Հա

Հասարակական

22/10/2018 - 09:20

Մարտունիում կազմակերպւել է նռան փառատօն

Երէկ՝ հոկտեմբերի 21-ին, Մարտունի քաղաքում կայացել է նռան երկրորդ փառատօնը:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 21-ին, Մարտունի քաղաքում կայացել է նռան երկրորդ փառատօնը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատօնին շուրջ 90 տաղաւարներում իրենց արտադրանքն էին վաճառքի հանել Մարտունու եւ հանրապետութեան միւս շրջանների նռան մշակմամբ զբաղւող այգեգործներ ու վերամշակող կազմակերպութիւններ: 

Միջոցառմանն Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը կատարել է նռան օրհնութեան արարողութիւն: 

Այնուհետեւ ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը պաշտօնատար այլ անձանց ուղեկցութեամբ շրջել է տաղաւարներում, մասնակիցներից հետաքրքրւել այս տարւայ բերքի արդիւնքներով: 

Մեզ հետ զրոյցում ԱՀ գիւղատնտեսութեան նախարար Ժիրայր Միրզոյեանն ասել է, որ նախորդ տարւայ համեմատ՝ այս տարի զգալիօրէն աճել է տաղաւարների եւ փառատօնի մասնակիցների քանակը, ինչի շնորհիւ էլ կարելի է փառատօնը կայացած համարել:

«Նռան այգիները մեր հանրապետութիւնում հիմնադրւած են հինգ՝ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու եւ Քաշաթաղի շրջաններում, սակայն գերակշիռ մասը գտնւում են Ասկերանի եւ Մարտունու շրջաններում: Նախորդ տարւայ համեմատ՝ ընդհանուր առմամբ, նռան այգիների քանակն այս տարի աւելացել է շուրջ 100 հա.-ով: Այս պահի դրութեամբ ունենք մօտ 1360 հա. նռան այգիներ: Ներկայումս բերքահաւաքն իրականացւում է 350 հա.-ի վրայ. շուրջ 1000 տոնա բերք է հաւաքւել»,- նշել է Ժ. Միրզոյեանը: 

Գիւղատնտեսութեան նախարարի խօսքով՝ նռան պահանջարկ կայ ինչպէս Արցախում, այնպէս էլ հանրապետութիւնից դուրս: 

«Պետական ծրագրերն այդ ոլորտում այս տարի կապւած էին կաթիլային համակարգերի տեղադրման հետ, որը բաւականին մատչելի ծրագիր է յատկապէս նորատունկ այգիների համար, քանի որ վերջիններիս համար տրամադրւում է 50 տոկոս դրամաշնորհ եւ 50 տոկոս փոխառութիւն: Կաթիլային համակարգով ոռոգւող տարածքները մօտ 270 հա. են, սակայն այդ թիւն ունի աւելացման միտում»,- ընդգծել է Ժ. Միրզոյեանը:

Իսկ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրեանը նշել է, որ դեռեւս 2017 թւականին քաղաքապետարանը ձեռնամուխ եղաւ առաջին անգամ կազմակերպելու նռան փառատօն:

«Այս տարի մեր առաջարկութեամբ փառատօնն ընդգրկւեց ամենամեայ շրջանային միջոցառումների ծրագրի շրջանակներում եւ իրականացւեց Մարտունու շրջվարչակազմի հովանաւորութեամբ:

Նախորդ տարւայ ներկայացրած 55 տաղաւարների համեմատ՝ այս տարի այդ թիւն աճել է մօտ երկու անգամ, ինչը կապւած է տարբեր շրջանների համայնքների մասնակիցների եւ վերամշակող կազմակերպութիւնների աւելացմամբ, որն աւելի գունագեղ է դարձնում միջոցառումը»,- ասել է Մ. Խաչատրեանը: 

Նրա խօսքով՝ նուռը Մարտունու խորհրդանիշն է, քանի որ բնակլիմայական պայմանները եւ աշխարհագրական դիրքն առաւել նպաստաւոր են մրգի աճեցման համար:

«Շրջանում կայ շուրջ 300 հա. նռան այգիներ, ներկայումս էլ ակտիւ կերպով ընթանում են նոր այգիների հիմնման աշխատանքներ: Դրան նպաստել է 2017 թւականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Մարտունու շրջանում խորքային հորերի հորատման ծրագիրը, եւ, բնականաբար, արտեզեան ջրհորների աւելացման հետ զարգանում են նաեւ նոր նռան այգիների ստեղծման աշխատանքները»,- նշել է Մ. Խաչատրեանը: 

Փառատոնին Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի, Շահումեանի եւ Շուշիի շրջանային համոյթները հանդէս են եկել մշակութային տարբեր կատարումներով: 

Միջոցառմանը ներկայ էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պաշտօնատար այլ անձինք, հիւրեր եւ այլք:

Յարակից լուրեր

  • Արցախի ի նպաստ յաղթանակ մը
    Արցախի ի նպաստ յաղթանակ մը

    Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը հինգշաբթի, 11 յուլիսին որդեգրեց բանաձեւ մը, որ ամերիկեան կառավարութեան կ՛արգիլէ Ատրպէյճանին ծախել այնպիսի զէնքներ, որոնք կրնան գործածուիլ Ստեփանակերտի օդակայանը օգտագործող օդանաւերու դէմ։ Ատրպէյճանի այս սպառնալիքին եւ անոր յաճախակի գործադրութեան հետեւանքով, Արցախի մայրաքաղաքին օդակայանը անդամալոյծ կը մնայ տասնամեակներէ ի վեր։

  • Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը
    Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը

    Հ.Մ.Ը.Մ.-ի երկրորդ հարիւրամեակի ծրագիրներուն առաջնահերթութիւնը Արցախի մէջ Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճիւղ հիմնելու անհրաժեշտութիւնն էր։

  • Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ
    Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

    Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

  • «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին
    «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին

    Երէկ՝ յուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունւած ԱՀ Ընտրական օրէնսգրքի եւ Կուսակցութիւնների մասին օրէնքի նախագծերը, բանաւոր ներկայացնելու խմբակցութեան առաջարկութիւնները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

  • Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում
    Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում

    Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի ընթացքում, ինչ խօսք, չէր կարող շրջանցւել Արցախի հիմնախնդրի թեման: Այն, բնականաբար, շօշափւեց: Արտաքուստ, թւում է, որ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում Դոնալդ Տուսկը նոյնական կամ գրեթէ նոյնական յայտարարութիւններ արեց: Բայց այդպէ՞ս է արդեօք:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։