Հա

Հասարակական

12/12/2018 - 13:50

Թոմ Քաթինան նշանակւել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրները յայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնութեան նախագահ դառնալու մասին:

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրները յայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնութեան նախագահ դառնալու մասին:

Ինչպէս «Արմէնպրեա»-ին տեղեկացրին «IDeA» հիմնադրամի հանրային կապերի բաժնից, նշանակման մասին ազդարարւել է Բեռլինում անցկացւող «Aurora Dialogues» քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունէութեան շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագոյն ներկայացուցիչների ներգրաւումը, աշխատանքն աշխարհասփիւռ գործընկերների հետ, «Աւրորա»-ի կրթական եւ հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառեալ միջազգային ճանաչում ունեցող «Աւրորա» մրցանակը։ «Աւրորա»-ն ստեղծւել է երեք տարի առաջ եւ այդ ժամանակից ի վեր մեծ ազդեցութիւն ունեցել տեղահանւած անձանց, հակամարտութեան գօտիներում գտնւող երեխաների, փախստականների, միգրանտների եւ այլ խոցելի իրավիճակներում յայտնւած քաղաքացիների կեանքում։ 2016 թ.-ից «Աւրորա» մրցանակը շուրջ 3.3 միլիոն դոլար է շնորհել մերօրեայ հերոսներին` մարդասիրական օգնութեան 11 ոլորտներում աջակցել 23 նախագծերի իրականացմանն՝ ամբողջ աշխարհում։ Այս տարի «Աւրորա» մրցանակն օգնել է աւելի քան 375 հազար ռոհինջա փախստականների։ Մինչ օրս «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը երախտագիտութեան եւ այլ կրթաթոշակներ է յատկացրել հակամարտութեան գօտիներից 62 ուսանողի, ինչը նրանց թոյլ է տւել կրթութիւն ստանալ Միաւորւած աշխարհի քոլեջների (UWC) միջազգային ցանցում եւ Հայաստանի ամերիկեան համալսարանում։

2017 թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Աւրորա» մրցանակի դափնեկիր հռչակւեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 2008 թ․-ից լինելով մշտական ներկայութիւն ունեցող միակ վիրաբոյժը «Գթութեան մայր» հիւանդանոցում, որի համահիմնադիրն է: Նա սպասարկել է աւելի քան կէս միլիոն մարդկանց՝ բուժօգնութիւն տրամադրելով թէ՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիւանդներին, թէ՛ պատերազմի վիրաւորներին։ Վերջին տասը տարիներին Քաթինան բնակւում է Սուդանի պատերազմական գօտում, որտեղ մարդասիրական օգնութիւնն արգելւած է։ Տեղացիների շրջանում նա յայտնի է որպէս «բժիշկ Թոմ»։ Թոմ Քաթինան գործունէութիւնն այժմ շարունակելու է իբրեւ նոյն հիւանդանոցի բժշկական գծով տնօրէն՝ աշխատելով բժիշկների անձնակազմի հետ, որոնց ֆինանսաւորում է Կաթոլիկ բուժառաքելութեան խորհուրդը՝ Աֆրիկեան առաքելութիւնների առողջապահական հիմնադրամի հետ համագործակցութեամբ։ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան կազմում ստանձնած նոր պարտականութիւններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ եւ աշխատել Նուբա լեռներում։

«Մենք շատ ուրախ ենք ողջունել նախաձեռնութեան առաջին նախագահին։ Թոմ Քաթինան իրապէս մարմնաւորում է «Աւրորա»-ի ոգին, որն առաջ մղելու շարժիչ ուժը կը լինի՝ օգնելով հասցնել մեր մարդասիրական առաքելութիւնը դրա կարիքն ունեցողներին եւ երախտագիտութիւն յայտնել նրանց, ովքեր դրական փոփոխութիւն են բերում։ Հաճելի է, որ 2017 թ․ «Աւրորա» մրցանակի դափնեկիրն այս կազմակերպութեան առաջին նախագահն է»,- ասւած է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրների համատեղ յայտարարութիւնում։

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նորանշանակ նախագահ բժիշկ Թոմ Քաթինան ասաց․ «Ինձ համար մեծ պատիւ է գլխաւորել «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը։ Ես երախտապարտ եմ այն ազդեցութեան համար, որ «Աւրորա» մրցանակն ունեցաւ իմ կեանքում, ինչպէս նաեւ «Գթութեան մայր» հիւանդանոցին տրամադրւած ֆինանսական աջակցութեան համար․ այն Սուդանում օգնեց փոխակերպել Նուբայի ժողովրդի կեանքը։ Ես հաւատում եմ այսօրւայ կարեւորագոյն մարտահրաւէրներին ուղղւած մարդասիրութեան պարզ, բայց հզօր ուժին եւ իմ նոր դերում հաւատարիմ կը մնամ «Երախտագիտութիւնն՝ ի գործ» գաղափարին՝ սատարելով «Աւրորան»-ին օգնութեան ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիք ունեն սեփական ապագան ստեղծելու»։

2015 թ․ «Time» ամսագիրը Քաթինային ճանաչել է աշխարհի «100 ամենաազդեցիկ մարդկանցից» մէկը։ Նրան պատւաւոր դոկտորի կոչում են շնորհել ԱՄՆ Բրաունի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանները։ Նախկինում ռազմական վիրաբոյժ է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերում։

«Աւրորա»-ի ղեկավար թիմում եւս մւկ փոփոխութիւն է տեղի ունեցել․ նախաձեռնութեան գործառնութիւնների գծով տնօրէն է նշանակւել Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն Հայկ Դեմոյեանը, որը 2011-2015 թթ. եղել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղարը։ Հայկ Դեմոյեանը հեղինակ է հայերէն, ռուսերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով լոյս տեսած բազմաթիւ մենագրութիւնների եւ գիտական յօդւածների։

 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան մասին 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը, որն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների, ձգտում է հնարաւորութիւն տալ մերօրեայ հերոսներին՝ կեանք եւ յոյս պարգեւել նրանց, որոնք մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրութեան շղթան աշխարհով մէկ: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը գործով արտայայտւած երախտագիտութիւն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի յիշատակ ութ տարի տեւած Հայոց Ցեղասպանութեան՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կեանքը` կը նպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կը բարելաւեն առաւել կարիքաւոր եւ աղքատ մարդկանց կեանքը: Սա իրագործւում է նախաձեռնութեան տարբեր ծրագրերի օգնութեամբ՝ «Աւրորա» մրցանակ, «Aurora Dialogues» քննարկումների շարք, «Աւրորա» մարդասիրութեան ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Վարդան Գրեգորեանի, Նուբար Աֆէեանի եւ Ռուբէն Վարդանեանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդէն միացել են աւելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնութիւնն իր շուրջ է հրաւիրում բոլորին, ովքեր ողջունում են նւիրւածութունը մեր համընդհանուր մարդկայնութեանը: 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ներկայացւած է երեք կազմակերպութիւնների կողմից՝ «Aurora Humanitarian Initiative» հիմնադրամ (Նեւ Եօրք, ԱՄՆ), «100 Lives» հիմնադրամ (Ժնեւ, Շւէյցարիա) եւ «IDeA» հիմնադրամ (Երեւան, Հայաստան):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։