Հա

Հասարակական

15/09/2018 - 09:10

«15 տարեկանից որոշել էի՝ կեանքում գումար եմ վաստակելու բացառապէս ուղեղս վաճառելու շնորհիւ». Ռուբէն Վարդանեանի հարցազրոյցը ռուս բլոգերին

«Տրանսֆորմատոր» բիզնես բլոգի վարող Դմիտրի Պորտնեագինը հանդիպել է «Forbes»-ի վարկածով Ռուսաստանի Դաշնութեան ամենահարուստ մադկանցից մէկի՝ 950 մլն. դոլար կարողութեան տէր գործարար Ռուբէն Վարդանեանի հետ:

«alikonline.ir» - «Տրանսֆորմատոր» բիզնես բլոգի վարող Դմիտրի Պորտնեագինը հանդիպել է «Forbes»-ի վարկածով Ռուսաստանի Դաշնութեան ամենահարուստ մադկանցից մէկի՝ 950 մլն. դոլար կարողութեան տէր գործարար Ռուբէն Վարդանեանի հետ: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Յատկանշական է, որ Պորտնեագինը հայազգի միլիոնատիրոջը բնութագրում է որպէս շատ բացառիկ մարդ, որին պէտք է չափազանց ուշադիր լսել:

Խօսելով խոշոր բիզնես վարելու հմտութիւնների, գաղտնիքների մասին՝ Վարդանեանը նկատել է, որ իրականում չկայ ղեկավարման 100%-անոց ճիշտ բանաձեւ, քանի որ դրանցից իւրաքանչիւրը թէկուզ մէկ բացառութիւն ունի:

«Առաջին դէմքի համար գլխաւոր առաջադրանք է տալ յստակ ազդակ այն մասին, թէ ինչ մոդելով է նա ուզում աշխատել: Իհարկէ, ոչ մէկիս համար էլ հեշտ չէ, բայց եթէ կարողանում ես մարդկանց բացատրել, թէ ինչ ես ուզում, ինչպէս է պէտք աշխատել, եւ եթէ նրանք համաձայն են տեսակէտիդ հետ, ապա շատ արդիւնաւէտ են աշխատում»,- նշել է Վարդանեանը:

Խօսելով երիտասարդութեան մասին՝ գործարարը պատմել է, որ 15 տարեկանից (1983 թ.) որոշել էր, որ կեանքում գումար է վաստակելու, մեծ մարդ է դառնալու բացառապէս իր ուղեղը վաճառելու շնորհիւ:

«Դրան հասնելու համար հարկաւոր էր ԽՍՀՄ լաւագոյն բուհն ընդունւել, եւ այն ժամանակ դա Մոսկւայի պետական համալսարանն էր»,- նշել է Վարդանեանը՝ մանրամասնելով, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ իր հայացքները փոխւել են, քանի որ հասկացել է, որ իր ծրագրած ապագան արդէն որեւէ կապ չունէր այն ժամանակւայ իրականութեան հետ։

«Հէնց այդ ժամանակահատւածում զգացի, որ պէտք է խորանամ նեդրումային ոլորտում»,- պատմել է միլիոնատէրը:

Գործարարը նաեւ նշել է, որ կեանքում ու բիզնեսում իրեն մշտապէս օգնում է այն գիտակցումը, թէ ինքը ո՛ր ուղղութեամբ պէտք է շարժւի:

«Եթէ այդ գիտակցումը չլինէր, ապա 1991թ. ես չէի հեռանայ ամսական 1000 դոլար աշխատավարձ տւող բանկից ու աշխատանքի չէի անցնի 100 դոլար վճարող ընկերութիւնում: Կողքից դա ոչ տրամաբանական է թւում։ Բայց ես գիտակցում էի, որ պէտք է նման ռիսկային քայլի դիմեմ, եթէ ցանկանում եմ հմտանալ միջազգային շուկայում»,- ասել է գործարարը:

Ինչ վերաբերում է իր կողմից իրականացւող նախագծերին՝ Վարդանեանն ընդգծել է, որ դրանք իրեն նախեւառաջ պէտք է ոգեւորեն ու հետաքրքրեն:

Հարցազրոյցի վերջում Վարդանեանը պատմել է, որ իրեն շատ են երջանկացնում մարդասիրական գործունէութիւն ծաւալող անձանց հետ հանդիպումները:

«Երբ հանդիպում եմ աշխարհի թէժ կէտերում մարդկանց փրկող անձանց, հասկանում եմ, որ մեր արածն այնքան երկրորդական է»,- եզրափակել է գործարարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։