Հա

Հասարակական

14/11/2018 - 11:20

Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանի հետ:

«alikonline.ir» - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանի հետ:

 

- Օրերս վարչապետի պաշտօնակատարը մեր երկրում գործազրկութեան խնդրով պատասխանատու յայտարարութիւն արեց Աստանայում՝ երկրի 800 հազար բնակչութեանը մեղադրելով անգործութեան, ծուլութեան, իբր զբաղւածութիւն ունեցող 350 հազար բնակչութեան վճարած հարկերի հաշւին ապրելու համար:

- Հայաստանում մենք 18 տոկոս գործազրկութեան մակարդակ ունենք, ինչը բարձր ցուցանիշ է, ընդ որում՝ գործազուրկների 23-24 տոկոսը երիտասարդներն են: Ազգային վիճակագրական կոմիտէի այս տարւայ ցուցանիշներով՝ երկրում երկրորդ եռամսեակի ընթացքում 202.5 հազար մարդ է գործազուրկ:

Մօտ 105 հազար ընտանիք էլ անապահովութեան նպաստ է ստանում: Եթէ հաշւենք, որ իւրաքանչիւր ընտանիքում 3-4 անձ է բնակւում, ստացւում է, որ մօտ 315-420 հազար հոգի է այդ նպաստի հաշւին ապրում: Ընդհանուր առմամբ գործազուրկների ու նպաստառուների թիւը տատանւում է այս ցուցանիշների սահմաններում, այլ ոչ թէ 800 հազարի:

Ինչ վերաբերում է զբաղւածութիւն ունեցողներին եւ ինքնազբաղւածներին, ապա այդ թիւն աւելին է, քան ներկայացւել է՝ մօտ 500 հազար: Բայց հարկաւոր է հաշւի առնել, որ սա գրանցւած աշխատողների թիւն է, այնինչ մեր աշխատաշուկայում մօտ 30-40 տոկոս ստւեր գոյութիւն ունի: Մարդիկ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի ու գրանցումների՝ հաշւառւելով որպէս գործազուրկներ կամ նպաստառուներ: Դա եւս բարձր ցուցանիշ է, եւ զբաղւածութեան պաշտօնական թիւը ըստ այդմ անգամ մօտաւոր իրական պատկերը չի արտացոլում:

 

- Նոր իշխանութիւններն աղքատութեան յաղթահարման նպատակով ծրագրեր նախատեսե՞լ են։

- 2019 թ. պետական բիւջէում զբաղւածութեան պետական ծրագրերին յատկացւող միջոցները նոյնն են մնացել՝ մօտ 1.7 մլրդ. դրամ, այն դէպքում, երբ անապահովութեան նպաստների տրամադրման համար 35 մլրդ. դրամ է յատկացւել թէ՛ նախորդ, թէ՛ այս տարի: Փաստօրէն այդ փաստաթղթով պետութիւնը ինքն է խրախուսում այն վիճակը, որի համար բողոքում է վարչապետի պաշտօնակատարը:

Անապահովութիւնից զբաղւածութիւն եւ կայուն եկամտով աղքատութեան յաղթահարման մասին վարչապետի բերած դրոյթը արտացոլւած չէ պետական բիւջէում, եւ գործազուրկներին յատկացւող պետական աջակցութիւնը տարբեր ծրագրերի իրականացման համար չի աւելացել, չնայած գործազրկութիւնը պահպանւում է բարձր մակարդակում:

Սա այն դէպքում, երբ մենք հռչակում ենք, թէ սոցիալական քաղաքականութիւնը պէտք է լինի հանրութեանն անապահովութիւնից դէպի աշխատանք, նպաստից դէպի աշխատանք ուղղորդելու մօտեցումը: Բայց միայն յայտարարութիւններով, սաստելով չի կարելի այդ քաղաքականութիւնն իրականացնել, աներկբայ գործուն ծրագրեր են հարկաւոր, որոնց միջոցով հէնց պետութիւնը պէտք է օգնի, աջակցի առանձին անհատներին մտնել աշխատաշուկայ, խթան գտնել աշխատելու համար, նաեւ համապատասխանել այդ շուկայի պահանջներին:

Ի վերջոյ այն մարդիկ, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում, տարբեր խնդիրներ ունեն, եւ այնպէս չէ, թէ նրանք նպատակադրւած չեն ուզում աշխատել եւ իրենց ստացած մօտ 30 հազար դրամ նպաստը լիովին բաւարարում է իրենց եւ ընտանիքի կարիքները հոգալու համար: Դա ամենեւին այդպէս չէ:

Նախ, նշենք, որ այդ նպաստառուների մի մասը նաեւ այլ կողմնակի եկամուտներ է ստանում՝ տրանսֆերտների կամ աշխատելու, գիւղատնտեսութեամբ, անասնապահութեամբ զբաղւելու միջոցով: Պարզապէս նրանք չեն գրանցւում, իրենց ունեցւածքը թաքցնում են, ստւերային աշխատանք են իրականացնում, որպէսզի իրենց ստացած նպաստից չզրկւեն: Իհարկէ, դա բացասական երեւոյթ է, քանի որ ստացւում է, որ նպաստի կարիք ունեցող այլ ընտանիքների հաշւին է նա այդ գումարը ստանում:

Մի շարք կազմակերպութիւնների, այդ թւում, Համաշխարհային բանկի գնահատումներով, նպաստառու ընտանիքներում նպաստի հասցէականութիւնը մօտ 70 տոկոս է, այսինքն՝ ընտանիքների 30 տոկոսը չպէտք է նպաստառու լինի: Բայց դա եւս լաւ օրից չէ, որ մարդիկ նման խորամանկութիւնների են դիմում: Տարիներով անկայուն ու ցածր աշխատավարձով աշխատանքը, գիւղատնտեսութեան ոլորտում պետական աջակցութեան բացակայութիւնը մարդկանց մէջ վախ է առաջացրել, որ եթէ չլինի այդ կողմնակի պետական օգնութիւնը, ապա իրենք կարող են մի օր ընդհանրապէս զրկւել շահոյթից, ապրուստի միջոցից: Միւս կողմից էլ զգալի ցածր աշխատավարձը նրանց հնարաւորութիւն չի տալիս, առանց այդ չնչին եկամտի, քիչ թէ շատ հոգալ ընտանիքի կարիքները:

 

- Ի՞նչ էք առաջարկում դուք գործազրկութեան խնդիրը լուծելու համար, որո՞նք են գործուն ծրագրերը:

- Դրամական պասիւ մօտեցումներով՝ այն էլ ոչ բաւարար չափով, բացառւած է, որ կարողանանք յաղթահարել գործազրկութիւնն ու աղքատութիւնը: Այսօր էլ իրականացւում են նախկինում գործադրւած ծրագրերն այդ ուղղութեամբ, որոնք սոցիալական բարեկեցութիւն այդպէս էլ չապահովեցին, ինչպէս որ ի սկզբանե ակնկալւում էր, մարդիկ նորից մնացին աղքատութեան նոյն մակարդակին:

Պատճառն այն է, որ մօտեցումները աղքատութեան յաղթահարմանը պէտք է աւելի խորքային, հեռահար եւ համալիր լինեն: Ամենակարեւորը՝ պետութիւնն այդ հարցում պէտք է աշխոյժ մասնակցութիւն ունենայ, այլ ոչ թէ պասիւ, ինչպէս որ հիմա է:

Բիւջէով աւելի շատ գումար պէտք է յատկացւի գործազրկութեան յաղթահարմանը, քանի որ նախատեսւած 1.7 մլրդ. դրամը չի կարող արդիւնաւէտ լինել: Գուցէ աւելի լաւ է նպաստների համար նախատեսւած բիւջէն ամբողջութեամբ ուղղել գործազրկութեան վերացմանը, իսկ նպաստները տրամադրել որպէս հաշմանդամութեան նպաստ:

Եթէ գործազրկութեան ցուցանիշները բաւական մեծ են, հարկաւոր է ֆերմերային տնտեսութիւններ ստեղծելու պայմաններ ապահովել: Վերջին տարիներին նման շատ տնտեսութիւններ փակւել են, վերացել, քանի որ այդ ոլորտը ռիսկային է՝ կախւած լինելով եղանակային եւ այլ արտաքին պայմաններից:

Պետութիւնը պէտք է երաշխաւորի ֆերմերների եկամուտների կայունութիւնը՝ այդ ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմամբ, որպէսզի մարդիկ ամէն տարի չկանգնեն իրենց ողջ ներդրածը կորցնելու վտանգի առաջ:

Նաեւ ծրագրեր իրականացնի մարդկանց արտադրանքը հետագայում իրացնելու համար, պայմանաւորւածութիւն ձեռք բերի արտերկրի համապատասխան ընկերութիւնների հետ նրանց արտադրանքն արտահանելու համար, նաեւ այստեղ երաշխաւորի, որ համապատասխան քանակութեան գիւղմթերք արտադրելուց յետոյ տնտեսավարողները կը գնեն այդ մթերքը նախապէս պայմանաւորւած գնով ու ծաւալով, որպէսզի յետոյ գիւղացիները բերքն իրացնելու փաստի առաջ չկանգնեն:

Գործազուրկներին կայուն եկամտով ապահովելու միջոցներից մէկն էլ պետութեան ստեղծած սոցիալական ձեռնարկութիւններն են, որի տարածւած փորձը եւս կայ աշխարհում: Այսինքն՝ նպաստների գումարն օգտագործելով՝ պետութիւնը կարող է փոքր հիմնարկներ ստեղծել եւ դրանցում աշխատանքի վերցնել նպաստառուներին, որոնք գործունակ են:

Այդպէս նպաստների ծախսն աւելի արդիւնաւէտ ու նպատակային կը լինի՝ սոցիալապէս խոցելի խմբերը՝ յատկապէս աղքատ ընտանիքի անդամները, այդ ձեռնարկութիւններում կաշխատեն, արդիւնք կը տան, սպառողից կը վերածւեն նաեւ ստեղծողի, որոշակի շահութաբերութիւն կապահովեն եւ կը նպաստեն նաեւ տնտեսութեան զարգացմանը՝ մուլտիպլիկատիւ ազդեցութեամբ:

Երբ պետութիւնը նպաստ է տալիս, դրա տնտեսական ազդեցութիւնը մի քանի անգամ ցածր է, քան դրա միջոցով աշխատատեղեր ստեղծելը, օրինական եկամուտներ աւելացնելը եւ մարդկանց համար աւելի բարձր աշխատավարձ ապահովելը:

Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետութիւնը սահմանադրութեամբ սոցիալական պետութիւն է, հետեւաբար սոցիալական պարտաւորութիւններ ունի իր բնակչութեան հանդէպ:

Ի վերջոյ այսօրւայ իշխանութիւնից մարդիկ դրական սպասումներ ունեն, դրանք պէտք է կեանքի կոչւեն, այլապէս հանդիմանող յայտարարութիւնները, պետութեան չէզոքութիւնը քաղաքացու կեանքում կարող են հիասթափութեան, յուսահատութեան նոր ալիք բարձրացնել:

Յարակից լուրեր

  • Նորա Արիսեան. «Ազգային կառոյցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է»
    Նորա Արիսեան. «Ազգային կառոյցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է»

    Սիրիայի քաղաքներն արդէն ազատւել են ահաբեկչական խմբաւորումներից, սակայն պատերազմը դեռ աւարտւած չէ: Սիրիայի խորհրդարանական պատւիրակութեան կազմում օրերս Հայաստանում էր այդ երկրի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը։

  • Հարցազրոյց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում
    Հարցազրոյց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում

    Էմամ Խոմէյնիի դամբարանային համալիրի մշակութային տեղակալութեան կից «Հարիմ-է Էմամ» շաբաթաթերթը Ս. Ծննդեան տօների հետ կապւած նպատակ ունի «Իսլամական յեղափոխութիւնը եւ կրօնական փոքրամասնութիւնները» խորագրով մասնաւոր համար հրապարակել, որտեղ ներկայացւելու է Յիսուս Քրիստոսը ու նաեւ անդրադարձ է կատարւելու իրանցի քրիստոնեաների մատուցած ծառայութիւններին:

  • «Facebook»-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար
    «Facebook»-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար

    «Facebook» սոցիալական ցանցի ղեկավարութիւնը  որոշել է լայնացնել կայքի «HR»-ուղղւածութիւնը: Այս որոշման կապակցութեամբ ընկերութիւնը կը թողարկի առանձին կայք՝ «Learn with Facebook»-ը, որի շնորհիւ հնարաւոր կը լինի հրապարակել թափուր աշխատատեղերի մասին յայտարարութիւններ:

  • Պետական հատւածում աշխատատեղերի կրճատո՞ւմ, թէ աշխատավարձի բարձրացում
    Պետական հատւածում աշխատատեղերի կրճատո՞ւմ, թէ աշխատավարձի բարձրացում

    2019 թւականի պետական բիւջէի նախագծի քննարկումներից ակնյայտ էր, որ օրւայ իշխանութիւնները եւս շարունակում են լիարժէք կիսել նախկինների հիմնական մօտեցումները, որոնք վերաբերում են պետական պաշտօններ զբաղեցնող անձանց վարձատրութեան եւ աշխատանքի արդիւնաւէտութեան խնդիրներին:

  • Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման եւ վերականգնման տարին Հալէպում նոր թափ է ստանում
    Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման եւ վերականգնման տարին Հալէպում նոր թափ է ստանում

    Սիրիայի`եօթ տարի տեւած պատերազմից ամենաշատը տուժած քաղաքներից մէկը, անկասկած, հայաբնակ Հալէպն էր: 2016 թւականի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի ջանքերով Հալէպի ազատագրումից անմիջապէս յետոյ սկսւեցին քաղաքի վերակերտման աշխատանքները: Քաղաքի վերականգնման աշխատանքների, վնասներ կրած ազգային կառոյցների, հայ աշակերտութեան եւ խաղաղութեան հաստատումից յետոյ Հալէպ վերադարձողների մասին «yerkir.am»-ը զրուցել է հալէպահայ գրող-վերլուծաբան Յարութ Օրտեքեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։