Հա

Հասարակական

29/09/2018 - 11:20

Ինչո՞ւ սկսւեց սեւի եւ սպիտակի խաղը

Աւարտւեցին Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները, որտեղ ձայների մեծ առաւելութեամբ յաղթանակ տարաւ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարութեանը: Բուն ընտրութիւններն անցան առանց լուրջ խախտումների եւ, իրաւամբ, դրանք կարելի է համարել վերջին տարիներին անցկացւած ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւնները մեր երկրում: Սակայն գնահատական տալուց առաջ չի կարելի անտեսել ընտրական գործընթացի անբաժան մաս կազմող նախընտրական քարոզարշաւի փուլը, ինչից մեծապէս կախւած են ընտրութիւնների արդիւնքները: 

Արթուր Մկրտչեան

 

Աւարտւեցին Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները, որտեղ ձայների մեծ առաւելութեամբ յաղթանակ տարաւ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարութեանը: Բուն ընտրութիւններն անցան առանց լուրջ խախտումների եւ, իրաւամբ, դրանք կարելի է համարել վերջին տարիներին անցկացւած ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւնները մեր երկրում: Սակայն գնահատական տալուց առաջ չի կարելի անտեսել ընտրական գործընթացի անբաժան մաս կազմող նախընտրական քարոզարշաւի փուլը, ինչից մեծապէս կախւած են ընտրութիւնների արդիւնքները: Եւ ուրեմն՝ փորձենք հասկանալ որո՞նք էին այս ընտրութիւնների քարոզարշաւի առանձնայատկութիւնները, ի՞նչ մթնոլորտում դրանք անցան եւ որքանո՞վ պայմանաւորեցին ընտրութիւնների վերջնական արդիւնքները…

Առաջինը, որ կարելի է առանձնացնել հետեւեալն էր. այս քարոզարշաւը ոչ միայն անկախ Հայաստանի անցած տարիների երեւանեան, այլեւ համապետական ընտրութիւնների քարոզարշաւներից տարբերւեց իր կոշտութեամբ, չափից շատ անհանդուրժողական յայտարարութիւններով ու փոխադարձ վիրաւորանքներով: Այնինչ, կարծես թէ «թաւշեայ յեղափոխութիւնից» յետյո հռչակւած «սիրոյ եւ համերաշխութեան երկրում» նման բան չպիտի լինէր. աւելին՝ այս քարոզարշաւը պիտի անցնէր առաւել լաւ՝ դրական ու գեղեցիկ, խելացի բանավէճերի մթնոլորտում: Եւ դրա համար, կարծես թէ, բոլոր նախադրեալները կային: Նախ, որ սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտը համարւում էր յեղափոխութեան արդիւնք եւ դրա ստեղծողներն այսօր, լինելով իշխանութիւն, պիտի ջանք թափէին այդ մթնոլորտն իրապէս ապահովելու եւ պահպանելու համար, եւ երկրորդ՝ ընտրութիւններին չէր մասնակցում այն քաղաքական ուժը, որի դէմ պայքարի արդիւնքում էր առաջացել Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների անհրաժեշտութիւնը:

Այսինքն ընտրական գործընթացում, ստեղծւած էին բոլոր նպաստաւոր պայմանները. չկայ հանրապետական, չկայ պրոբլեմ, հետեւաբար սուր քննադատութեան թիրախ, դրան գումարած՝ նոր իշխանութիւնների հանդէպ ժողովրդի բարձր վստահութիւնը: Կար նաեւ երրորդ նպաստող հանգամանքը. ընտրական պայքարի մէջ գտնւող հիմնական խաղացողները իշխանութեան հետ փաստացի դաշնակից քաղաքական ուժեր էին, ինչը միմեանց չհայհոյելու լաւ հիմք էր ստեղծում:

Բայց արի ու տես, ամէն բան տեղի ունեցաւ տրամաբանութեանը ճիշտ հակառակ: Եւ դա առաջին հերթին «սիրոյ եւ համերաշխութեան» մթնոլորտն ապահովողների մեղքով: Հէնց նրանք շպրտեցին առաջին քարն ու փորձեցին կերտել աներեւոյթ թշնամու կերպար, որից յետոյ հողմաղացների դէմ կռւելու դոնքիշոտեան ասպետութիւնը դարձաւ թելադրող վարք: Ինչո՞ւ, ինչը ստիպեց Նիկոլ Փաշինեանին եւ նրա կողմնակիցներին գնալ այդ ճանապարհով, ի՞նչ շահեցին նրանք անհանդուրժողական մթնոլորտ ձեւաւորելով եւ արդեօ՞ք դա մտածւած էր:

Վերյիշենք նախընտրական «սիրոյ եւ հանդուրժողականութեան» ընթացքը:

Այսպէս, առաջին վտանգաւոր յայտարարութիւնը, ինչը դարձաւ հետագայ բանավէճերի սրացման թեմա, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի յայտարարութիւնն էր սեւերի եւ սպիտակների մասին՝ դեռեւս քարոզարշաւի մեկնարկից առաջ: Սկզբում փորձ արւեց համոզել, թէ եղել է սխալ ձեւակերպում. «այո, ճիշտ մօտեցում չէ»… Սա հաստատեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Եւ հէնց այն է՝ հասարակութիւնը սկսել էր համոզւել ու ներել Հայկին, նոյն Փաշինեանն իջաւ հրապարակ ու առաւել խիստ տոնով յայտարարեց իր աջակցութիւնը Հայկոյի այդ խօսքերին. «Հա՛յկ, դու մի բան գիտէիր, որ այդպէս էիր ասում. այո՛, ովքեր մեզ չեն պաշտպանում սեւ ուժեր են»: Այսպիսով Փաշինեանը, չբացելով փակագծերը՝ բոլորին մեղադրեց մութ գործերի ու համագործակցութիւնների մէջ, անւանեց ժողովրդի թշնամի: Ի՞նչ է սա, եթէ ոչ նոյն ժողովրդի մէջ կասկածի ու վախի մթնոլորտի սերմանում, իւրայինների մէջ թշնամիների փնտրտուք:

Սակայն Փաշինեան քաղաքական գործչի համար սա, ըստ էութեան, այնքան կարեւոր չէր, որքան այն, որ օգտւելով ժողովրդի մօտ ունեցած իր բարձր վստահութիւնից ու հաւատից, նա փորձեց ձեւաւորել մէկ բեւեռ՝ իր /սպիտակների/ բեւեռը: Այսինքն, փորձ արւեց ցոյց տալ, որ ընտրութեան այլ հնարաւորութիւն չկայ, որովհետեւ բոլորը կասկածելի են եւ միայն մենք ենք. «մենք ու դուք ժողովուրդ եւ երկուսս էլ բիրտ ու վայրենի ուժերից պաշտպանութեան կարիք ունենք»: Եւ այդպէս էլ անյայտ մնաց ՝ ո՞վ էր թշնամին ու ժողովրդին դաւողը՝ «Լոյս»-ը, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն թէ մէկ ուրիշը: Միւս քաղաքական ուժերի արժանիքների անտեսումը՝ իմա ծրագրերի քննարկումն ու գնահատումը մնաց ստւերում, ինչը նոյնպէս կարելի է համարել փաշինեանական ցանկութիւն: Նա իրեն փայլուն է զգում զգացմունքային ելոյթների ու ամբոխահաճոյ յայտարարութիւնների ոճի մէջ, բայց ոչ երբեք ծրագրային թեմաների ու գաղափարների քննարկման դէպքում: Այդ տեսակէտից բնաւ չի փայլում նաեւ իր կուսակցութեան քաղաքապետի թեկնածուն, որն, ի դէպ, հրաժարւեց միւս թեկնածուների հետ ծրագրային բանավէճերից: Եւ այս ամէնի արդիւնքում, մենք բաց թողեցինք եւս մէկ լաւ հնարաւորութիւն մարդկանց մղելու դէպի խելացի ընտրութիւն, ընտրութիւն՝ հենւած սեփական մտքի ու դատողութեան վրայ: Ընտրութիւններից առաջ ժողովրդի ուշադրութիւնը կուսակցութիւնների ծրագրերի վրայ բեւեռելը, նրանց խոստումները ծանր ու թեթեւ անելը ու խելացի ընտրութիւն կատարելը էլի մնացին երազանք:

Այս անգամ էլ չսովորեցինք գնահատել միտքն ու ներկայացւած ծրագրերը, դրանց բովանդակութեան առաւելութիւններն ու թերութիւնները, դրանց իրատեսական կամ անիրատեսական լինելը… Չկարողացանք գնահատել քաղաքական ուժերի եւ գործիչների իրազեկւածութեան ու ազնւութեան չափաբաժինը: Մի բան, առանց որի երբեք չի լինի սէր եւ համերաշխութիւն ժողովրդի ու իշխանութեան միջեւ…

Յ.Գ.- Դատելով ընտրութիւնների մասնակցութեան տոկոսից եւ արդիւնքներից՝ կարելի է ենթադրել, որ դրանց հիմնականում մասնակցեց հասարակութեան այն հատւածը, որը սիրում է լսել ամպագոռգոռ ու ծայրայեղ յայտարարութիւններ: Լուրջ, ծրագրային դատողութիւնները նրանց այնքան էլ չեն յուզում. մարդիկ սիրում են լսել իրենց սրտին ցանկալի բաներ /թող որ լինի սուտ/, լսել այն մասին, որ շուտով հրաշքներ են տեղի ունենալու եւ այլն: Իսկ նրանք, ովքեր սպասում էին ծրագրի, ցանկանում էին տեսնել խնդիրների լուծման ճանապարհային քարտէզներ, չկարողացան կողմնորոշւել, դարձան կրաւորական քաղաքացիներ ու փաստացի դուրս մնացին ընտրական գործընթացից: Սա, անշուշտ, լաւ, չէ, նոյնիսկ՝ վատ է… Մի բան պարզ է, պէտք է հասնենք նրան, որ մեր քաղաքական բանավէճերն ու տարաձայնութիւնները լինեն միմիայն գաղափարական ու ծրագրային դրոյթների շուրջ, բայց ոչ երբեք յենւեն հաւակնութիւնների, ստի ու այսօրեկան օրակարգերի վրայ: Չէ՞ որ բոլորիս նպատակը հզօր Հայաստան ու բարեկեցիկ ապագայ ունենալն է. եթէ դա չենք անելու, ճանապարհին ինչքան էլ աչքակապութիւն ու աճպարարութիւն անենք միեւնոյնն է, բոլորիս մեղքի բաժինն էլ նոյնչափ է լինելու ու բոլորս էլ կանգնելու ենք սերունդների դատաստանի առջեւ:

Յարակից լուրեր

  • ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին
    ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը միաժամանակ Հայաստանի եւ Իրանի քաղաքացի հանդիսացողներին յորդորում է որեւէ բանկի կողմից վարկ չստանալու դէպքում դիմել մէկ այլ բանկ` նշելով, որ կառավարութիւնը բանկին չի կարող պարտադրել, որպէսզի այն վարկ տրամադրի։

  • Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
    Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

    Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

  • ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին
    ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

    Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

  • Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ
    Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ

    Ժողովրդագրութեան ոլորտը բաւականին բարդ ոլորտ է, եւ ցաւով պիտի արձանագրենք, որ մեր հասարակութիւնը արդէն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիութեան ցուցանիշները էապէս բացասական միտում ունեն եւ արդէն տարիներ շարունակ, եւ դա շարունակւում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը:

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։