Հա

Հասարակական

03/01/2019 - 12:00

Յայտնի հայեր, որոնց կորցրինք 2018-ին. «Rusarminfo»-ի անդրադարձը

2018 թւականին հայ ժողովուրդը հրաժեշտ տւեց մշակոյթի, արւեստի ու սպորտի հանրայայտ գործիչների, որոնք յաւերժ կը մնան սերունդների յիշողութեան մէջ: 

«alikonline.ir» - 2018 թւականին հայ ժողովուրդը հրաժեշտ տւեց մշակոյթի, արւեստի ու սպորտի հանրայայտ գործիչների, որոնք յաւերժ կը մնան սերունդների յիշողութեան մէջ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Rusarminfo»-ն՝ յիշելով 2018-ին կեանքից հեռացած մեծանուն հայերին:

 

Ալբերտ Մկրտչեան

Փետրւարի 28-ին՝ իր 81-ամեայ յոբելեանից մէկ օր անց, կեանքից հեռացաւ կինոյի եւ թատրոնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչեանը: Հայ եւ խորհրդային ռեժիսորը նկարահանել է այնպիսի յայտնի ու սիրւած ֆիլմեր, որոնցից են «Խոշոր շահումը» (1980), «Հին օրերի երգը» (1982), «Մեր մանկութեան տանգոն» (1985), որոնցում գլխաւոր դերակատարմամբ հանդէս է եկել նրա եղբայրը՝ Մհեր Մկրտչեանը:

 

Նիկոլայ Նիկողոսեան

Օգոստոսի 10-ին Մոսկւայում կեանքի 100-րդ տարում մահացել է քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսեանը: Ծնւած լինելով Արմաւիրի մարզում՝ Նիկողոսեանը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արւեստում: Նրա աշխատանքները զարդարում են Կուդրինսկայա հրապարակի բարձրայարկ շէնքը, ինչպէս նաեւ Վարշաւայում Գիտութեան եւ մշակոյթի պալատի ճակատամասը: Հայաստանում Նիկողոսեանը կանգնեցրել է Միքայէլ Նալբանդեանի, Աւետիք Իսահակեանի, Մովսէս Խորենացու յուշարձանները: Նիկողոսեանի մահւան յաջորդ օրը կեանքից հեռացել է նրա կինը՝ Էթերին:

 

Շառլ Ազնաւուր

Հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի իր տանը մահացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը: Երգչի հոգեհանգիստը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը, որտեղ հրաժեշտ են տալիս բացառիկ ճանաչում ունեցող ֆրանսիացիներին: Աշխարհահռչակ շանսոնիէի յիշատակը յարգել են աշխարհի տարբեր երկրներում:

 

Արա Գիւլէր

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մահացել է հայազգի նշանաւոր լուսանկարիչ Արա Գիւլէրը, որը յայտնի էր «Ստամբուլի աչք» անունով: Նա կեանքից հեռացաւ 90 տարեկանում: Գիւլէրը ֆոտօ-հարցազրոյցներ է վերցրել այնպիսի յայտնի մարդկանցից, ինչպիսիք են Վինստոն Չերչիլը, Սալւադոր Դալին, Պաբլօ Պիկասոն, Ինդիրա Գանդին:

 

Իւրի Վարդանեան

Կեանքի 63-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է լեգենդար խորհրդային մարզիկ Իւրի Վարդանեանը: Հանդէս գալով 82.5 կգ. քաշային կարգում՝ 1980-ին Վարդանեանին յաջողւել է երկու վարժութեան հանրագումարում 400 կգ. բարձրացնել՝ հինգ համաշխարհային ռեկորդ սահմանելով:

 

2018-ին կեանքից հեռացել են նաեւ հայ եւ խորհրդային էստրադային երգչուհի Նադեժդա Սարգսեանն ու «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։