Հա

Հասարակական

26/12/2018 - 14:40

Ո՞վ է քաւութեան նոխազ նշանակւելու

Վերջին 30 տարւայ ընթացքում Հայաստանում բազմաթիւ յանցագործութիւններ են կատարւել՝ քաղաքական սպանութիւններ, հանրային ունեցւածքի իւրացումներ, սեփականութեան վերաբաշխումներ, պատերազմի ընթացքում զանգւածային մարադիորութիւն, դաշտային հրամանատարների կասկածելի մահեր, ընտրական կեղծիքների միջոցով իշխանութեան զաւթումներ, յաւելագրումներ, արհեստական մենաշնորհներ, պետական հովանաւորչութիւն, տնտեսական յանցագործութիւններ, անարդար դատավարութիւններ եւ այլն։ Այս ցուցակը կարելի է երկար թւարկել։

Ստեփան Դանիէլեան

 

Վերջին 30 տարւայ ընթացքում Հայաստանում բազմաթիւ յանցագործութիւններ են կատարւել՝ քաղաքական սպանութիւններ, հանրային ունեցւածքի իւրացումներ, սեփականութեան վերաբաշխումներ, պատերազմի ընթացքում զանգւածային մարադիորութիւն, դաշտային հրամանատարների կասկածելի մահեր, ընտրական կեղծիքների միջոցով իշխանութեան զաւթումներ, յաւելագրումներ, արհեստական մենաշնորհներ, պետական հովանաւորչութիւն, տնտեսական յանցագործութիւններ, անարդար դատավարութիւններ եւ այլն։ Այս ցուցակը կարելի է երկար թւարկել։

Խօսքը գնում է ծանրագոյն յանցագործութիւնների մասին, որոնց մասնակցել են հազարաւոր մարդիկ։ Դա կատարւել է մեր բոլորի ներկայութեամբ, իսկ մամուլը ընթերցողներին գրաւելու համար դրանք լուսաբանել է։ Սա է այն իրականութիւնը, որից մենք փորձում ենք ազատւել «Նոր Հայաստան» ստեղծելու համար, սակայն «Նոր Հայաստանն» այդ իրականութեան նկատմամբ պէտք է վերաբերմունք ձեւաւորի, առանց որի ատելութեան մթնոլոտի թափանիւը չի կարող կանգնել եւ խոստացւած «սիրոյ եւ հանդուրժողականութեան» մասին կարգախօսը կը շարունակի վերածւել «ատելութեան եւ վրէժխնդրութեան»։

Սակայն ո՞րն է այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը, պարզ չէ։ «Ուղիղ ժողովրդավարութեան» միջոցով դատարաններին, որոնք աւելի են վարկաբեկւել նոր իշխանութիւնների պոպուլիզմի հետրանքով, եկել է փոխարինելու փողոցային արդարադատութիւնը։

Երեսուն տարւայ անօրինականութիւնը, որը կարող է հարցականի տակ դնել պետական մարմինների լեգիտիմութիւնը եւ այդ ընթացքում ընդունւած օրէնսդրութիւնը, մարդկանց սեփականութեան լեգիտիմութիւնը, ծանրագոյն խնդիր է եւ մենք պէտք է դրա լուծումը գտնենք։ Հանրութիւնն այդ համատարած անարդարութիւնների ու յանցագործութիւնների համար, որոնց ժամանակ հարիւր հազարաւոր ընտանիքներ են տուժել, մեղաւորներ է փնտրում, ինչը բնական է։

Ժամանակին որպէս քաւութեան նոխազ էր ընտրւել Վանօ Սիրադեղեանը, սակայն նա կտրականապէս հրաժարւեց այդ դերը կատարել․ «Ես քաւութեան նոխազ չեմ դառնայ, եթէ գնամ, շատերին եմ հետս տանելու»։ Այսինքն մեղաւորները շատ են եւ ինքն իր վրայ ամբողջ մեղքը չի վերցնելու եւ չի դառնալու քաւութիւն նոխազ։ Եթէ պատասխանատւութեան խնդիր է առաջացել, ապա միւսները նոյնպէս պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն՝ իւրաքանչիւրն իր արածի համար։

Սակայն քաւութեան նոխազի՝ սակրալ զոհի, իմաստն այն է, որ նա իր մէջ ակումուլացնում է բոլորի մեղքը եւ դրանով կանգնեցնում համատարած վրէժխնդրութիւնը։ «Զոհը» կարող է լինել խորհրդանշական, կարող է եւ լինել կոնկրետ անձ։

 

Ազազէլի նոխազը

Հին Կտակարանի Ղեւտական գրքում ներկայացւում է քաւութեան նոխազի՝ սակրալ զոհի, նպատակը։ «Ահարոնը երկու նոխազի համար վիճակ պէտք է գցի. մի վիճակը Եհովայի, միւսը՝ ազազելի համար։ Ահարոնը պէտք է մօտեցնի այն նոխազը, որը վիճակով կընկնի Եհովայի համար, եւ մատուցի որպէս մեղքի ընծայ։ Իսկ այն նոխազը, որը վիճակով կընկնի ազազելի համար, պէտք է կենդանի կանգնեցւի Եհովայի առաջ, որպէսզի դրա համար քաւութիւն արւի, և ազազելի համար այն կարձակւի դէպի անապատ։ Ահարոնն իր երկու ձեռքերը պէտք է դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրայ խոստովանի Իսրայէլի որդիների բոլոր անօրէնութիւնները, նրանց բոլոր յանցանքներն ու բոլոր մեղքերը, դրանք պէտք է դնի նոխազի գլխին եւ նշանակւած մարդու ձեռքով այն դէպի անապատ արձակի։ Նոխազը նրանց բոլոր անօրէնութիւնները կտանի դէպի ամայի երկիր. այդպէս նրա նոխազը դէպի անապատ կարձակի»։

Ըստ մեկ վարկածի, Ազազէլը անապատում գամւած դեւն է, միւսով՝ Ազազէլ էին անւանում այն ժայռը, որից ցած էին գլորում նոխազին։ Երբեմն Ազազել են անւանում նաեւ քաւութեան նոխազ ընտրւած այծին։ Նոխազի վրայ է դրէում «Իսրայէլի որդիների բոլոր անօրէնութիւնների» մեղքը։

Ըստ փիլիսոփա Ռընէ Ժիրարի տեսութեան, սակրալ զոհաբերութիւնը հանրութեանը փրկում է համատարած բռնութեան եւ վրէժխնդրութեան վտանգից։

Ուլին անապատ ուղարկելը խորհրդանշում է բոլոր մեղքերից մաքրւելը եւ հետագայում կատարւելիք մեղքերից խուսափելու համար ապաշխարհելը։ Ուլն իր վրայ է վերցնում մեղքերը՝ միւսներին ազատագրելով այդ մեղքերից։

 

Սակրալ զոհի նշանակութիւնն ըստ Ռընե Ժիրարի

Ֆրանսիացի փիլիսոփա եւ մշակութաբան Ռընէ Ժիրարը կրօնի եւ բռնութեան մասին յայտնի տեսութեան հեղինակն է։ Իր «Քաւութեան նոխազ» մենագրութիւնում սակրալ զոհաբերութիւնը դիտարկում է նոր տեսանկիւնից։ Նա ստեղծել է ամենաազդեցիկ տեսութիւններից մէկը, որի փոխկապակցում է կրօնը եւ բռնութիւնը, ըստ որի ծիսական զոհաբերութիւնը նա դիտարկում է որպէս մշակույթի եւ հանրութեան համար կարեւորագոյն գործողութիւն։

Ըստ նրա, բռնութիւնը ծնում է վրէժխնդրութիւն։ Վրէժխնդրութիւնը վարակիչ երեւոյթ է։ Ծիսականացրած մեղքերի թողութիւնը, քաւութեան նոխազի տեսքով, մարդկանց ազատում է փոխադարձ վրէժխնդրութիւնից։ Պատահական չէ, որ հրեաների մօտ կայ միմեանց ներելու, այդ թւում նաեւ պարտքերի համար, ծիսական օր։ Երբ հրեաների հետ որեւէ ողբերգութիւն է կատարւում, առաջին հերթին իրենք իրենց են մեղադրում՝ դա համարելով իրենց մեղքերի հատուցում։

Ըստ Ժիրարի, հանրութիւնը բռնութեան թափանիւից ազատելու, մեղքերի թողութեան և միմեանց ներելու համար օգտագործւում է քաւութեան նոխազի ծիսական արարողութիւնը։ Ըստ նրա, «այծը» պէտք է միաժամանակ «մեզանից» մէկը լինի՝ միեւնոյն ժամանակ լինելով նաեւ «օտար»։ Ամէն մի հասարակութիւն իւրովի է լուծում այդ խնդիրը։ Նա պէտք է «մեզանից» մէկը լինի, որովհետեւ «մեր» ապաշխարանքի համար է նա ընտրւում եւ միեւնոյն ժամանակ պէտք է լինի «օտար», որպէսզի իր մէջ ակումուլացնի մեղքերը՝ «մեզանից» հեռացնելով պատասխանատւութիւնը։ Կարող է լինել նաեւ կոլեկտիւ «նոխազ»՝ որեւէ էթնիկ խումբ կամ ենթախումբ, որի դերը եւրոպական շատ երկրներում հրեաներն էին կատարում, կամ հայերը՝ Օսմանեան Թուրքիայում։ Քաւութեան նոխազի շնորհիւ ընդհանրական մեղքը դրւում է որեւէ անձի կամ մարդկանց խմբի վրայ՝ միւսներին ազատելով պատասխանատւութիւնից։

Պատահական չէ, որ առաջին նախագահի շրջապատը պարբերաբար թիրախաւորում է ղարաբաղցիներին՝ դրանով փորձելով իրենց սխալներն ու մեղքերը դուրս գրել նրանց վրայ։

Որոշ աֆրիկական երկրներում սպանում էին գահընկեց արւած թագաւորին կամ ցեղապետին, կամ էլ բոլորի ներկայութեամբ նրան «լողացնում» կղանքի մէջ։ Նախկին առաջնորդից ազատւելով՝ նրանք դուրս են գրում իրենց բոլորի կողմից կատարւած սխալները։ Համատարած անօրինականութեան պայմաններում անգամ լռելն ու համակերպւելը նոյնպէս մեղք է։

Քաւութեան նոխազի անհրաժեշտութիւնն առաջանում է յատկապէս ճգնաժամային իրավիճակներում, երբ թուլանում են հանրային ինստիտուտները եւ նրանց վրայ մեծանում է ամբոխի ճնշումը։ Քաւութեան նոխազի պատիժը պատժից ազատում է միւս դերակատարներին, հագուրտ է տալիս ամբոխի վրէժխնդրութեանը եւ հանրութեան համար հանգստութեան բերում՝ նրանց ազատելով սեփական մեղքերից։

Ըստ Ժիրարի, կրօնը մարդկանցից «վերցնում» է վրէժի իրաւունքը, այն դարձնում անանձնական ու խորհրդանշական եւ ծիսակատարութեան միջոցով հանրութեանը ազատում փոխադարձ վրէժխնդրութեան արիւնալի թափանիւից։ Ժիրարը գրում է, որ հասարակութեան էւոլիւցիայի ընթացքում մարդիկ, ծիսակատարութիւնից անցում կատարելով աշխարհիկ ինստիտուներին, հեռանում են բռնութիւն կատարելու անհրաժեշտութիւնից, սակայն բռնութեան ծարաւը դրանով չի վերանում, քանի որ բռնութեան պահանջմունքը ցանկացած պահ կարող է վերակենդանանալ։

Քրիստոնէութիւնը, բնականաբար նաեւ յուդայականութիւնը, քաւութեան նոխազի ինստիտուտի միջոցով փորձում է մարդկանց զերծ պահել բռնութեան թափանիւի վտանգից, այն դարձնելով ծիսական։ Քրիստոնէութիւնը մի քայլ առաջ է անցել յուդայականութիւնից՝ համարելով, որ Յիսուսն ինքակամ իր վրա է վերցրել բոլորի մեղքերը եւ ինքը վերջին քաւութեան նոխազն է։ Դա քրիստոնէական սիրոյ գաղափարի հիմքն է։

 

Բռնութեան ծարաւը Հայստանում

Քաղաքականութեան մէջ քաւութեան նոխազի նշանակումը նաեւ կարեւոր քարոզչական դերակատարութիւն ունի։ Քաւութեան նոխազի ընտրութիւնն ու պատիժը միաժամանակ կարող է ծառայել որպէս գործող իշխանութեան լեգիտիմացման միջոց, նաեւ որպէս կոլեկտիւ յանցագործութիւններից ազատելու ինստիտուտ։

Աշխարհիկ եւ իրաւական երկրներում հանրութեան համար կրօնը կորցրել է իր սակրալ գործառոյթը եւ ճգնաժամային իրավիճակներում, երբ դատական համակարգը թուլացած եւ վարկաբեկւած է, առաջ է գալիս փողոցային արդարադատութեան սպառնալիքը, որը կարող է ծնել վրէժխնդրութեան մի երկար շղթա։

Հայաստանի նոր իշխանութիւնը հաստատւել է նախկինների քննադատութեան շնորհիւ եւ հանրութիւնը սպասում է արդարութեան վերականգմանը եւ մեղաւորների պատժին։ Սակայն մեղաւորները հազարաւոր մարդիկ են եղել եւ ակտիւացած հանրութեան սպասելիքները բաւարարելու համար իշխանութիւնը քաւութեան նոխազներ է որոնում։ Դա ծուղակ է նրանց համար. եթէ դա չանի, ապա կորցնում է իր հանրային լեգիտիմութիւնը, որովհետեւ իշխանութեան է եկել դրանք բացայայտելու խոստումով, իսկ պատժել բոլորին՝ նա անկարող է։ Վերացական «անցումային դատավարութիւնը» փշրւում է, երբ փորձում են ներկայացնել դրա իրաւական հիմքերը։

Քարոզչական արդադատութիւնը չի կարող լուծում տալ իրավիճակին։ Իւրաքանչիւրը պէտք է պատասխան տայ դատարանում, ըստ օրէնքի եւ կոնկրետ իր արարքների համար եւ արդարադատութիւնը չի կարող լինել ընտրովի, քաւութեան նոխազի նշանակման տեսքով։

Ոչ ծիսական, անձնաւորւած քաւութեան նոխազը յետ կրօնական հասարակութիւնում կարող է իսպառ քայքայել արդարադատութեան ինստիտուտը։

«hetq.am»

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։