- յիշում է Հռիփսիմէն:

Բացի այդ՝ յաջողութիւնն օգնեց Հռիփսիմէին հանդիպել «Draper Associates»-ից (խոշորագոյն նորդրումային հիմնադրամի, որը աջակցել է այնպիսի ընկերութիւնների, ինչպիսիք են («ICEYE», «SpaceX», «Cruise» եւ այլն) Սիրի Սրինիւասի հետ:

«Դա պարզապէս զուգադիպութիւն էր, որ մենք 10 րոպէով հանդիպեցինք: Ես արագ ներկայացրեցի մեր ընկերութիւնը եւ Սիրին ուրախ էր նորից հանդիպելու եւ աւելին իմանալու համար: Յետոյ ես հանդիպեցի Թիմ Դրէյթերի հետ, որը աշխարհում յայտնի է որպէս ներդրող, որը աջակցում է մեր ոլորտի լաւագոյն ընկերութիւններին: Մենք ուրախ էինք նրանց պորֆոլիոյի մասը դառնալ»,- նշում է նա:

Այժմ «Swiftera»-ն իր երկրորդ գրասենեակն ունի Բարսելոնում, որտեղ նրանք աշխատում են սարքի ստեղծման վրայ, իսկ Նիւ Եօրքի նրանց գրասենեակը աւելի շատ կենտրոնացած է յաճախորդենրի զարգացման վրայ: Տեխնոլոգիան մեծ պահանջարկ ունի եւ կարող է մեծ ազդեցութիւն ունենալ շատ ոլորտներում:

Ընկերութիւնն աճում է, իսկ աճի հետ նոր խնդիրներ են առաջանում: Այնուամենայնիւ, կարծես թէ, Հռիփսիմէն եւ նրա թիմը կարողանում են խնդիրները լուծել դրանց առաջանալուց յետոյ: Նրանց ընկերութիւնը այժմ վարձում է մասնագէտների. նոր փուլ, նոր մարդկանց սովորելու համար եւ հետաքրքիր փորձ: Նրանք աշխատում են ընկերութիւնում առողջ եւ գրաւիչ մթնոլորտ ստեղծելու ուղղութեամբ:

Մեր ընկերութիւնում աշխատելն ուրախ է, քանի որ մենք հնարաւորութիւն ենք տալիս մի քանի ամիսների ընթացքում թռչել եւ աշխատել ինչպէս Նիւ Եօրքում, այնպէս էլ Բարսելոնում »,- ասում է Հռիփսիմէն:

Հռիփսիմէն յաղթահարել է բազմաթիւ խոչընդոտներ լարւած աշխատանքի եւ յաջողութեան շնորհիւ, եւ մենք կարող ենք ապագայում իր ընկերութիւնից մեծ յաջողութիւններ ակնկալել: Հայաստանում ծնւած եւ մեծացած երիտասարդ կինը ոգեշնչող օրինակ է երիտասարդ սերնդի աղջիկների համար, որոնք հետաքրքրւած են գիտութեան, տեխնիկայի, ճարտարագիտութեան եւ մաթեմատիկայի ոլորտի փորձերով եւ աճով: Թող նրանք ուղիղ նայեն յաջողութեան հաւանականութեան դէմքին եւ ասեն. «Մենք կարող ենք ամէն ինչ յաղթահարել, ի վերջոյ, Հռիփսիմէն արել է դա»:

Image Gallery

{gallery}48945{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։