Հայուհի Հռիփսիմէ Մատթէոսեանը ընդգրկւել է հանրայայտ «Forbes» ամսագրի կազմած 2019-ի՝ արդիւնաբերական ոլորտում 30 երիտասարդ նորարարների ցուցակում:
«alikonline.ir» - Հայուհի Հռիփսիմէ Մատթէոսեանը ընդգրկւել է հանրայայտ «Forbes» ամսագրի կազմած 2019-ի՝ արդիւնաբերական ոլորտում 30 երիտասարդ նորարարների ցուցակում: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:
Ամսագիրը ցանկով առանձնացրել է 2019-ին ռոբոտաշինութեան, աւտոմատացման, «3D» տպման, թռչող նկարահանող սարքերի եւ ինքնակառավարւող փոխադրամիջոցների արտադրութեան ոլորտում 30-ից ցածր տարիք ունեցող լաւագոյն 30 նորարար ձեռներեցներին: Նրանք գործարանների եւ գիւղատնտեսութեան աշխատանքն առաւել արդիւնաւէտ են դարձնում` ստեղծելով նոր ռոբոտներ, սենսորներ, հին ապրանքները վերաթողարկելով թարմացւած տարբերակներով:
Հռիփսիմէ Մատթէոսեանը մաթեմատիկոս է, ինժեներ, օդատիեզերական ոլորտի երիտասարդ փորձագէտ, որ հասցրել է հիմնադրել իր սեփական ստարթափ ընկերութիւնը, որն զբաղւում է բարձր որակի նկարներով եւ աշխարհատարածքային տւեալներով:
«Forbes»-ը Մատթէոսեանի մասին գրում է. «Հռիփսիմէ Ռիմա Մատթէոսեանը «Swiftera»-ի համահիմնադիրն է. ընկերութիւնը նկարահանումներ է անում դրոններից բարձր եւ տիեզերական արբանեակներից ցածր բարձրութեան վրայ թռչող տեսախցիկի միջոցով»:
Բացի Մատթէոսեանից` ցուցակում յայտնւել են «Embark»-ի հիմնադիրներ Ալեքս Ռոդրիգեսն ու Բռանդոն Մոուքը, «Aeye»-ի համահիմնադիր Ջորդան Գրինը, «Shone»-ի հիմնադիրներ Ուգօ Վոլմերը, Կլեմենտ Ռենոն եւ Անտուան դէ Մալեփրադը եւ ուրիշներ: