Հա

Հասարակական

22/09/2018 - 10:10

Լուրջ վտանգ է սպառնում ազգային արժեհամակարգին

Միմեանց վիրաւորելը եւ վարկաբեկելը վերջին շրջանում սովորական երեւոյթ են դարձել յատկապէս սոցցանցերում եւ էլեկտրոնային լրատւամիջոցներում: Այս ամէնը սովորաբար կատարւում է` ելնելով «յեղափոխական» դիրքերից: Հրապարակախօս, արձակագիր Հրաչուհի Փալանդուզեանը ներկայացնում է խնդրոյ առարկայ յիշեալ հարցերի մասին իր տեսակէտն ու մօտեցումները:

«alikonline.ir» - Միմեանց վիրաւորելը եւ վարկաբեկելը վերջին շրջանում սովորական երեւոյթ են դարձել յատկապէս սոցցանցերում եւ էլեկտրոնային լրատւամիջոցներում: Այս ամէնը սովորաբար կատարւում է` ելնելով «յեղափոխական» դիրքերից: Հրապարակախօս, արձակագիր Հրաչուհի Փալանդուզեանը ներկայացնում է խնդրոյ առարկայ յիշեալ հարցերի մասին իր տեսակէտն ու մօտեցումները:

 

- Այսօր մեր հասարակական կեանքում գոյութիւն ունի լարւածութիւն, անհանդուրժողականութիւն, որը սոցցանցերից անցնում է մամուլ, մամուլից` մարդկանց հրապարակային ելոյթներ: Իբրեւ վաստակաշատ լրագրող, տիկին Հրաչուհի, ինչպէ՞ս էք գնահատում այս մթնոլորտը:

- Հանրային մթնոլորտի լարւածութիւնը սոցցանցերի մեղքով չէ անհանդուրժողականութեան վերաճել: Սոցցանցերը իրականութիւնը չափազանցնում են, բայց նոր իրականութիւն չեն ստեղծում, ինչի մասին գրւում է՝ կեանքի արտացոլանքն է: Պատճառները հարկաւոր է փնտրել հէնց կեանքում, որտեղ բոլորը քաղաքագէտ են, դատաւոր են, իմաստուն են եւ միայն ժողովրդի աջակցութիւնն է պակասում, որպէսզի հրաշագործութիւններ կատարեն: Լարւածութեան բուն պատճառն այն է, որ մենք երեսուն տարում չկարողացանք ի մի բերել մեր ազգային մտածողութիւնը եւ ստեղծել ազգային կուռ ուսմունք, չկարողացանք նշել միասին առաջ գնալու հանգրւաններն ու միջոցները: Մենք սեւեռւեցինք սահմանների պաշտպանութեանը, ինչն, իհարկէ, անհրաժեշտութիւն է, սակայն մոռացանք յստակեցնել մեր ինքնութիւնը, կուլ գնացինք նիւթի գայթակղութեանը: Սրա հետեւանքով իշխանութիւնները տարւեցին պետութեան հաշւին հարստանալով, թերացան իրենց պարտականութիւններում: Այս իրավիճակը ձեռնտու էր մեր հակառակորդներին, որոնք երկիր ներխուժեցին զանազան դիմակներով եւ թէժացրին իշխանութիւն-ժողովուրդ յարաբերութիւնները: Արդարութեան պաշտպանի դիմակներ էին կրում նաեւ բազմաթիւ լրատւամիջոցներ, որոնք բացասականը քննադատում էին, բայց դրական ոչինչ չէին ուզում նկատել: Այնպիսի տպաւորութիւն էին ստեղծում, թէ երկիրը կործանւում է, արդար մարդ չկայ, մնում է արտագաղթելը: Իհարկէ, վատի կողքին կային նաեւ լաւն ու առաջադէմը, որոնք յայտնւել էին հալածյալի դերում: Ինչ-որ մեր երկրում կատարւում էր եւ կատարւում է, կարծես մենք չենք ուղղորդում, մենք անօգնական կամակատարներ ենք:

 

- Հասարակութիւնը մասերի բաժանելու, մարդկանց սեւացնելու գործընթացը, անկախ այն բանից, թէ որ կողմն է դա անում, Ձեր կարծիքով, ո՞ւր է տանելու մեր երկիրը:

- Սա ցաւալի վիճակ է, որը չի կարող երկար շարունակւել: Նոր իշխանութիւնները հասարակութեանը յոյսերով տոգորեցին. գեղեցիկ խոստումներ տւեցին, հաւատ ներշնչեցին, որ ամէն ինչ կը շտկւի, արդարութիւն ու հաւասարութիւն կը հաստատւեն: Ես նոյնպէս ոգեշնչւել էի, որովհետեւ, որքան էլ քաղաքական հարցերում պահպանողական եմ, մեծագոյն սխալ էի համարում Սերժ Սարգսեանի վարչապետ դառնալը: Զգում էի, որ երկրին մի ցնցում է հարկաւոր, ալան-թալանը պէտք է բացառել, պէտք է նոր ուժեր, նոր գաղափարներ գան: Սխալւեցի. այս նորերն անփորձ լինելուց բացի` նաեւ շատ հաւակնոտ ու անզիջում են: Ազգային արժեհամակարգին լուրջ վտանգ է սպառնում, հազարամեակներով մեր փայփայած աւանդոյթներն ուզում են յետամնացութեան պիտակով վերացնել, մոռացնել: Հայի համար ընտանիքը սրբութիւն սրբոց է, ինչ-որ արտասահմանցի արւեստագէտներ են մէյդան ընկել, ուզում են հային դարձնել միջազգային կապիկ: Հայ տղամարդու կերպարն են ուզում ջնջել, որն ազգի լինելութեան վիթխարի պատւարն է: Իշխանաւորներն այս ո՞ւմ են պատիւներ տալիս, ինչի՞ հաշւին: Սրանք ներազգային խնդիրներն են: Աւելի մտահոգիչ են համաշխարհային զարգացումները, մենք իրաւունք չունենք վայրկեան անգամ մոռանալու մեր աշխարհաքաղաքական դիրք, թշնամիների լկտիութիւնը եւ թեթեւամիտ արարքներ թոյլ տալու: Այս անկախութեան համար մենք շատ դարերի պայքար ենք ներդրել, կեանքի գնով էլ լինի՝ պէտք է պահպանենք:

 

- Ինչո՞վ էք պայմանաւորում այն հանգամանքը, երբ շատերը խուսափում են իրենց կարծիքները բարձրաձայնել, եթէ դրանք չեն համընկնում հրապարակում տիրող տեսակէտներին:

- Ճիշտ էք նկատել, հիմա շատերն են խուսափում կարծիք յայտնելուց, փակւել են իրենց խեցիների մէջ ու կրաւորական դիրք են գրաւել: Ոչ մէկին չեմ մեղադրում, որովհետեւ յատկապէս սոցցանցերում ահաւոր անհանդուրժող միջավայր է տիրում, հակառակ խօսք ասելը հաւասարւել է քաջութեան: Իրենց յեղափոխական կարծող մարդիկ անմիջապէս յարձակւում են նրա վրայ ու չեն խորշում նաեւ փողոցային բառերից: Ամենասոսկալին այն է, որ դրանց շարքում շատ են կանայք, եւ մարդ ապշում է, թէ դրանց ընտանիքներում ինչ է կատարւում: Բանը հասել է նրան, որ հարազատ ընկերներս են ինձ նամակ գրում, թէ բա՝ էս ի՞նչ ես անում, ինչե՞ր ես գրում, քանի որ ես 5 տարի է, ինչ լրատւամիջոցում չեմ աշխատում, «Դիմագրքում» եմ յօդւածներ գրում: Գրում եմ մտածածս, զգացածս, երբեք չեմ խախտում բարեկրթութեան ու բանականութեան սահմանները: Ես հրապարակախօս եմ, արձակագիր եմ, ես լռելու իրաւունք չունեմ: Իմ գրքերն անտիպ են, ընթերցողին չեն հասնում, եւ այս փոքրիկ լուսամուտով հնարաւոր է լինում համախոհներիս հետ զրուցել, տեսակէտներ փոխանակել: Այս ամիսների ընթացքում հարիւրաւոր անուններ եմ էջիս անւանացուցակից ջնջել: Ես չեմ ուզում նողկալի յիշոցներ ու սպառնալիքներ լսել, բայց, կրկնում եմ, լռողներին չեմ մեղադրում:

 

- Ի՞նչ էք մտածում այն երեւոյթի մասին, որ իշխանափոխութիւնից յետոյ յանկարծ ակտիւացան մեր ազգային արժէքներին եւ բարոյական պատկերացումներին անհարիր խմբաւորումները:

- Որքան էլ նախկին իշխանութիւնների մեղքերը շատ լինեն, նրանք տարածում էին Նժդէհի ու Հայկ Ասատրեանի, ազգային հերոսների ու մեր մեծ մտաւորականների գաղափարները: Շատ իշխանաւորներ հեռու էին այդ գաղափարների կրողը լինելուց, սակայն հասարակութիւնը, մանաւանդ երեխաները վարակւում էին հայրենասիրութեամբ, գիտակցում էին ազգայինի գերակայութիւնը: Նորերը կրթւել են արտասահմաններում, իրենց խիստ զարգացած են երեւակայում, փորձում են Հայաստանում խորթ սովորոյթներ արմատաւորել: Մի քանիսին միգուցէ ներւէր այդ օտարամոլութիւնը, բայց նրանք ներկայանում են թիմով ու պաշտպանում են միմեանց: Նիկոլ Փաշինեանը վատ կադրեր է ընտրել, կարծես թէ, ինքն էլ դա տեսնում ու գիտակցում է, բայց չի ցանկանում իր կադրերից սահմանազատւել: Ընդհանրապէս, վարչապետն իր ելոյթների բովանդակութիւնն ու ոճը պէտք է փոխի, նա պէտք է իր թիմը համարի ամբողջ հասարակութեանը, ոչ թէ միայն հետը քայլածներին: Իշխանափոխութիւնից կարճ ժամանակ անց` ես սրտի ցաւով գրեցի. «Չլինեմ այն պատմագիրը, որն ասի՝ հայ ժողովուրդը յաղթեց հայ ազգին»: Դժբախտաբար, օրեցօր այդ տագնապս աւելանում է: Մեր երկրում ԱԱԾ պետը պաշտպանւած չէ, ի՞նչ մտածենք մենք՝ հասարակ քաղաքացիներս:

 

- Լրագրողական դաշտն ինչպէ՞ս պէտք է իրեն դրսեւորի հասարակական լարւածութեան եւ ցնցումների ժամանակ:

- Մենք ունենք շատ տաղանդաւոր եւ ազնիւ լրագրողներ, բայց, ցաւօք, չունենք լրագրողական այդպիսի դաշտ: Չեմ հասկանում, թէ ինչպէ՞ս կարելի է երկրի ներսում հանդուրժել դրսից վարձատրւող, նոյնն է, թէ՝ դրսից ուղղորդւող լրատւամիջոց կամ թէկուզ մէկ աշխատակից: Սա ազգային աղէտ է, քաղաքական կարճամտութեան հետեւանք: Լրատւական դաշտը պէտք է մաքրել օտար աղբից, պէտք է ստեղծել ազատ խօսքի հայկական հարթակ: Լրագրողը եւ խմբագրութիւնը պէտք է պատասխանատու լինեն տպագրած ու հրապարակած իւրաքանչիւր փաստի, իւրաքանչիւր խօսքի համար: Անպատժելիութիւնը միայն պետական թալանի պարագայում չէ, որ կործանարար է, սուտ տեղեկութիւնը եւս պետութիւններ ու ազգեր է ոչնչացնում, այն էլ` ինչպէս: Շատ կարեւոր է լրագրութիւն վերադարձնել դրականի քարոզչութիւնը, ազգայինը, մարդկայինը: Մեր լրագրողները թւում են չարացած, անհանգիստ մարդիկ, ովքեր ծառայում են միայն իրենց վարձատրողներին: Հայ լրագրութիւնը պէտք է ծառայի հայ ազգին, յանուն դրա հարկաւոր է աշխատանքի ընդունել ձիրքաշատ, խելացի, ազնիւ լրագրողների: Որքան ներկայ վիճակը շարունակւի՝ այս երազանքս այնքան կը հեռանայ: Կուզենայի ես լինեմ սխալւածը:

Հարցազրոյցը Մարիամ Յովսէփեանի
«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։