Հա

Հասարակական

18/11/2018 - 08:30

«Գտնելով իմ Հայաստանը. մէկ դար Ցեղասպանութիւնից յետոյ». «Financial Times»-ի խմբագրի յօդւածը հայրենիք այցի մասին

Հեղինակավոր «Financial Times» պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգութեամբ հայ է, ստւարածաւալ յօդւած է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոութեան մասին, որը նա երկար տարիներ յետաձգել էր: 

 

«alikonline.ir» - Հեղինակավոր «Financial Times» պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգութեամբ հայ է, ստւարածաւալ յօդւած է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոութեան մասին, որը նա երկար տարիներ յետաձգել էր: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, հեղինակը յօդւածը վերնագրել է. «Գտնելով իմ Հայաստանը. մէկ դար Ցեղասպանութիւնից յետոյ»:

Ռապտոպուլոսը յօդւածում նշում է, որ Հայաստան այցելելու միտքը միշտ է ունեցել, սակայն շարունակ յետաձգել է այցը: «Դա մեզ համար ասես այցելութիւն լինէր դէպի լուսին: Սակայն միւսներն արդէն եղել էին այնտեղ: Ուստի ես էլ թռիչքի տոմսեր պատւիրեցի ինձ եւ ծնողներիս համար»,- պատմում է նա:

Հեղինակը գրում է, որ Հայաստանում գտնւելու առաջին օրերին իրենք չէին կարողանում հաւատալ, որ ի վերջոյ իրենց հայրենիքում են: «Երեւանը նման է փոքր, հարաւային եւրոպական մի քաղաքի՝ բացօթեայ սրճարաններով, գինու բարերով, իւրայատուկ թանգարաններով եւ սիմետրիկ կենտրոնական հրապարակով: Ձնապատ Արարատ լեռը, որտեղ ըստ Աստւածաշնչի կանգ էր առել Նոյի տապանը, մշտապէս քո տեսադաշտում է»,- գրում է Լիլա Ռապտոպուլոսը: Նա պատմում է, որ Հայաստանում մայրը վերյիշել է հայերէն արտայայտութիւններ, որոնք ժամանակին նրան սովորեցրել էր իր մայրը:

Հայաստանում գտնւելու օրերին նրանք եղել են երկրի բոլոր տեսարժան վայրերում՝ հիանալով հայկական բնապատկերներով:

«Մօրս հայրը՝ Մանուէլ Բոզբեքեանը, 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան վերապրած է: Հայոց Ցեղասպանութիւնն իրականացւել էր Օսմանեան կայսրութեան վերջին օրերին՝ Թալէաթ փաշայի եւ ազգայնական երիտթուրքերի կուսակցութեան կողմից: Ես Բոզբեքեանների պատմութիւնը յաճախ եմ պատմում: Թւում է՝ դա պատմութիւնը ողջ պահելու միակ ճանապարհն է»,- գրում է հեղինակը: Ինչպէս շատ հայեր, այնպէս էլ նրա նախնիները մահւան երթի են տարւում սիրիական անապատներում, սակայն այն քիչ երջանիկներից են լինում, ովքեր կարողանում են փրկւել:

«Ցեղասպանութիւնը դեռ կենդանի հարց է: Թուրքիան շարունակում է ժխտել այն, եւ շնորհիւ լոբբիստական գործունէութեան ու ռազմավարական գործընկերների վրայ գործադրւող ճնշումների՝ այն դեռեւս չեն ճանաչել Միացեալ Նահանգները, Միացեալ Թագաւորութիւնը, Իսրայէլը եւ բոլոր միւս երկրները՝ բացառութեամբ 29-ի»,- գրում է Ռապտոպուլոսը:

Հեղինակը վստահ է՝ Հայաստանում ժողովուրդը լի է լաւատեսութեամբ: Բացի այդ, նա նշում է, որ երկիրն ունի աշխարհում յանցագործութիւնների ամենացածր մակարդակը:

«Մայիսի յեղափոխութիւնն այս երկրում իրականացւեց «Facebook», «Twitter» սոցիալական ցանցերի միջոցով, մի սերնդի կողմից, որը չէր յիշում խորհրդային վարչակարգը, ունի բարձր կրթութիւն»,- նշում է նա: Ռապտոպուլոսը գրում է, որ Հայաստանում դեկտեմբերին սպասւում են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, որոնք ակնկալւում է, որ լինելու են ազատ եւ արդար:

«Մեր վերջին օրը Հայաստանում նշեցինք մօրս ծննդեան 69-ամեակը: Դա Երեւանում մեր վերջին ընթրիքն էր. քիւֆթա, դոլմա, թուրշի, մանթի: Հայրս դիմեց մօրս՝ հարցնելով. «Դեբի, դու զգո՞ւմ ես, որ սա քո երկիրն է»: Մի քանի վայրկեան մտածելուց յետոյ նա պատասխանեց. «Ես զգում եմ, որ ունեմ մշակոյթ, եւ այդ մշակոյթն ունի երկիր»,- եզրափակել է յօդւածը Լիլա Ռապտոպուլոսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։