Հա

Հասարակական

03/11/2018 - 10:00

«Առանց Հալէպի մնացածները» կամ «Հալէպը դուք էք». Ստամբուլում լոյս է տեսել սիրիական հակամարտութեան ժամանակ փախստական դարձած հայերի մասին գիրք

Թուրքիայում հրատարակւել է սիրիական հակամարտութեան տարիներին հայկական սփիւռքի մայր համայնքի՝ հալէպահայութեան վերապրածների մասին թուրքերէն գիրք, այն լոյս է ընծայել Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչութիւնը: 

«alikonline.ir» - Թուրքիայում հրատարակւել է սիրիական հակամարտութեան տարիներին հայկական սփիւռքի մայր համայնքի՝ հալէպահայութեան վերապրածների մասին թուրքերէն գիրք, այն լոյս է ընծայել Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Գրքի հեղինակ թուրք լրագրող, «CNN Turk»-ի խմբագիրներից ու «Ակօս» հայկական պարբերականի նախկին լրագրողներից Սերդար Քորուջուն 2013 թւականից սկսած նախագծի շրջանակներում զրուցել է Հալէպը հարկադրւած լքած սիրիահայերի հետ Թուրքիայում, Հայաստանում ու Արցախում՝ գրքում խօսելով նրանց վերապրած դժւարութիւնների, ցեղասպանութիւն վերապրած հայերի ժառանգները լինելով հանդերձ պատմութեան մէջ երկրորդ անգամ փախստական դառնալու ճակատագրի, ապագայի հեռանկարների, երազանքների ու նպատակների շուրջ:

Գրքի թուրքերէն «Հալէպ' սիզլէր» վերնագիրը կարելի է կարդալ միանգամից երկու կերպով՝ «Առանց Հալէպի մնացածները» կամ «Հալէպը դուք էք»: Աշխատութիւնը Ստամբուլում վաճառքում է արդէն երէկւանից:

«Պէտք է չմոռանալ, որ հալէպցի հայերն իրականում Արեւմտեան Հայաստանից են, այսինքն՝ հին հալէպցի չեն։ Այո, նրանք ծնւել-մեծացել են Հալէպում, սակայն եթէ պատմութիւնն այլ կերպ զարգանար, եթէ չլինէր ցեղասպանութիւնը, նրանք պէտք է ծնւէին Այնթապում, Քիլիսում, Վանում, Սասունում: Ինձ հետ զրուցած սիրիացի հայերի մեծ մասը թուրքերէն գիտէր։ 1980-ականներին ծնւածների հետ ես նոյն մուլտֆիլմերն ու հեռուստասերիալներն եմ դիտել։ Բայց չնայած այս ամէնին՝ ցեղասպանութեան անցեալը թոյլ չի տալիս նրանց մնալ կամ դառնալ Թուրքիայի մասնիկ», - Հալէպի հայկական պարբերականներից «Գանձասարի» հետ զրոյցում պատմում է Քորուջուն:

Պարբերականի հետ զրոյցում թուրք լրագրողը փաստել է, որ իր նախագծի շրջանակներում իր ամենատպաւորիչ ուղեւորութիւնն Արցախ այցն էր ու զրոյցն այնտեղ հաստատւած սիրիահայերի հետ:

«Սկզբում տարօրինակ է թւում․ մարդ ինչո՞ւ պիտի մի պատերազմից փախչի ու գնայ մէկ այլ պատերազմի շրջան։ Հալէպցի Էսմերեան-Տանգուրեան ընտանիքի հետ հանդիպելու համար սկսածս արցախեան ուղեւորութիւնս ապրիլեան պատերազմից մի քանի ամիս անց էր։ Առանց ժամանակ կորցնելու ինձ տարան իրենց նոր «դրախտը», որ ստեղծել էին Ստեփանակերտից քիչ հեռու եղած մի հողատարածքում։ 

Այստեղ տնկել էին Հալէպից ու դրա շրջակայքից բերւած սերմերով տարբեր բոյսեր, իսկ դրանից դուրս սկսւում էր ձիթենիների հսկայ այգին։ Գիտէ՞ք՝ ինչ ասաց ընտանիքի հայրն ի պատասխան ապշած դէմքիս․․․ «Իմ նախնները ցորէն էին աճեցնում, իսկ ես ձիթենի տնկեցի։ Եթէ ցորէն ցանէի՝ աւելի շատ շահոյթ կունենայի, գիտեմ։ Սակայն ձիթենու արմատները տարածւում ու շարունակում են ապրել հազարաւոր տարիներ։ Թող մեր արմատներն էլ այս հողում այդպէս տարածւեն ու մնան․․․»,- յիշում է Քորուջուն, որը ի հեճուկս Ադրբեջանի կողմից հետախուզման մէջ յայտնւելու վտանգին՝ իր հաւաստմամբ՝ ոչ մի վայրկեան չի զղջում Արցախ գնացած լինելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։