Հա

Հասարակական

18/10/2018 - 12:30

Թուրքիայի ամենաբնիկն ու Ստամբուլի աչքը. ստամբուլահայութիւնն ու թուրք մտաւորականութիւնը սգում են Արա Գիւլէրի մահը

Նախօրէին երեկոյեան կեանքից հեռացած հանրայայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գիւլէրի մահւան պատճառը սրտի անբաւարարութիւնն է եղել: Բժիշկներին յաջողւել է շուրջ 5 անգամ վերականգնել նրա սրտի աշխատանքը՝ երկու անգամ շտապօգնութեան մեքենայի մէջ եւ երեք անգամ հիւանդանոցի վերակենդանացման բաժնում, սակայն մեծանուն արւեստի գործչի մահը կանխել ի վերջոյ չի յաջողւել:

«alikonline.ir» - Նախօրէին երեկոյեան կեանքից հեռացած հանրայայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գիւլէրի մահւան պատճառը սրտի անբաւարարութիւնն է եղել: Բժիշկներին յաջողւել է շուրջ 5 անգամ վերականգնել նրա սրտի աշխատանքը՝ երկու անգամ շտապօգնութեան մեքենայի մէջ եւ երեք անգամ հիւանդանոցի վերակենդանացման բաժնում, սակայն մեծանուն արւեստի գործչի մահը կանխել ի վերջոյ չի յաջողւել:

Ինչպէս գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Գիւլէրը մահացել է Թուրքիայի ժամանակով ժամը 23:30-ին: Թուրքական լրատւամիջոցները, նրա մահւան լուրը տալով, Գիւլէրին անւանել են «լուսանկարչութեան լեգենդ», իսկ հիւանդանոցի գլխաւոր բժիշկը, որտեղ մահացել է պոլսահայ լուսանկարիչը, իր յայտարարութեան մէջ առաջին հերթին ցաւակցել է ամբողջ երկրին՝ համարելով դա բոլորի կորուստը:

Ըստ «CNN Turk»-ի փոխանցած տեղեկութիւնների՝ Գիւլէրի հոսպիտալացումից յետոյ հիւանդանոց են ժամանել Ստամբուլի Բէյօղլու շրջանի ղեկավարը, յայտնի թուրք մտաւորականներ ու լուսանկարիչներ:

«Ես կորցրի իմ վարպետին, իմ հօրը: Ինձ վրայ շատ մեծ վաստակ ունի, թող Աստւած հոգին լուսաւորի: Նա համամարդկային արժէք էր», - լրագրողների հետ զրոյցում ասել է թուրք յայտնի լուսանկարիչ Ջոշքուն Արալը:

1928 թւականին Ստամբուլի Բէյօղլու շրջանում՝ շապինկարահիսարցի հայերի ընտանիքում ծնւած Արա Գիւլերն ապրեց ուղիղ 90 տարի, այդ ընթացքում հասցրեց կոչւել աշխարհի 7 լաւագոյն լուսանկարիչներից մէկը, դառնալ Ամսագրային լուսանկարիչների ամերիկեան հեղինակաւոր միութեան՝ Թուրքիայից առաջին ու միակ անդամը, աշխատել միջազգային ու թուրքական ամենահեղինակաւոր պարբերականների հետ, բազմիցս արժանանալ Թուրքիայի լաւագոյն ֆոտոլրագրողի կոչմանն ու միջազգային ամենատարբեր հեղինակաւոր մրցանակների:

Սակայն նրա, թերեւս, ամենամեծ ու հեղինակաւոր կոչումը «Ստամբուլի աչք»-ն էր:

«Ես լրագրող եմ, լուսանկարիչ չեմ։ Լուսանկարիչը փախչում է, երբ ռումբ է պայթում։ Բայց լրագրողը գնում է ամէնի յետեւից, փորձում բռնացնել պահը։ Ես մինչ այս տարիքս միշտ այդպէս եմ փորձել աշխատել: Ես փոխանցում եմ մարդկանց այն, ինչը շատ բնական եմ տեսնում»,- իր մասին պատմելիս նշել է Գիւլէրը, որն իր գործունէութեան ընթացքում հասցրել է հրատարակել յատկապէս Կոստանդնուպոլսին նւիրւած բազմաթիւ գրքեր, ներկայացնել ցուցահանդէսներ աշխարհի տարբեր անկիւններում։ 

Գիւլերի լուսանկարների զգալի մասն այսօր ցուցադրւած է Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում:

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի «Փանգալթը» եւ Քարաքիոյի «Կենտրոնական» վարժարաններն աւարտած ու այնուհետեւ Ստամբուլի պետական համալսարան ընդունւած Արա Գիւլէրն ի սկզբանէ երազում էր ռեժիսոր դառնալու մասին, սակայն կեանքը նրան մի փոքր այլ ուղով տարավ:

«Մանկութիւնս թատրոնում անցաւ: Դա իմ երկրորդ դպրոցն էր, իմ տունն էր: Ես շրջում էի յետնաբեմում, դերասանների՝ դիմահարդարման սենեակներում: Հետեւում էի, թէ ինչպէս են դերասանները սպասում դիմահարդարման իրենց հերթին, ոչ մի կերպ չէի հեռանում այնտեղից: Իմ սէրն արւեստի նկատմամբ այդտեղից է գալիս: Ես ցանկանում էի դառնալ պիես գրող, ռեժիսոր»,- աւելի ուշ յիշել է Գիւլէրը:

1958թ.-ին Գիւլէրը դարձել էր ամերիկեան «Լայֆ Թայմ» հանդէսի թուրքական մասնաճիւղի Մերձաւոր Արեւելքի առաջին թղթակիցը, ինչպէս նաեւ գործակցել միջազգային մի քանի հեղինակաւոր լրատւամիջոցների հետ: 1961 թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխաւորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անւանի գրողների գրքերն ու ցուցադրւել աշխարհի տարբեր ցուցահանդէսներում: 

1970-ականներին նա ֆոտոհարցազրոյցներ է վերցրել այնպիսի հեղինակաւոր դէմքերից, ինչպիսիք են Վինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասելը, Սալւադոր Դալին, Պաբլօ Պիկասոն, Ինդիրա Գանդին, այլք:

Աշխարհահռչակ լուսանկարչի աշխարհի տարբեր անկիւններում եւ ժամանակներում արւած աւելի քան 100 լուսանկարներ 2013 թւականի յունիսին ներկայացւեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացւած «Բարեւ ձեզ» խորագրով ցուցահանդէսում:

Գիւլէրը մէկ անգամ խոստովանել էր, որ եղել են տարիներ, երբ նա ստիպւած է եղել թաքցնել իր հայկական ծագումը Թուրքիայում: 

«Բոլորը չէ, որ գիտէին հայ լինելս: Սա տարօրինակ երկիր է: Սրիկաներ կան, կը կախւեն դրանից: Իսկ իրականում ես այստեղ ամենաբնիկն եմ»,- իր հարցազրոյցներից մեկում պատմել էր Գիւլերը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։