Հա

Հասարակական

03/10/2018 - 11:40

«Նա այդպէս էլ Թուրքիա չհրաւիրւեց». պոլսահայ գրողի անդրադարձն Ազնաւուրի կեանքին ու գործունէութեանը

«Շանսոնիէների պարոնը». այսպէս է անւանել օրերս կեանքից հեռացած մեծանուն ֆրանսահայ շանսոնիէ, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնաւուրին պոլսահայ գրող Կարին Քարաքաշլըն թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի իր սիւնակում տեղ գտած յօդւածում: 

«alikonline.ir» - «Շանսոնիէների պարոնը». այսպէս է անւանել օրերս կեանքից հեռացած մեծանուն ֆրանսահայ շանսոնիէ, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնաւուրին պոլսահայ գրող Կարին Քարաքաշլըն թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի իր սիւնակում տեղ գտած յօդւածում: Գրում է «tert.am»-ը:

Ըստ Քարաքաշլըի՝ չկայ աւելի բարդ բան, քան արւեստն ու քաղաքականութիւնը մէկ մարդու մէջ միաւորելը, մինչդեռ Ազնաւուրն այն եզակին էր, որը ոչ միայն եղաւ այդ միաւորման մարմնացումը, այլեւ հաւատում էր, որ դա իր ճակատագիրն է:

«Եթէ մեծ դարդ չունես՝ չես էլ նախընտրի նման բան: Շառլ Ազնաւուրը երկու բնագաւառում էլ աշխատելու դժւարութիւնն իր վրայ զգացած մարդ էր: Եւ մէկը, ով հաւատում էր, որ դա իր ճակատագիրն է»,- նշում է պոլսահայ գրողը:

Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների շուրջ Ազնաւուրի արտայայտած դիրքորոշմանը՝ Քարաքաշլըն մէջբերել է մեծանուն հայի՝ «Նամակ մի թուրք բարեկամի» բանաստեղծութիւնը, որում Հայոց Ցեղասպանութիւնն անւանում էր «փուշ», որը մխրճւած է հայերի սրտում եւ թուրքերի ոտքի մէջ:

«Այդ փուշը հանելու համար երկու կողմից էլ Անկարայի իշխանութիւնների շուրջ պէտք է հաւաքւեն ապաքաղաքականացւած ողջամիտ մարդիկ: Հասկանում էք, չէ՞, թէ ինչ եմ ուզում ասել: Սա չի նշանակի վերջնական որոշում եւ դժւարութեան առաջ չի կանգնեցնի երկար ժամանակ հերքման քաղաքականութիւն վարող Թուրքիային: Սակայն այդ ամէնն ընդունւած կը լինի Անկարայի կողմից… Ես ինքս մի յաղթաթուղթ եմ: Որովհետեւ մոլորակի ամենաճանաչւած հայկական ձայնն եմ: Ես հայերի քաղաքական ձայնը չեմ: Ես մի ձայն եմ, որն ասում է «Հայերը գոյութիւն ունեն»: Որովհետեւ ինձնից առաջ մարդիկ չգիտէին, թէ ինչ է հայը»,- Ազնաւուրի տւած հարցազրոյցներից մէկում տեղ գտած խօսքերն է մէջբերում պոլսահայ գրողը:

Քարաքաշլըն վերյիշում է նաեւ շանսոնիէի խօսքերն այն մասին, որ մի օր, երբ ճանաչւի Հայոց Ցեղասպանութիւնը, այդ օրը չպէտք է վերածւի «եսասէր տօնախմբութեան», եւ կարիք չկայ այդ ժամանակ դուրս գալ փողոց ու բղաւել: Ըստ Ազնաւուրի՝ դա պէտք է լինի տօն, որին հրաւիրւած կը լինեն բոլորը, եւ գուցէ այդ տօնը նշւի հէնց Թուրքիայում:

«Ես ձեզ ամէն ինչ ասացի: Պատմեցի, թէ որքան ինձ կերջանկացնի պապերիս ապրած հողի մի մասն այցելելու հնարաւորութիւնը: Պատմեցի, թէ որքան երջանիկ կը դարձնի ինձ Ստամբուլի ծովափին գտնւող ռեստորաններում ընթրելը: Պատմեցի, թէ որքան երջանիկ կը դարձնի ինձ չճանաչածս Թուրքիայով ճանապարհորդելը, որովհետեւ միայն երկու անգամ եմ Ստամբուլ եկել: Սա ինձ համար կը նշանակի գալ ակունքներիս: Որովհետեւ Հայաստանն իմ ակունքը չէ: Իմ երկու ակունքները Վրաստանն ու Թուրքիան են: Սակայն գալ կարողանալուս համար Անկարան պէտք է ինձ պաշտօնապէս ընդունի: Որովհետեւ ես Հայաստանի դեսպանի պաշտօնական կարգավիճակ ունեմ, դիւանագիտական անձնագիր ունեմ: Այդ իսկ պատճառով ճիշտ է, որ նրանք ինձ պաշտօնապէս հրաւիրեն»,- կրկին Ազնաւուրի խօսքերն է մէջբերում պոլսահայ սիւնակագիրը՝ շեշտելով, որ Թուրքիան այդպէս էլ չարեց այդ քայլն ու այդ հողերն իր ակունքը համարող Ազնաւուրին այդպէս էլ չհրաւիրեց Թուրքիա:

«Ահա այսպէս… Ազնաւուրն այս հողեր այդպէս էլ չհրաւիրւեց: Այս հողերում թաղւել ցանկացողներին այդպէս էլ թոյլտւութիւն չտրւեց: Իսկ նոյն պայքարը մղող ու Թուրքիայում «հայ» բառն ասելու համար առնւազն Ազնաւուրի չափ ճանաչւած Հրանտ Դինքը սպանւեց իր իսկ խմբագրատան առջեւ»,- գրում է Քարաքաշլըն:

Յիշեցնենք, որ Շառլ Ազնաւուրը կեանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։