Հա

Հասարակական

01/12/2018 - 17:00

Հայ յեղափոխականի ուղեցոյցը

Եկէք կատեգորիաների բաժանենք մարդկանց ապրելակերպն ու կենցաղը։ Բազմաթիւ պայմաններից եւ պատճառներից ելնելով` մարդը լինում է մի քանի տեսակ։ Մարդ կարող է իր գոյութիւնն ամբողջովին տրամադրել սեփական շահերից բխած նպատակներին. իրաւունք է, բայց՝ ինքնասէր եւ անձնակենտրոն։ Կարող է կեանքի ողջ ընթացքում ծառայել իր ընտանիքին, ընկերներին եւ շրջապատին. իրաւունք է եւ երբեմն՝ օրինակելի։ Կարող է նաեւ իր կեանքը պատկերացնել որեւէ մասնագիտական ոլորտում ներդրում ունենալով. իրաւունք է, բայց՝ սահմանափակ։ Եւ կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կեանքով ու էութեամբ գործունէութիւն են ծաւալում ի նպաստ ընդհանուրի յաջողութեան եւ հաւաքական յաղթանակի. տեսակ է, բայց ո՛չ բոլորինը։

ԱՐՇԱԿ ՄԵՍՐՈՊԵԱՆ

 

Այս ամէնը յիշեցման կարգով։

Եկէք կատեգորիաների բաժանենք մարդկանց ապրելակերպն ու կենցաղը։ Բազմաթիւ պայմաններից եւ պատճառներից ելնելով` մարդը լինում է մի քանի տեսակ։ Մարդ կարող է իր գոյութիւնն ամբողջովին տրամադրել սեփական շահերից բխած նպատակներին. իրաւունք է, բայց՝ ինքնասէր եւ անձնակենտրոն։ Կարող է կեանքի ողջ ընթացքում ծառայել իր ընտանիքին, ընկերներին եւ շրջապատին. իրաւունք է եւ երբեմն՝ օրինակելի։ Կարող է նաեւ իր կեանքը պատկերացնել որեւէ մասնագիտական ոլորտում ներդրում ունենալով. իրաւունք է, բայց՝ սահմանափակ։ Եւ կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կեանքով ու էութեամբ գործունէութիւն են ծաւալում ի նպաստ ընդհանուրի յաջողութեան եւ հաւաքական յաղթանակի. տեսակ է, բայց ո՛չ բոլորինը։

Ընդհանրապէս, յեղափոխական բնավորութեամբ անհատը ծնւում է վերջին կատեգորիայից, իհարկէ, բացառութիւններ կան։ Յեղափոխականութիւնը պահի տակ չէ, որ յայտնւում է, որովհետեւ դա բնաւորութիւն է, աւելի ճիշտ՝ էութիւն։ Մօտեցում է եւ հաւատք` գաղափարի իրականացման հաւատք։ Տեսակ է, որը մարդը կա՛մ միշտ ունեցել է, կա՛մ էլ ընդհանրապէս չունի։

Յեղափոխականն իր ապրելակերպով, կենցաղով է յեղափոխական։ Նա այն անձն է, որը ներգրաււած է կամ հէնց նախաձեռնողն է մի ամբողջական փոփոխութեան, այլ ոչ թէ այն անձը, որը հանդէս է գալիս ժամանակաւոր եւ պահով պայմանաւորւած դրսեւորումներով։ Յեղափոխականի ամենակարեւոր յատկանիշներից է ինքն իրեն յեղափոխելու ընդունակութիւնը, երբ առերեսւում է որեւէ ճշմարտութեան։ Չշարունակել զբաղւել ինքնախաբէութեամբ, ինքնամաքրւել եւ ինքդ քեզ սրբագրել՝ սրանք յեղափոխականի կարեւորագոյն յատկանիշներից են։

Յեղափոխականը ցանկացած մասնագիտական ոլորտում սխալները, զեղծարարութիւնը, չարաշահումը եւ խաբեբայութիւնը դատապարտողն է։ Միեւնոյն ժամանակ` այս երեւոյթների դէմ անկեղծ ըմբոստութիւն եւ պայքար ցուցաբերողը, որից յետոյ յեղափոխականի պարտականութիւնն է նաեւ մարդկանց ուղղորդել դէպի մի նոր այլընտրանք։ Անտեղի կամ երբեմն էլ աննպատակ ըմբոստանալը քեզ չի դարձնի յեղափոխական։

Յեղափոխականութիւնը նաեւ այն մօտեցումն է, որ առաջադիմելու ցանկութիւնը վերածում է գործի եւ, ի վերջոյ, քաղում այդ գործի յստակ արդիւնքները։ Գաղափարի սերմանումն ու իրականացումը կարող ենք կոչել յեղափոխութիւն։

Երբ հարցը գալիս է պետական կառավարման եւ քաղաքական գործունէութեան ոլորտներին, յեղափոխականն աւելին է վերոնշեալից։ Պետական քաղաքական եւ հասարակական գործիչը կարող է բնոյթով լինել յեղափոխական, երբ ինքնին անձնւիրութեան, հեռատեսութեան, արժանապատւութեան եւ սկզբունքայնութեան իսկական օրինակ է։ Իսկ երբ հարցը վերաբերում է Հայաստանին եւ հայ յեղափոխական գործչին`  հարցն աւելի է բարդանում։ Հաշւի առնելով Հայաստանի աշխարհագրական, արտաքին քաղաքական, պատմաքաղաքական եւ ներքին հասարակական-քաղաքական մարտահրաւէրները՝ հայ յեղափոխականը պէտք է ձերբազատւած լինի բոլոր նեղ անձնական նպատակներից, նախասիրութիւններից եւ շահերից։ Նա պէտք է ձուլւի Հայաստանի էութեանը եւ, մարմնաւորելով հէնց Հայաստանը, անձնւիրաբար պաշտպանի երկրի եւ իր ժողովրդի արժանապատւութիւնն ու շահերը։

Սակայն հայ յեղափոխականութիւնն իր մեջ ամբողջացնում է նաեւ համամարդկայինը, այո՛, որովհետեւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ Հայոց դատը վերջնականապէս լուծելով՝ մենք հաւակնում ենք արդի մարդկութեան պատմութեան մէջ ամենամեծ վերքերից մէկը բուժելուն եւ սպիացնելուն։

Եթէ դիտարկենք այսօրւայ քաղաքական իրավիճակը Հայաստանում, մանաւանդ` վերջին 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձութիւնները, ապա կարող ենք եզրակացնել հետեւեալը՝ տեղի ունեցածը իշխանափոխութիւն էր, որը կարող է հանդիսանալ յեղափոխութեան հանգրւաններից մէկը, բայց սահմանափակւել այս հանգրւանով կը նշանակի, որ ի սկզբանէ համաժողովրդական շարժման նպատակը հէնց իշխանափոխութիւնն էր, այլ ոչ թէ պետականաշինութիւնն ու երկրի բարգաւաճումը։

Ես ուրախ եմ եւ երախտապարտ, որ համաժողովրդական շարժումը դրական տրամադրութիւն ստեղծեց եւ յոյս ներշնչեց մեր ժողովրդին, սակայն փոխանակ այդ յոյսը, վստահութիւնն ու դրական տրամադրութիւնն ուղղւէր ի նպաստ պետականութեան ամրապնդմանը, օգտագործւեց ի նպաստ ներկա իշխանաւորների կայացմանն ու ինքնահաստատմանը։

Ամփոփելով՝ կուզեմ ասել այն, ինչ միշտ եմ ասել։ Պետական, քաղաքական եւ մասնաւորապէս հայ յեղափոխական գործչի համար իշխանութեան գալը ոչ թէ նպատակ, այլ միջոց պէտք է լինի, միջոց՝ ծառայելու Հայաստանի Հանրապետութեանը եւ հայ ազգին, որպէսզի վերջապէս ունենանք ամուր պետութիւն եւ ժողովուրդ, որը հարուստ է մտքով ու հոգով։ Հայ յեղափոխականն իր ազատատենչութեամբ եւ տեսլականով, ոչ մի ջանք չխնայելով, պէտք է հաւատարիմ լինի Հայաստանի հողին եւ հայ ազգին։

Ինչպէս տեսնում էք, նկարում ծառ է՝ այնպիսի ծառ, որն ունի այն բոլոր յատկանիշներն ու հարստութիւնը, որ պէտք է իր հետ բերի մաքուր եւ անկեղծ նպատակով առաջացած ցանկացած յեղափոխութիւն։ Այդ յատկանիշերն են՝ առողջությւն, հզօրութօւն, շէնութիւն եւ, վերջ ի վերջոյ, արժանապատիւ կեանք։

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։