Հա

Հասարակական

03/11/2018 - 13:10

Մարդ, ով բոլորիս ցոյց տւեց Ստամբուլը. Արա Գիւլէրի մասին Փամուքի յուզիչ յօդւածը տպագրւել է «New York Times»-ում

Գրականութեան Նոբէլեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկեան հեղինակաւոր «New York Times» պարբերականում հրապարակել է լայնածաւալ մի յօդւած պոլսահայ երջանկայիշատակ լուսանկարիչ Արա Գիւլէրի մասին:

«alikonline.ir» - Գրականութեան Նոբէլեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկեան հեղինակաւոր «New York Times» պարբերականում հրապարակել է լայնածաւալ մի յօդւած պոլսահայ երջանկայիշատակ լուսանկարիչ Արա Գիւլէրի մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, «Մարդ, ով մեզ ցոյց տւեց Ստամբուլը» խորագիրը կրող յօդւածում նա անդրադարձել է լուսանկարչի հետ իր ծանօթութեանը, Գիւլէրի երկարամեայ գործունէութեանն ու հայկական արմատներին:

Փամուքը նշում է, որ ժամանակակից Ստամբուլի մեծագոյն լուսանկարիչը ծնւել է հայկական ընտանիքում: «Առաջին անգամ Արայի մասին լսեցի 1960-ականներին, երբ տեսայ նրա լուսանկարները լայն տարածում ունեցող «Հայաթ» ամսագրում: Հօրեղբայրներիցս մէկն ամսագրի խմբագիրներից էր: Արան այստեղ տպագրում էր այնպիսի արտիստների լուսանկարներ, ինչպիսիք էին Պիկասոն եւ Դալին: Երբ իմ «Սեւ գիրքը» վէպի յաջողութիւնից յետոյ Արան առաջին անգամ ինձ լուսանկարեց, ես ուրախութեամբ գիտակցեցի, որ իսկապէս գրող եմ դարձել»,- յօդւածում պատմում է Փամուքը:

Նա նշում է, որ լուսանկարչի հետ իր ընկերութիւնը սկսւեց 2003 թւականից, երբ իր գրքի համար լուսանկարներ էր փնտրում Գիւլէրի բազմահազարանոց լուսանկարչական արխիւից: «Մեր ընկերութեան սկզբում մենք երբեք չէինք խօսում Արայի հայկական արմատների ու օսմանեան հայերին կոտորելու ցաւոտ պատմութեան մասին՝ մի թեմա, որը մինչ օրս Թուրքիայում արգելւում է: Ես զգացի, որ դժւար կը լինի այս թեմայով խօսել նրա հետ, որ դա լարւածութիւն կարող է առաջացնել մեր յարաբերութիւններում: Իսկ նա գիտէր, որ այդ թեմայով խօսելը կը բարդացնէր կեանքը Թուրքիայում: Տարիների ընթացքում նա ինձ աւելի վստահեց եւ սկսեց երբեմն անդրադառնալ այնպիսի քաղաքական թեմաների, որոնց մասին ուրիշների հետ չէր խօսի:  Նա պատմեց, որ 1942 թւականին, խուսափելու համար թուրքական կառավարութեան հռչակած «Ունեցւածքի հարկ»-ից, որը վերաբերում էր բացառապէս ոչ մուսուլման քաղաքացիներին, ինչպէս նաեւ խուսանաւելով պարտադիր աշխատանքային ճամբար արտաքսւելուց, նրա դեղագործ հայրը թողել էր Գալաթասարայում իր տունն ու ամիսներ շարունակ թաքնւել մէկ այլ տանը՝ ոչ մի անգամ փողոց դուրս չգալով:

Նա ինձ հետ խօսեց 1955 թւականի սեպտեմբերի 6-ի գիշերւայ մասին, երբ Կիպրոսում տեղի ունեցած իրադարձութիւնների հետեւանքով լարւած թուրք-յունական յարաբերութիւնների պայմաններում Թուրքիայի կառավարութիւնը մոբիլիզացրեց աւազակային խմբերին, ովքեր յարձակւեցին յոյներին, հայերին ու հրեաներին պատկանող խանութների վրայ, պղծեցին եկեղեցիներն ու սինագոգները: 1955 թւականի էթնիկ զտումներից յետոյ շատ հայկական ու յունական ընտանիքներ լքեցին Ստամբուլի իրենց տները: 1960-ականներին շատ քչերն էին արդէն մնացել:

Ես եւ Արան խօսում էինք այն մասին, թէ ինչպէս էր նա լուսանկարում սա ու նմանօրինակ միւս դէպքերը: Այդուհանդերձ, մենք չանդրադարձանք օսմանեան հայերի՝ Արայի պապերի ու տատերի ոչնչացման հարցին»,- գրում է Փամուքը:

Երբ 2005 թւականին թուրք գրողն իր հարցազրոյցներից մէկում բողոքել էր, որ Թուրքիայում չկայ մտքի ազատութիւն, այդ երկրում անհնար է խօսել այնպիսի սարսափելի դէպքերի մասին, ինչպէս 90 տարի առաջ օսմանեան հայերի հետ տեղի ունեցածն էր, նրան թուրքականութիւնը վիրաւորելու հիմնաւորմամբ կանչել էին դատարան, յարուցւել էր քրէական գործ, որը կարող էր աւարտւել մինչը երեք տարւայ ազատազրկմամբ: Այդ դէպքերից երկու տարի անց սպանւեց հայ լրագրող Հրանտ Դինքը: «Շատ պարբերականներ սկսեցին գրել, որ ես կարող եմ լինել յաջորդը: Ինձ ուղղւած մահւան սպառնալիքների, իմ դէմ յարուցւած քրէական գործերի եւ ազգայնական մամուլի կողմից տարւող հակաքարոզչութեան պատճառով սկսել էի աւելի շատ ժամանակ անցկացնել արտասահմանում՝ Նիւ Եօրքում: Ստամբուլ էի վերադառնում միայն շատ կարճ ժամանակով՝ այն էլ առանց որեւէ մէկին այդ մասին ասելու:

Հրանտ Դինքի սպանութեանը յաջորդող շրջանում՝ Նիւ Եօրքից տուն՝ Ստամբուլ կատարած կարճաժամկէտ այցերիցս մէկի ժամանակ, գրասենեակում էի, երբ հեռախօսը սկսեց անդադար զանգահարել: Այդ օրերին ես չէի պատասխանում հեռախօսազանգերին: Սակայն զանգը չէր դադարում: Ոչ հեշտութեամբ, սակայն ի վերջոյ բարձրացրի լսափողը: Ճանաչեցի Արայի ձայնը: «Օ՜, դու վերադարձել ես: Ես հէնց հիմա գալիս եմ»,- ասաց նա ու կախեց լսափողը՝ առանց սպասելու իմ պատասխանին: 15 րոպէ անց՝ Արան մտաւ իմ գրասենեակ: Նա շնչակտուր էր, իր սովորոյթի համաձայն հայհոյում էր ամէն ինչն ու ամենքին: Ապա նա փարւեց ինձ ու սկսեց լաց լինել: Նրանք, ովքեր գիտէին Արային, կը հասկանան իմ զարմանքը, երբ տեսայ նրան այդպէս լաց լինելիս: Նա սկսեց երդւել ու ասել. «Նրանք՝ այդ մարդիկ, չեն կարող քեզ դիպչել»: Նրա արցունքները չէին դադարում: Ու որքան աւելի շատ էր նա լաց լինում, այնքան աւելի շատ էր ինձ պարուրում մեղքի զգացումը, եւ ես ինձ կաթւածահար էի զգում: Երկար լաց լինելուց յետոյ Արան ի վերջոյ հանգստացաւ, ապա մի բաժակ ջուր խմելուց յետոյ հեռացաւ՝ ասես միայն դրա համար էր եկել ինձ մօտ:

Դրանից յետոյ մենք էլի մի քանի անգամ հանդիպեցինք: Ես այլեւս երբեք անհրաժեշտութիւն չզգացի հարցնել նրան իր պապերի ու տատերի մասին: Մեծն լուսանկարիչն արդէն ամէն բան պատմել էր ինձ իր արցունքների միջոցով»,- գրում է Փամուքը:

Նա նշում է, որ պոլսահայ լուսանկարիչը մշտապէս երազում էր ժողովրդավարութեան մասին, որտեղ բոլոր անհատները կը կարողանային ազատօրէն խօսել իրենց սպանւած նախնիների մասին, կամ, առնւազն, կարող էին ազատ սգալ նրանց համար: «Թուրքիան երբեք չդարձաւ նման ժողովրդավար երկիր: Նախորդ 15 տարիների յաջողութիւնը, պարտքով վերցրած գումարների հաշւին տնտեսական աճի ժամանակաշրջանն օգտագործւեց ոչ թէ ժողովրդավարութիւնն ընդլայնելու, այլ ազատութիւններն աւելի սահմանափակելու համար: Եւ այս ամէնից յետոյ Արա Գիւլէրի հին Ստամբուլը վերածւվել է, ինչպէս իր գրքերից մէկն է վերնագրւած, «Կորուսեալ Ստամբուլ»-ի»,- եզրափակում է յօդւածը Նոբէլեան մրցանակակիր Օրհան Փամուքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։