Հա

Հասարակական

01/10/2018 - 16:02

94 տարեկան հասակում կեանքից հեռացել է Շառլ Ազնաւուրը

94 տարեկանում կեանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ-երգահան, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնաւուրը: 

«alikonline.ir» - 94 տարեկանում կեանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ-երգահան, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնաւուրը: Այդ մասին յայտնում է «yerkir.am»-ը:

Նա մահացել է Ալպիլի` իր տանը Ճապոնիայի շրջագայութիւնից վերադառնալուց յետոյ:

Ազնաւուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թւականին Փարիզի «Օլիմպիա» դահլիճում յաջող ելոյթից յետոյ։ «Ֆրանսիան ազնաւուրացւած է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցութեամբ/, այդ թւում՝ բազմաթիւ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երէկ», «Երիտասարդութիւն», «Պէտք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպէս ասում են», «Յաւէրժական սէր», «Աւէ Մարիա» եւ այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլաւ Ռոստրոպովիչը, Պլասիդօ Դոմինգոն, Խուլիօ Իգլեսիասը, Շերը, Ջօ Դասէնը, Ռէյ Չարլզը եւ այլք։ Ցայսօր վաճառւել է Ազնաւուրի շուրջ հարիւր միլիոն ձայնապնակ։ Ամերիկեան «Թայմ» հանդէսի հարցման համաձայն`Ազնաւուրը ճանաչւել է «Դարի արւեստագէտ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագոյն պետական պարգեւներին, «Պատւոյ Սեզարի» (1997)։

Ազնաւուրը նկարահանւել է նաեւ շուրջ 60 ֆիլմում:

Բազմաթիւ մրցանակների դափնեկիր է, պարգեւատրւել է Ֆրանսիայի Պատւոյ լեգէոնի 2 շքանշանով: 2009-ին Ազնաւուրը ճանաչւել է 20-րդ դարի լաւագոյն երգիչ: 2009 թ. մայիսի 4-ից Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչն է եղել, 2009 թ. մայիսի 5-ից` Շւէյցարիայի Համադաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։