Հա

Հասարակական

18/10/2018 - 10:00

Չինաստանը Հայաստանին նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեանը նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ. յանձնման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Երեւանում, ներկայ էին ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թիէն Ըրլոնգը, ՀՀ առողջապահութեան նախարարի պաշտօնակատար Արսէն Թորոսեանը եւ այլք:

«alikonline.ir» - Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեանը նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ. յանձնման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Երեւանում, ներկայ էին ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թիէն Ըրլոնգը, ՀՀ առողջապահութեան նախարարի պաշտօնակատար Արսէն Թորոսեանը եւ այլք:

«Այս առիթով յղում եմ իմ ջերմագին շնորհաւորանքները: Առողջապահութեան ոլորտում համագործակցութիւնը հայ-չինական համագործակցութեան կարեւոր մասն է եւ չինական կողմը կարեւորում է Հայաստանի առողջապահութեան զարգացումը: 2011 թւականից Հայաստանին նւիրաբերւած շտապօգնութեան 88 աւտոմեքենանները կարեւոր դերակատարութիւն ունեցան առողջապահութեան զարգացման եւ շտապ բուժօգնութեան ծառայութիւնը բարելաւելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենաներ ենք նւիրաբերում: Այն խոշորագոյններից մէկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մէջ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանը շնորհակալութիւնը յայտնեց Չինաստանի միջազգային համագործակցութեան զարգացման հիմնադրամին, Հայաստանի առողջապահութեան նախարարութեանը, ինչպէս նաեւ չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին:

Դեսպանը տեղեկացրեց, որ նպատակ ունենալով արագ ապահովել հայկական շահառու կազմակերպութիւնների աշխատակիցների կողմից շտապ բուժօգնութեան մեքենաների եւ դրանցում տեղակայւած սարքաւորումների հետ ծանօթացումը, չինական կողմի նախաձեռնութեամբ արտադրող ընկերութիւնը ուղարկել է մասնագէտների: Արդիւնքում, մօտ 350 բժիշկ, բուժքոյր եւ վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում: Դեսպանը համոզմունք յայտնեց, որ հայ մասնագէտներն առաւելագոյն ջանքեր կը գործադրեն ազգաբնակչութեան շտապ բուժօգնութեան կազմակերպման, մարզերում շտապ բուժօգնութեան հասանելիութեան ապահովման եւ կանչերի առաւել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդիւնաւէտ օգտագործման համար:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնւում իրարից, մեր ժողովուրդների բարեկամութիւնը դարերի պատմութիւն ունի: Չինաստանի աջակցութիւնը Հայաստանին իրականացւում է անշահախնդիր: Համոզւած եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կը շարունակեն համագործակցութիւնը տարբեր ոլորտներում եւ հայ-չինական կապերը կը լինեն շարունակական ու ամուր»,- ասաց դեսպանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։