Հա

Հասարակական

27/12/2018 - 09:50

Կոտորւած ազգի ընտրեալ պատգամաւորները

Մենք բաւարար չափով չենք տիրապետում Հայոց Ցեղասպանութեան ընթացքում տեղի ունեցած դէպքերի, այդ ժամանակւայ քաղաքական, տնտեսական, մշակութային ու աշխարհագրական իրավիճակի վերաբերեալ տեղեկութիւնների:

Հայկօ Բաղդատ

 

Մենք բաւարար չափով չենք տիրապետում Հայոց Ցեղասպանութեան ընթացքում տեղի ունեցած դէպքերի, այդ ժամանակւայ քաղաքական, տնտեսական, մշակութային ու աշխարհագրական իրավիճակի վերաբերեալ տեղեկութիւնների:

Ընդհանուր առմամբ, հայերի մասին մեր (հեղինակը նկատի ունի թուրք հասարակութեանը- «Ակունք»-ի խմբ.) ընկալումը հետեւեալն է. հայերն արժանի էին այն ամէնին, ինչ եկաւ նրանց գլխին, հանգիստ չմնալու պատճառով պետութեան կողմից «այսպէս ասած» աքսորի են ենթարկւել, արտաքին ուժերի հետ համագործակցելով` դաւաճանել են, գլուխները քոր էր գալիս, տեղացի, բայց օտար դաւաճան տարրեր են եղել։

Այս տեսակէտն այն հազւագիւտ «պետական ստերից» մէկն է, որ Թուրքիային յաջողւել է պահպանել 100 տարի։ Հայկական ինքնութեան մասին թուրքի գլխում պատկերւած սատանայի նկարագիրը հետեւեալն է` «ռուսական համազգեստ հագած դաւաճան»…

Անցնենք այն հարցին, թէ ինչո՞ւ այդ ժամանակաշրջանի հայկական գիւղերում պաշտպանւելու անհրաժեշտութիուն առաջացաւ, ովւմ դէմ էին նրանք փորձում կազմակերպւել, ե՞րբ ինքնապաշտպանութիւնը օրինականութիւն ձեռք բերեց։ Ներկայիս քրդերը լաւ են հասկանում այդ իրավիճակը։

Սակայն անմիջապէս ուղղենք այդ ընկալումները։ Հայերն այդ ժամանակ, ներկայիս ընկալումների համաձայն, չէին դիտարկւում որպէս «օտար», ընկերնե՛ր։ Նրանք բնիկներ էին, որոնք իրենց ուժերի ներածին չափով ձգտում էին դուրս գալ թէ՛ հայրենիքին, թէ՛ հայերին պատած մղձաւանջից։ Երբ արելքում աւազակախմբերը սպանում էին հայերին, արեւմուտքում մեր ընտրյալները մեծ ջանքեր էին գործադրում ու փորձում դադարեցնել այդ ամէնը։

Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնն էլ նոր պետութեան հիմնադրման ուղղութեամբ ջանքեր գործադրելիս անհնարին էր համարում հայերի հետ խաղաղութիւնը։ Առանց հայերի երկիր պէտք է ստեղծւէր, քանի որ շանս չկար, թէ հայերն ու թուրքերը «միասին» խաղաղութեան մէջ կապրեն։ Մինչ այդ օրը կատարւած դաժանութիւնները, արիւնահեղութիւնը խաղաղութեան կոչ անողներին անգամ դժւար վիճակի մէջ էր գցել։

Կամաց-կամաց արեւելքում տարածւող սպանութիւնների, աճող բռնութեան դէմ ըմբոստների ձայները սկսեցին ճնշել։ «միասին կարող ենք ապրել» ասող եւ Ստամբուլում գտնւող պատգամաւորների ձայները:

Ովքե՞ր էին այդ մարդիկ։ Հայերը ի՞նչ մակարդակով էին ներկայացւած մեջլիսում։ Ներկայիս ԺԴԿ-ի հետ համեմատելի ուժեր կային արդեօ՞ք։

Ներկայացնենք…

 

Օսմանեան կայսրութեան հայ նախարարները

Գրիգոր Աղաթոն` Հանրային աշխատանքների նախարար (1868),

Դաւիթ Կարապետ փաշա՝ Հեռագրութեան գլխաւոր տնօրէն (1861), Հանրային աշխատանքների նախարար (1868),

Անտոն Թընգըր Եաւէր փաշա՝ Փոստի ու հեռագրութեան նախարար (1868, 1875),

Յակոբ Քազազեան՝ Գանձապետարանի փոխնախարար (1880) (Օսմանեան կայսրութիւնում փադիշահի յատուկ եկամտի ու ծախսերի համար պատասխանատու նախարարութիւն), Ֆինանսների նախարար (1886),

Գաբրիէլ Նորատունկեան՝ Հանրային աշխատանքների նախարար (1908), Արտաքին գործերի նախարար (1912),

Պետրոս Հալաճեան՝ Հանրային աշխատանքների նախարար (1909),

Գրիգոր Սինափեան էֆենդի՝ Հանրային աշխատանքների նախարար (1912),

Օսկան Մարտիկեան էֆենդի՝ Փոստի, հեռագրութեան ու հեռախոսակապի նախարար (1913)։

 

Օսմանեան պատգամաւորների պալատի հայ պատգամաւորները

Էրգանիից՝ Ստեփան Չըրաջըեան էֆենդի,

Էրզրումից՝ Գարեգին Փասթրմաճեան էֆենդի,

Էրզրումից՝ Վարդգէս Սերենգիւլեան էֆենդի,

Գալիպոլիից՝ Թրաեան Նարլը էֆենդի,

Հալէպից՝ Արթին Պոշկեզենեան էֆենդի,

Ստամբուլից՝ Պետրոս Հալաճեան էֆենդի,

Ստամբուլից՝ Գրիգոր Զոհրապ էֆենդի,

Իզմիրից՝ Ստեփան Սպարտալեան էֆենդի,

Իզմիրից՝ Վահան Պարտիզպանեան,

Քոզանից՝ Համբարձում Բոյաջըեան էֆենդի,

Մարաշից՝ Վահան էֆենդի,

Մուշից՝ Գեղամ Տէր-Կարապետեան,

Սւասից՝ Կարապետ Փաշաեան էֆենդի,

Սւասից՝ Նազարէթ Տաղաւարեան էֆենդի,

Թեքֆուրդաղըից (Թեքիրդաղ)՝ Յակոբ Պապիկեան էֆենդի,

Թեքֆուրդաղըից (Թեքիրդաղ)՝ Յակոբ Բոյաջըեան էֆենդի,

Վանից՝ Վահան Փափազեան էֆենդի,

Վանից՝ Վիրմիոն էֆենդի։

Այնուհետեւ եղաւ այն, ինչ եղաւ։ «Խաղաղութեան գործընթացն» այնպիսի զարգացում ունեցաւ, որ հայերն անպաշտպան մնացին վերջին մեծ կոտորածից առաջ։ «Ապստամբութեան» պատրւակի տակ սպանեցին զէնք բռնել կարողացող բոլոր հայերին։

Ռազմական օջախներում, թուրքական բանակում ծառայող զինւորների մի մասին սպանեցին՝ «հայ» լինելու պատճառով։ Երբ հերթը հասաւ անպաշտպան մնացած ժողովրդին, ընդհանրապէս չխղճացին ու սրի քաշեցին ամբողջ ժողովուրդին։ Բռնագրաւեցին նրանց ունեցւածքը, խլեցին երեխաներին։

Անատոլիան «հայաթափւեց»…

Այնքան մեծ ոճիրներ գործւեցին, որ «հայ» բառը ջնջւեց յիշողութիւնից։

Այդ ամէնից անցել է 100 տարի։ Եթէ հիմա Կայսերիում (Կեսարիա-«Ակունք»-ի խմբ.) բնակվող մի երիտասարդ թուրքի ասես. «Այն գիւղը, որտեղ ապրում ես, հնում հայկական գիւղ է եղել», թողնենք այն, որ նա չգիտի էլ այդ մասին, նա կը հանի ատրճանակն ու կը կրակի ձեզ վրայ՝ ինքն անգամ պատճառը չիմանալով։ Թուրքական պետութիւնը 100 տարի անց անգամ «սպիտակ բերետաւոր» է (ինչպէս յայտնի է, Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթը սպանութեան օրը սպիտակ կեպի էր կրում. հեղինակը նկատի ունի, որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը ներկայում եւս ազգայնական է-«Ակունք»-ի խմբ.), քանի որ իրագործւած սպանութիւնների հետ չի առերեսւել: Այդ պատճառով էլ վերստին սպանելը դժւար չի եղել նրա համար։

Այսինքն՝ ընկերնե՛ր, այն տարածքում, որտեղ ապրում ենք, խորհրդարանում, որտեղ քաղաքականութեամբ ենք զբաղւում, բանակում, որտեղ ծառայում ենք, նահանգապետարանում, մարզպետարանում, ոստիկանութիւնում հայերին կոտորելուց, նրանց գոյութեան մասին մոռացնել տալուց յետոյ հսկայական գերեզմանոցի վրայ «նոր հայրենիք» հիմնադրած մեղսագործների ուրւականն է շրջում։

Խորհրդարանում նոյնիսկ ապահով չէք։ Սելահաթթին Դեմիրթաշի ձերբակալութիւնը նման է Գրիգոր Զոհրապին լռեցնելուն։ ԱՄՆ-ի՝ շրջանից յետ քաշւելն ու քուրդ ժողովրդին կատաղած ամբոխի մէջ թողնելը, կարելի է  ասել, որ նման է «քրդերի համար ապրիլքսանչորսեան որոշումներ» ընդունելու նախօրեակին։ Քրդերը այն ժամանակւայ հայերի նման են արտայայտւում արդէն. «Աշխարհը դա թոյլ չի տայ», «Մեր ժողովուրդը այսքան տարւայ ձեռքբերումներով աւելի վատ վիճակի մէջ չի ընկնի», «Շրջանում ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունենք», «Մեր քաղաքներում կենդանի քուրդ երիտասարդ չթողեցին», «Մեր պատգամաւորները դեռ ինչերից են խօսում, թող թողնեն, գան մեզ մօտ…»։

Պետութիւնը եւ անգամ ընդդիմութիւնն արդէն այն ժամանակւայ նման են արտայայտւում. «Քրդերն այլեւս շատացել են», «Ամերիկեան համազգեստը հագել ու թուրք զինւորներին են սպանել», «Այս խնդիրն արդէն արմատապէս պէտք է լուծենք», «Գլուխները քոր է գալիս», «Սրանց ներկայութիւնը խորհրդարանում հարամ է»։

Ի վերջոյ, երբ սպանութիւնները, ճնշումները, աքսորը, աղէտները այսքան շատ են, խորհրդարանի բազկաթոռները կրակ են դառնում։ Եթէ արեւելեան խելքն սկսել է անիմաստ համարել արեւմտեան ընտրեալների խօսքերը, ուրեմն վիճակը վատ է։

Կարոն վերջերս ձեզ ծանօթացրել էր մի ժամանակ այս շարքերում նստած` ժողովրդի ներկայացուցիչ հայերի հետ։

Այդ անունների ու ամբողջ հայ ժողովուրդի սպանւելու մասին բոլո՞րդ էք բաւականաչափ լսել արդեօք։

Թարգմանեց Անի Մելքոնեանը

«akunq.net»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։