Հա

Հասարակական

08/12/2018 - 14:20

ՄԱԿ. «Տարեվերջին համացանցի օգտատէրերի թիւն առաջին անգամ կը գերազանցի աշխարհի բնակչութեան կէսին»

Մարդկութիւնը կարեւոր քայլ է արել դէպի ինկլիւզիւ տեղեկատւական հասարակութիւն. 2018 թւականի վերջին աշխարհում կը լինի համացանցի 3.9 միլիարդ օգտատէր, այսինքն՝ մոլորակի բնակչութեան կէսից աւելին: 

«alikonline.ir» - Մարդկութիւնը կարեւոր քայլ է արել դէպի ինկլիւզիւ տեղեկատւական հասարակութիւն. 2018 թւականի վերջին աշխարհում կը լինի համացանցի 3.9 միլիարդ օգտատէր, այսինքն՝ մոլորակի բնակչութեան կէսից աւելին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Ժնեւում յայտարարել է Էլեկտրակապի միջազգային միութիւնը (ԷՄՄ), որը ՄԱԿ-ի մասնագիտացւած հիմնարկութիւն է:

«ԷՄՄ-ի գնահատումների համաձայն՝ 2018 թւականի վերջին Երկրագնդի բնակչութեան 51.2 տոկոսը կամ 3.9 մլրդ. մարդ համացանցի օգտատէր է լինելու»,- ասւած է հաղորդագրութեան մէջ: 

Արդիւնաբերապէս զարգացած երկրներում , ԷՄՄ-ի տւեալներով, համացանցի օգտատէրերի թիւը 2005 թւականից 50.3 տոկոսից աւելացել է մինչեւ 80.9 տոկոս: Զարգացող երկրներում աճն այդ ժամանակաշրջանում աւելի արագ է եղել՝ 7.7 տոկոսից մինչեւ 45.3 տոկոս, այդ թւում՝ աֆրիկեան երկրներում՝ 2.1 տոկոսից մինչեւ 24.4 տոկոս: ԱՊՀ-ի տարածաշրջանում 2018 թւականի վերջին համացանցի օգտատէրեր կը լինեն բնակիչների 71.3 տոկոսը, Հիւսիսային ու Հարաւային Ամերիկայում՝ 69.6 տոկոսը, արաբական երկրներում՝ 54.7 տոկոսը: 

Ինչպէս նշում է ԷՄՄ-ն, այժմ «Երկրագնդի գործնականում ողջ բնակչութիւնը՝ 96 տոկոսը, ապրում է շարժական թւային ցանցի հասանելիութեան գօտում»: «3G»-ի կամ աւելի արագագործ ցանցի միջոցով ինտերնետ մուտքի հնարաւորութիւն ունի մոլորակի բնակիչների 90 տոկոսը: Համակարգիչներ կան զարգացած երկրների 83.2 տոկոս եւ զարգացող երկրների 36.3 տոկոս ընտանիքներում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։